Լրահոս
Օրվա լրահոսը

Բնության սիրահարը

Ապրիլ 04,2014 13:53

Օրերս Ավ. Իսահակյանի անվան գրադարանում կայացավ բնախույզ գրող, լրագրող Սուրեն Հայրապետյանի «Բնության ձայնին ունկնդիր» գրքի շնորհանդեսը: Գրքի խմբագիրը Վանիկ Սանթրյանն է, որը առաջաբանում մեջբերել է լրագրող, գրող եւ մանկավարժ Ալբերտ Փարսադանյանի խոսքերը հեղինակի մասին. «…Սուր դիտողականությամբ նա կարողանում է ոչ միայն թափանցել բնության գաղտնարանները, այլեւ բնատուր գրչով եւ լուսանկարչի զարմանալի վարպետությամբ որսալ պահեր, որոնք ինքնին խոսուն են, առանց մեկնաբանության փոքրիկ նովելներ են ու պատմվածքներ…Ուշադիր նայիր այդ լուսանկարներին, ու դրանք «կխոսեն» բարության, գեղեցկության, լույսի, հույսի ու հավատի, կյանք կոչվող մեծագույն արարման մասին, քո մեջ ջերմություն եւ սեր կբոցավառեն դեպի այն ամենը, ինչով մենք ուրախ ենք ու երջանիկ»:

Ինչ վերաբերում է Սուրեն Հայրապետյանին, նա էլ գրում է. «Որքա՜ն բազմաբովանդակ եւ անընդգրկելի է մեզ շրջապատող աշխարհը: Ապրում ես, թվում է՝ շատ բան գիտես քեզ տեսանելի բնության շարժուն ու անշարժ հրաշալիքների մասին, այնինչ որքան իմանում, այնքան ավելի ես համոզվում, որ ակնդրածից, ընկալածից առավել բազմապատիկ են դեռեւս քողարկվածը, չուսումնասիրվածը, անբացատրելին… Երբ զրուցակից չունես, քեզ հասկացող բանական ընկեր չունես, կիսվիր հող ու ջրի, ծառ ու ծաղկի, թեկուզեւ՝ քարուքռայի հետ, եւ կզարմանաս, թե գիտելիքների այդ շտեմարանները, հետաքրքիր ու ձգողական շատ ու շատ բաներ կողքիդ, ո՞նց է, որ առաջներում չես նկատել… Բնության մեջ ավելորդ ոչինչ չկա: Բնության ռիթմիկ շնչառությունը նրա հավասարակշռությունն է ապահովում: Եվ այդ հավասարակշռության մեջ ինչպիսի՜ աննկարագրելի հույզեր ու զգացմունքներ»:

Սուրեն Հայրապետյանի «Բնության ձայնին ունկնդիր» գրքում բացառիկ լուսանկարներ են զետեղված, նաեւ անվանի մարդկանց կարծիքները՝ հեղինակի մասին:

Հավելենք, որ Սուրեն Հայրապետյանը հեղինակ է շուրջ 2500 տպագիր նյութերի, հեռուստա եւ ռադիոհաղորդումների, մեկ տասնյակ գրքերի թարգմանությունների, ինչպես նաեւ մեկ վավերագրական գրքի համահեղինակ:

Սեփ. լր.

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930