Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Էրդողանի հայտարարության հասցեատերը հայերը լինեին, այն Google translate-ով թարգմանված չէր լինի

Ապրիլ 25,2014 12:26

«Այս հայտարարությունը հենց այնպես գրված հայտարարություն չէր, նրա վրա երկար աշխատել են, երկար պատրաստել են, եւ փաստացի նա ինչ-որ չափով արտահայտում է Թուրքիայի քաղաքականությունը ցեղասպանության հարցում, ժխտողականության նրանց հետագա բոլոր գործիքները»,- այսօր՝ ապրիլի 25-ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, հայտարարեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Քաղաքագետը չի բացառում, որ Թուրքիայի իշխանությունները առաջիկա տարվա ընթացքում նման հայտարարություններով հանդես կգան՝ ցույց տալով խնդրի քննարկման պատրաստակամություն միջազգային հանրության առջեւ փորձել փաստացի լղոզել հարցի էությունը. «Բոլորիս համար հասկանալի է, որ Թուրքիան բավականաչափ ժամանակ ուներ իր արխիվները մաքրելու եւ հնարավորինս մաքուր ներկայանալու աշխարհին: Իսկ ինչ վերաբերվում է պատմաբանների հանձնաժողովի ստեղծման նրա առաջարկին՝ պետք է ասել, որ հայկական կողմը կարող է համաձայնել դրան, բայց մեկ պայմանով, եթե կլինի ճանաչում, եւ հանձնաժողովը կուսումնասիրի բացառապես ցեղասպանության կատարման պատճառները, մեխանիզմները, բայց ոչ երբեք կասկածի տակ դնի ցեղասպանության եղելությունը»:

Այն փաստը, որ հայտարարությունը տարածված էր ութ լեզուներով, քաղաքագետը համարում է, որ խոսում է այն մասին, որ հասցեատերը ամենեւին էլ հայերը չէին, այլ՝ միջազգային հանրությունն էր, քանի որ Էրդողանը ցանկանում է քննարկումները տանել իրենց հարմար ուղղությամբ. «Եթե հասցեատերը լինեին հայերը, առնվազն հայերեն տեքստը գրական կլիներ, ոչ թե Google translate-ով կամ նման ինչ-որ արհեստական միջոցով թարգմանված. Վերջին հաշվով խոսքը գնում է վարչապետի հաղորդագրության մասին, այն էլ՝ «աննախադեպ»:

Հրանտ Մելիք-Շահնազարյանը համարում է, որ Հայկական հարցը դարձել է քաղաքական գործոն, որն առկա է Թուրքիայի թե՛ Հայաստանի եւ թե՛ Արեւմուտքի հետ հարաբերություններում: Նա նշեց, որ Արեւմուտքը Հայկական հարցը ցանկանում է պահել միայն որպես Թուրքիայի վրա ճնշում կատարելու միջոց,. «Նույն Եվրամիության անդամակցության զսպող մեխանիզմներից մեկը Հայկական հարցն է եւ Թուրքիան ցանկանում է ամեն ինչ անել, որ վերջնականապես ձերբազատվի այդ ճնշման մեխանիզմից»:

Ըստ նրա՝ Թուրքիան հասկանում է, որ ցեղասպանության հարցը լինելու է առաջիկա տարվա հիմնական միտումներից մեկը եւ այդ իսկ պատճառով փորձում է օր առաջ ցույց տալ այն ուղենշերը, որոնց շրջանակում ցանկանում է տեսնել հարցի քննարկումը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930