Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է աշխատունակ, բանիմաց ու պահանջկոտ մի գործիչ, որ տեղը հանգիստ չի նստի. «Հայոց աշխարհ»

Ապրիլ 09,2014 11:30

Իրականում շա՛տ կարեւոր է, թե ինչ կարգի գործիչ է լինելու հաջորդ վարչապետը:

Երկրի ու տնտեսության վիճակը նկատի ունենալով՝ պետք է նախընտրելի լինի տնտեսությունից ոչ միայն դասագրքերով, այլեւ գործնականում գլուխ հանող, կամային բնավորությամբ, համարձակ, բայցեւ փորձառու մեկը, որին ռուսերեն բառով սովորաբար բնորոշում են որպես «խոզյայստվեննիկ»: Նման դեպքերում նախընտրելի պետք է դիտել մի այնպիսի թեկնածուի, որ «ոտքով-գլխով» մտնի իր գործի մեջ, չշեղվի զանազան «պալատական պատմությունների» վրա:

Կարճ ասած, պետք է աշխատունակ, բանիմաց ու պահանջկոտ մի գործիչ, որ տեղը հանգիստ չի նստի, մյուսներին էլ դադար չի տա, մինչեւ առաջադրված այս կամ այն խնդիրը լիարժեք չլուծվի:

Օրերս Կենտրոնական բանկում խորհրդակցության ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը մասնավորապես նշել էր. «Կարծում եմ, որ նոր կառավարությունը պետք է կարողանա ապահովել տնտեսական աճ, բարեփոխումների շարունակականություն, նոր կառավարությունը պետք է կարողանա վերականգնել մեր քաղաքացիների վստահությունը բարեփոխումների եւ իր գործունեության նկատմամբ: Սրանք այն նվազագույն խնդիրներն են, որ նոր կառավարությունը պետք է կարողանա լուծել»:

Ընդհանուր մոտեցումը, ըստ այդմ, տեսանելի է: Բայց եթե նվազագույն խնդիրները լավ են մեկնակետի համար, ապա որպես նպատակակետ նոր կառավարությունն ու հաջորդ վարչապետը պետք է ունենան առավելագույն խնդիրներ: Իսկ առավելագույնների շարքում առաջնայինը սոցիալական կացությունն է՝ աղքատություն, գործազրկություն, գնողունակություն, աշխատավարձերի ու կենսաթոշակների չափերը եւ այսպես շարունակ:

Մեդալի մյուս կողմում ներդրումների ներգրավման, արտադրական կարողությունների ավելացման, աշխատատեղերի ստեղծմանը նպաստելու, սղաճը պահանջվող նիշի վրա պահելու եւ նմանօրինակ բազմաթիվ խնդիրներն են: Այդ խնդիրներն էլ յուրովի արտացոլում են հասարակության հիմնական ակնկալիքները, որ ունեն հաջորդ նոր վարչապետից, ի վերջո իշխանություններից. տնտեսական դրական տեղաշարժ, սոցիալական վիճակի նկատելի բարելավում:
Հարկավ, թե՛ քաղաքական շրջանակները, թե՛ գործարարները, թե՛ հասարակության տարբեր խավերն իրենց պատկերացումներն ու ակնկալիքներն ունեն ապագա վարչապետի առումով, այս դեպքում՝ անկախ նրանից, թե ով կլինի:
Հաջորդ վարչապետը, նախ, զուտ քաղաքական տեսանկյունից, ցանկալի է, որ կարողանա տարբեր ուժերի ներկայացուցիչներին համախմբել: Այսինքն՝ կարողանա որոշակի կայունացնող, հավասարակշռող դեր խաղալ երկրի քաղաքական կյանքում: Վերացական բան չենք ասում, այլ ոչ վաղուցվա անցյալի փորձից ելնելով ու հիշելով լուսահոգի Անդրանիկ Մարգարյանին, որ նման ազդեցություն ուներ: Այսինքն՝ կարեւոր է, որ վարչապետը կարողանա արդյունավետ աշխատել ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր ուժերի հետ:

Եթե հպանցիկ դիտարկենք չինովնիկական բազմության ենթադրելի ակնկալիքները, ապա դրանց շարքում առաջիններից մեկը, թող զարմանալի չթվա, կարող է լինել այն, որ «ամեն ինչ մնա այնպես, ինչպես միշտ»: Ի վերջո, միջին օղակների ղեկավարների բազմությանը դա ձեռնտու է. ամեն մեկն ինչ-որ կերպ հարմարվել է, ամեն մեկն ինչ-որ տարբերակներ է գտել, որոնց նրբություններին պարբերաբար տեղեկանում ենք Վերահսկիչ պալատի հաշվետվություններից ու ոչ միայն:

Նման իրավիճակում, թե կուզեք, վարչապետը պետք է այդ չինովնիկական, կներեք, ջրափոսը նետված ծանրակշիռ քար լինի, որ իրար կտա անշարժության եւ անգործության մատնված բազմությանը: Այլ կերպ ասած, շատ կարեւոր է, որ ապագա վարչապետը կարողանա վերահսկել իր անմիջական ենթականերին այնպես, որ նրանք վստահ լինեն՝ պետական միջոցների հետ «խաղեր» չեն կարող «խաղալ»:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930