Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության պետը քաղաքացու հանդեպ հոգատար վերաբերմունք և որակյալ աշխատանք պահանջեց

Մարտ 13,2014 16:54

Մարտի 12-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը մարզային հանդիպումների ծրագրի շրջանակում այցելեց Վայոց ձորի մարզ և հանդիպումներ ունեցավ ոստիկանության մարզային վարչությունում ու մարզպետարանում:

Ոստիկանության մարզային վարչությունում անցկացրած խորհրդակցությունը նվիրված էր բարեփոխումների ծրագրով նախատեսված առաջնահերթ խնդիրներին: Ոստիկանության պետը, մասնավորապես, պահանջեց ակտիվացնել աշխատանքը ոստիկանի նոր մտածողության ու կերպարի ձևավորման ուղղությամբ, քաղաքացու հետ հարաբերություններում բացառել ցանկացած անթույլատրելի դրսևորում, գործնական պարապմունքների ընթացքում բարձրացնել անձնակազմի մասնագիտական ու ծառայողական պատրաստականության մակարդակը:

Անչափահասների հետ տարվող աշխատանքների կապակցությամբ ոստիկանության պետը նշեց, որ դպրոցներում առկա է այն արատավոր երևույթը, երբ դասի չհաճախող կամ ընդհանրապես հանրապետությունից բացակայող աշակերտը դասարանից դասարան է տեղափոխվում և հասունության վկայական ստանում, ինչը խեղում է պատանու հոգեբանությունը և զինվորական ծառայությունից խուսափելու հնարավորություն ստեղծում: Վլադիմիր Գասպարյանը պահանջեց անզիջում լինել նման դրսևորումների հանդեպ:
Ոստիկանության պետը քաղաքացու հանդեպ հոգատար վերաբերմունք և որակյալ աշխատանք պահանջեց հատկապես հասարակությանը ծառայություն մատուցող ստորաբաժանումների՝ համայնքային ոստիկանության, անձնագրային, հաշվառման-քննական բաժինների, ճանապարհային ոստիկանության աշխատակիցներից:
Վերլուծելով հանցագործությունները հաշվառումից թաքցնելու և բռնությամբ ցուցմունքներ կորզելու արատավոր պրակտիկայի դեմ պայքարի դրական դինամիկան՝ ոստիկանության պետը նկատեց, որ, չնայած ձեռքբերումներին, դեռևս անբավարար է ոստիկանության հանդեպ հասարակության վստահության աստիճանը: Եվ, որպես օրինակ, Վլադիմիր Գասպարյանը նշեց այն իրողությունը, որ որոշ տուժողներ խուսափում են ոստիկանություն դիմելուց:

Անդրադառնալով Ջերմուկ քաղաքում ծառայության կազմակերպման առանձնահատկություններին՝ ոստիկանության պետը կարևորեց այնտեղ պարեկապահակետային ծառայության՝ «հրեշտակների» դասակի կազմավորման անհրաժեշտությանը. ծառայողները կունենան բարձրագույն կրթություն, կտիրապետեն օտար լեզուների, առաջին բուժօգնության միջոցներին և այլն:

vayoc dzor-01

Խորհրդակցությունից հետո Վլադիմիր Գասպարյանը մարզպետարանում հանդիպում ունեցավ Վայոց ձորի համայնքների ղեկավարների հետ:

Ոստիկանության պետն անդրադարձավ գյուղապետերի հետ աշխատանքի կազմակերպման, որսագողության դեմ համատեղ պայքարի, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, միջպետական և համայնքային ճանապարհների նշագծման ու մի շարք այլ խնդիրների, որոնց լուծման գործում ակնկալվում է սերտ աշխատանք տեղական ինքնակառավարման մարմինների հետ:
Վլադիմիր Գասպարյանը կարևորեց հատկապես ապօրինի զենք-զինամթերքի առգրավման հրատապությունը և գյուղական շրջաններում ոստիկանության ծառայության առանձնահատկություններն ու հողագործ մարդու հանդեպ առանձնակի վերաբերմունքի անհրաժեշտությունը:

Վլադիմիր Գասպարյանը հավաստեց, որ ձեռնարկվում են բոլոր միջոցները հասարակության հետ աշխատանքն ավելի սերտացնելու, համատեղ գործողությունները համակարգելու և հետադարձ կապն ապահովելու ուղղությամբ:
Հանդիպման ավարտին գործնական խոսակցություն ծավալվեց ոստիկանությանն ու համայնքներին հուզող հրատապ հարցերի շուրջ, որոնցից մի քանիսին հենց տեղում տրվեցին լուծումներ:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31