Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Թանահատում   պատրաստ են  առանց վարձավճարի  տներ ու հողատարածքներ տրամադրել գյուղում ապրել ցանկացողներին

Մայիս 06,2014 11:30

Սյունիքի  մարզի սահմանամերձ եւ  բարձր լեռնային  գոտում գտնվող Թանահատ գյուղում արդեն երկար ժամանակ է մշտական բնակիչներ չկան: Գյուղապետ Արսեն Օհանյանի խոսքով` ձմռան ամիսներին  առատ տեղումների պատճառով գյուղի ճանապարհը փակվում է, պատասխանատուներն այն չեն մաքրում, մարդիկ էլ ստիպված  տեղափոխվում են  հարեւան գյուղեր, իսկ գարնան ու ամռան սեզոնին կրկին ժամանակավոր հաստատվում Թանահատում:

Գյուղապետի փոխանցմամբ` Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը համայնքներ կատարած այցելությունների ժամանակ եղել է նաեւ Թանահատում,  ծանոթացել գյուղի պայմաններին եւ ներկայիս իրավիճակին ու խոստացել ուշադրության կենտրոնում պահել Թանահատը: «Թանահատն ունի հրաշալի բնակլիմայական պայմաններ մեղվաբուծությամբ, անասնապահությամբ, հողագործությամբ զբաղվելու համար: Պատրաստ ենք մարդկանց անվճար տներ, հողատարածք, խոտատեղ տանք, թող գան մեր գյուղում ապրեն, ոչ մի վարձ չենք վերցնելու, մեծ սիրով նրանց կընդունենք մեր գյուղում: Գյուղատնտեսությամբ զբաղվելու համար հիանալի վայր է Թանահատը, ոռոգման ու խմելու ջրով էլ է ապահովված»,- ասաց Թանահատի գյուղապետ Արսեն Օհանյանը եւ ցավով նշեց, որ 1990-ականներին այդպես էլ չհաջողվեց իշխանություններին համոզել նախկինում ադրբեջանցիներով բնակեցված այս գյուղի  դպրոցը  որպես հայկական դպրոց վերագործարկել: Դպրոցը փակվեց, եւ հայ երեխաներն այդպես էլ գյուղում կրթություն ստանալու հնարավորություն չունեցան: Տարեցտարի դպրոցահասակ երեխաներ  ունեցող ընտանիքներն էլ հեռացան գյուղից` արտագաղթելով Ռուսաստան կամ հաստատվելով Սիսիան քաղաքում ու տարածաշրջանի  գյուղերում:

Գյուղում հունիսի 8-ին համայնքի ղեկավարի ընտրություն  է նշանակված: Գործող գյուղապետը տեղեկացրեց, որ անպայման առաջադրելու է իր թեկնածությունը եւ շարունակելու է պայքարել գյուղի վերաբնակեցման իր ծրագիրն իրականություն դարձնելու  համար:  Այս պահին գյուղում 64 մարդ կա գրանցված, որից 35-ն ընտրելու իրավունք ունի, եւ ընտրությունների ժամանակ տարածաշրջանում բնակվողները գալիս-մասնակցում են քվեարկությանը: Գյուղապետը  նշեց, որ առաջիկա օրերին  առաջադրելու է իր թեկնածությունը, իսկ այլ թեկնածուներ կլինե՞ն, թե՞ ոչ , տեղյակ չէ:

Սյունիքի մարզի թիվ 37 ԸԸՀ-ից տեղեկացանք, որ դեռեւս առաջադրվողներ չեն եղել:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Հետք»-ի:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031