Լրահոս
Օրվա լրահոսը

Նյու Յորքի եւ Դուբայի Արտ-բիենալեների հիմնադիրը կգա Հայաստան

Ապրիլ 04,2014 14:11

ՀՀ վաստակավոր նկարիչ Աննա Հարությունյանի կայքից  տեղեկացանք, որ ապրիլի կեսերին առաջին անգամ Հայաստան կժամանի Նյու Յորքի եւ Դուբայի Արտ-բիենալեների հիմնադիր տնօրեն Պիետրո Ֆրանեսին:

«Առավոտի» հետ զրույցում Աննա Հարությունյանը նախ ասաց, որ հանրահայտ երկու բիենալեների տնօրենը որդեգրել է գերնպատակ՝ աշխարհով մեկ շրջել, փնտրել ու գտնել բարձրարվեստ նկարիչների, որոնք աչքի են ընկնում նաեւ մարդկային ազնիվ որակներով: Մեր զրուցակիցը փաստեց, որ առաջին դեպքը չէ, երբ ճանաչված միջոցառումների կազմակերպիչները կայքի միջոցով ծանոթանում են ոչ միայն իր աշխատանքներին, այլեւ առաջարկում համագործակցություն: Նա հիշեց, որ Շվեյցարիայի Լոկարնո քաղաքից 2011թ. ինքը անհատական ցուցահանդեսի հրավեր էր ստացել: «Արդեն պայմանավորվածություն եմ ձեռք բերել շուրջ 25 նկարիչների հետ, որոնց ներկայացրած արվեստի շնորհիվ մաեստրո Ֆրանեսին կընտրի օգոստոսին Դուբայում եւ 2015թ. աշնանը Նյու Յորքում կայանալիք բիենալեներին մասնակից հայ նկարիչներին: Անձամբ ինձ ոգեւորեց այն, որ մեր հյուրը ցանկություն է հայտնել այցելել Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիա»,- ասաց Աննա Հարությունյանը: Հավելեց նաեւ, որ ինքը կայանալիք երկու բիենալեների հայաստանյան ներկայացուցիչն է: Ինչ վերաբերում է Պիետրո Ֆրանեսիի կազմակերպած բիենալեներին, Աննա Հարությունյանի ձեւակերպմամբ, «Տնօրենը բիենալեներին հրավիրում է աշխարհի լավագույն կոլեկցիոներներին, որոնց հետաքրքրությունների կիզակետում նոր անուններն են, իսկ ընտրված նկարչի հետ կնքվում է պայմանագիր՝ 3-5 տարի ժամկետով»:

Anna-Harutyunyan-2

Աննա Հարությունյանի
«Ու կյանքը սկսվեց» գործը:

 

Կինոարվեստի «Օսկար» մրցանակաբաշխությանը համազոր Վենետիկի (2009թ.), Չինաստանի (2012թ.) բիենալեների մասնակից մեր զրուցակիցը հայտնեց, որ յուրաքանչյուր արվեստագետի համար պատիվ է ներկայացնել իր երկիրը, հենց բիենալեների ժամանակ են ձեռք բերվում «բանավոր» եւ «գրավոր» համաձայնություններ կամ լավագույն աշխատանքները կազմակերպիչների ընտրությամբ տեղ են գտնում շքեղ կատալոգում:

Ի դեպ, Աննա Հարությունյանի «Ու կյանքը սկսվեց» աշխատանքը Չինաստանում կայացած բիենալեին, որին մասնակցում էր մոտ 300 նկարիչ՝ շուրջ 90 երկրից, տեղ է գտել կատալոգի առաջին էջերում: Անդրադառնալով վենետիկյան բիենալեին, նկարիչը հավաստիացրեց, որ հայկական սրահը դիտելուց հետո արտերկրացիները, այդ թվում՝ մասնագետները, իրենց հիացմունքն արտահայտում էին ծափերով ու բրավոներով. «Օրինակ՝ գերմանական սրահում ցուցադրված էին կատուների խրտվիլակներ, Շվեդիան ներկայացրել էր միայն մերկ տղամարդկանց լուսանկարներ: Ուզում եմ ասել, որ եթե սա դիտենք իբրեւ մոդեռն արվեստ, ապա մասնագետները իսկապես կարոտ են շփվելու թեկուզ մոդեռնացված, բայց իրական արվեստի հետ»:

Անդրադառնալով բիենալեներին հայ արվեստագետների մասնակցությանը՝ հետաքրքրվեցինք, թե աջակցո՞ւմ են ՀՀ մշակույթի նախարարությունը կամ Նկարիչների միությունը: «2003-2010թթ. ղեկավարել եմ Նկարիչների միության երիտասարդական միավորումը, հետո միությունն ինձ վանեց, գոնե վրձնակիցներիս համար հասկանալի պատճառով՝ ես չափից ավելի ակտիվ եմ: Ինչ վերաբերում է մշակույթի նախարարության հետ համագործակցությանը, ապա համագործակցության արդյունքում 2009թ. Շուշիում իրականացվեց առաջին երիտասարդական «Հայաստան-Արցախ» սիմպոզիումը, հետո Շորժայի համանուն միջոցառումը, կոնկրետ ինձ նախարարությունն աջակցություն է ցուցաբերել՝ Վենետիկում, Շվեյցարիայում եւ այլուր ցուցադրվելու համար»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930