Լրահոս
Օրվա լրահոսը

«Աստված ձեր միտքը լուսավորի». Ցուցարարների մաղթանքը՝ Աշոտյանին

Ապրիլ 29,2014 19:31

ԿԳՆ-ի դիմաց հավաքված մանկավարժներն ու «Դեմ եմ» նախաձեռնության անդամներն այսօր նախարարության շենքի մոտից հեռացան «Աշոտյան, ամոթ» վանկարկելով:

Հավաքվածներին այդպես էլ չհաջողվեց տեսնել Արմեն Աշոտյանին բակում, ինչպես իրենք էին պահանջում: Նախարարության աշխատակիցներից մեկը ցուցարարներին ասաց, որ նախարարը շենքի հետնամուտքից հեռացել է:

«Գողից ոչ մի բանով չեն տարբերվում, որովհետեւ գողեգող փախան եւ մեզ՝ մանկավարժներիս, այստեղ թողեցին առանց մեր հարցերի պատասխանի»,-դժգոհեց մանկավարժներից մեկը:

Նախարարին տեսնելու հույսը կորցրած ցուցարարները որոշեցին իրենց պահանջները գրավոր հանձնել ու սպասել նախարարի գրավոր պատասխանին:

Ակտիվիստներն էլ հեգնեցին՝ facebook-ով պատասխանի չենք սպասում, պահանջում ենք անջատել նախարարության ինտերնետը: Մանկավարժների գրավոր պահանջը նախարարին փոխանցելու համար մոտեցավ ԿԳՆ ներկայացուցիչ Արթուր Բաղդասարյանը: Ցուցարարները նրանից հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ աշխատանքային ժամին նախարարը տեղում չէ: Պարոն Բաղդասարյանը չպատասխանեց այդ հարցին, ինչպես նաեւ լրագրողների ճշգրտող հարցին, թե իսկապես նախարարը հետնամուտքով դուրս է եկել շենքից, թե՝ ոչ:

Նա գնալուց առաջ մանկավարժներին հիշեցրեց, որ նրանց հետ հանդիպման նախարարի առաջարկն ուժի մեջ է. «Կտանք մեր հեռախոսահամարը, կզանգեք, կկազմակերպենք հանդիպում»:  Մանկավարժները, ցույց տալով բակը, կրկին պնդեցին. «Մենք նրան սպասում ենք միայն այստեղ»:

«Մենք ձեր տված հեռախոսահամարով կզանգեք ու կխնդրենք, որ իջնի ներքեւ»,- պատասխանեց մանկավարժներից մեկը:

«Դեմ եմ» նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանն էլ նկատեց. «Պարոն նախարար, ձեր այսօրվա պահվածքով ձեր իրական վերաբերմունքը փաստեցիք կրթության եւ գիտության ոլորտի աշխատակիցների հանդեպ: Ու դրանով չեք էլ գիտակցել, որ լուրջ հնարավորությունից եք զրկել գոնե facebook-ի մակարդակով գեղեցիկ, ամպագոռգոռ ու իբրեւ թե հարգալից ստատուսներ գրելուց, հիմա դա էլ չեք  կարող անել, դրանից էլ ձեզ զրկեցիք: Հաջողություն ձեզ, Աստված ձեր միտքը լուսավորի»:

Մանրամասները շուտով` տեսանյութում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930