Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանին չի կարելի տեղաշարժել մարտական պոստից. «Հայոց աշխարհ»

Մարտ 08,2014 10:30

Սկսեմ նրանից, որ համացանցից չեմ օգտվում, ճիշտ ինչպես որ չեմ օգտվում համակարգչից։ Իմ բոլոր գրքերը, հոդվածները, «Կիլիկիա» եւ «Արմենիա» նավերից  ուղարկված ռեպորտաժները տպված են գրամեքենայով, որին վաղուց փաղաքշանքով կոչում եմ «Երկաթե լեդի»։
Սա ասում եմ հասկանալի դարձնելու համար, որ պատկերացում չունեմ, թե ինչ են գրում այնտեղ՝ այդ նույն համացանցում, որն ինչ-որ մեկն անվանել է «համաշխարհային աղբացանց»։ Սակայն ինձ հաճախ հեռախոսով հայտնում են իմ մասին այնտեղ տեղադրված այս կամ այն տեղեկատվության մասին։ Որպես կանոն, չեմ արձագանքում։
Բայց ահա վերջերս ինձ ասացին, թե համացանցի պղտոր ջրերում տեղեկատվություն է լողում, թե ես, իբր, առաջարկում եմ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին նշանակել վարչապետ։ Ընդ որում՝ հավելում են նաեւ, իբր, «ինչի՞ս է պետք վարչապետը, եթե ես նախագահ ունեմ»։ Այ այսպե՛ս։ Շա՜տ հետաքրքիր է։
Հենց այդ պատճառով էլ որոշեցի բացառության կարգով այս անգամ արձագանքել։
Եվ այսպես. Սեյրան Օհանյանի մասին։ Ահա արդեն համարյա քառորդ դար է, ինչ Վազգեն Սարգսյանի եւ Սերժ Սարգսյանի թեթեւ ձեռքով ինձ անվանում են մեր բանակի կոմիսար։ Ես հասկանում եմ, որ դա իմ զինակիցների բարի կատակն է։ Ոչինչ ավելի։ Սակայն իրոք ինձ համարում եմ եթե ոչ կոմիսար, ապա հավերժական շարքային՝ մշտական ծառայության մեջ։
Իսկ եթե դա այդպես է, եւ դա իրոք այդպես է, ապա ինչո՞ւ պետք է վնաս հասցնեմ մեր բանակին։ Ինչո՞ւ պետք է ցանկանամ փոխել պրոֆեսիոնալ զինվորականին, որն ավարտել է ռազմական ուսումնարանը (ճակատագրի հեգնանքով՝ Բաքվում), դարձել պրոֆեսիոնալ կադրային ռազմական մասնագետ։ Ծառայել է (ճակատագրի երջանիկ կամոք) Ստեփանակերտի 366-րդ մոտոհրաձգային գնդում։ Եվ որպես վաշտի հրամանատար է դիմավորել Ղարաբաղյան շարժման մեկնարկը։
Նրա սխրանքների մասին շատ եմ գրել իմ «Դժոխք եւ դրախտ» գրքում։ Գրել եմ նաեւ, որ պատերազմի թեժ պահին՝ Ֆիզուլիի ուղղությամբ Սեյրանը Արցախի զինված ուժերի շտաբի պետն էր։ Եվ կռվում էր այն ժամանակ արդեն անդամահատված ոտքով։ Արցախի պաշտպանության նախարար։ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ։ Հայաստանի պաշտպանության նախարար։ Եվ, ուրեմն, ինչո՞ւ պետք է ես, կրկնում եմ, վնաս հասցնեմ մեր բանակին։
Ինչո՞ւ այդպիսի զինվորին, սպային, ընդհանրապես՝ Աստծո տված զինվորականին, վերջիվերջո՝ գեներալ-գնդապետին այսքան լուրջ, եթե չասենք՝ ռազմավարական առումով վտանգավոր մի ժամանակ, այսպես ասած, պոկել մարտական պոստից։ Ինչո՞ւ։ Եվ որտեղի՞ց վերցրին ու ինձ վերագրեցին այդ միտքը, այդ անհեթեթ գաղափարը։ Ո՞վ է իրավունք տվել ինձ վերագրել այն, ինչի մասին ես երբեք չեմ խոսել եւ չէի կարող խոսել։
Ինչ վերաբերում է նրան, թե «ի՞նչ վարչապետ, երբ ես նախագահ ունեմ»-ին, ապա դա արդեն ճիշտ է։ Եվ իրոք, ինչի՞ս է պետք։ Չէ՞ որ ըստ էության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, եթե օգտվենք զազրախոսների տերմինաբանությունից, նույնպես «իմն էր»։ Չհամաձայնելով նրա, այսպես ասենք՝ գաղափարախոսությանը (թեեւ նա դեմ էր այդ տերմինի իմաստին ու էությանը), ես ծառայում էի նրան, չնայած նախագահական ընտրությունների ժամանակ նրան դեմ էի քվեարկել։

 

Զորի ԲԱԼԱՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվահամարում: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31