Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմա ինչո՞ւ է Րաֆֆի Հովհաննիսյանը «լեգիտիմացնում ԲՀԿ-ի մուտքը՝ ընդդիմադիր դաշտ»

Մայիս 05,2014 12:56

Ընդամենը 2 տարի առաջ, երբ միասնական շտաբում ԲՀԿ-ի հետ ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն փորձում էին համագործակցել, «Ժառանգությունը» մեղադրում էր այդ ուժերին՝ ԲՀԿ-ի մուտքն ընդդիմադիր դաշտ լեգիտիմացնելու համար: «Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն անընդունելի էր համարում այն, որ ԲՀԿ-ն ներկայանա որպես նոր ընդդիմություն. «Այդ գործընթացի լեգիտիմացումը մեզ համար անընդունելի է»:

Այսօր «Ժառանգությունն» ինքն է համագործակցում նույն ԲՀԿ-ի հետ՝ լեգիտիմացնելով նրա մուտքը ընդդիմադիր կամ ոչ իշխանական դաշտ:

Aravot.am-ը այս առնչությամբ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ Դուք քառյակի հետ համագործակցությամբ չե՞ք լեգիտիմացնում ԲՀԿ-ի մուտքը ընդդիմադիր դաշտ: Նա պատասխանեց. «Համագործակցող 4 խմբակցություններն ամեն մեկն ունի իր յուրահատուկ հետագիծը: Մենք համաձայն չենք եղել յուրաքանչյուրի հետ այս կամ այն հարցում, եղել են նաեւ քննադատություններ ոչ միայն միակողմանի, այլեւ փոխադարձ, բայց եղել է որոշում, որ այդ խորհրդարանական ուժերը համագործակցեն: Ունեցել ենք մտահոգություններ այս կամ այն կուսակցությունների անցյալի, պատմական վարքի հետ, բայց կարծես թե մենք մտել ենք շրջան, որտեղ կա ավելի մեծ խնդիր՝ երկրի իրավականությունը, սահմանադրականությունը վերականգնելը: Եվ արդեն ժամկետները բերում են նրան, որ այս քո հիշեցման արդիականացումը, հարցերի պատասխանը ընդամենը մի քանի շաբաթ անց տեղի կունենա: Կերեւան այն ուժերը, որոնք ընդդիմադիր են եւ պատրաստ են ինքամաքրվել անցյալի վարքից եւ անցնել նոր շրջան, եւ որոնք են նրանք, որ ուղղակի այդ պատրաստակամությունը, ցանկությունն ու ուժը չունեն այդ քայլը կատարելու եւ որոշում են շարունակել՝ ինչպես միշտ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031