Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեւանա լճից ջրի բացթողումների մասին պատճառաբանությունները անիմաստ եմ համարում» . Ինգա Զարաֆյան

Մայիս 07,2014 17:08

Բնապահպան Ինգա Զարաֆյանը  այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով ապրիլի 29-ին Ազգային Ժողովի ընդունած Սեւանա լճի էկոհամակարգի պահպանման վերաբերյալ օրենքում կատարված փոփոխություններին, որոնց համաձայն  Սեւանա լճից բաց է թողնվելու 70 մլն խմ հավելյալ ջուր,  ասաց, որ պատճառաբանությունները, որ բերվում են, համարում է անիմաստ, իսկ ընդունված օրենքը՝ Արարատյան հարթավայրի խնդիրների կարգավորման հետ որեւէ կապ չունեցող որոշում:

Տիկին Զարաֆյանը չի համարում, որ Սեւանա լճից ջրի բացթողումները պետք է կապել տարվա ընթացքում եղած երաշտի հետ:  Նա հիշեցրեց, որ 2008 թվականին պատճառաբանվել էր, թե Սեւանա լճից ջրի բացթողումները եղել են տարվա ընթացքում երաշտի պատճառով, մինչդեռ Հիդրոմետ ծառայությունից հայտնել էին, որ երաշտ այդ տարի չի եղել: 2011 թվականին կատարած ուսումնասիրությունների մասին խոսելիս՝ Տիկին Զարաֆյանը հայտնեց, որ ջրամբարները նույնպես չեն եղել ջրազրկված. «Այսինքն պատճառաբանել, որ բացթողումները ջրամբարները լցնելու նպատակով էին, անիմաստ եմ համարում»: Տիկին Զարաֆյանի պնդմամբ՝ նույն իրավիճակը կրկնվեց 2013 թվականին եւ  այս տարի. «Ջրպետկոմիտեն կրկնում է, որ պետք է լինի երաշտի տարի եւ ջրերը պետք է ուղղվեն Արարտյան հարթավայր: Այսինքն ոչ մի պատճառաբանություն չկա, սակայն նրանք ամեն տարի նույնը կրկնում են»:

Մանրամասն ՝  շուտով տեսանյութում:

Բնապահպանական փորձագետ Էրիկ Գրիգորյանը նշեց, որ բարեբախտաբար Սեւանա լիճը պաշտպանված է Սեւանի մասին ՀՀ օրենքով, իսկ Արարատյան ավազանը հենց սկզբից որեւէ օրենքով պաշտպանված չի եղել, ու դրա հետեւանքով է, որ ներկայումս առաջացել է այս ճգնաժամային իրավիճակը. «Այս է պատճառը, որ ընդամենը 6-7 տարվա  ավազանը կործանման եզրին է կանգնած: Արարատյան ավազանը այս իրավիճակում է հայտնվել շատ վատ կառավարման պատճառով »:

«Սեւան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանն էլ  իր խոսքում հայտնեց, որ Սեւանը այս տարիների ընթացքում երբեւիցե բացասական բալանս չի գրանցել եւ ջրի բացթողումների հետեւանքով վնաս չի հասցվել  էկոհամակարգին: Նա համոզմունք հայտնեց, որ բացթողումները Սեւանի համար կենսական անհրաժեշտություն ունեն: «Ընդհանրապես Սեւանից բացթողումներ չանելը ճիշտ չի՝ ջրային օրգանիզմները բոլորը հարմարվել են այդ ռեժիմին»:

Տիկին Զարաֆյանը հետաքրքվեց, թե ինչո՞ւ այս 10 տարիների ընթացքում ոչ մի մեխանիզմ չի մշակվել իրավիճակը կարգավորելու համար եւ ինչպե՞ս պետք է փոխհատուցել վնասները. «Սկզբից ասում են պետք է լինի կոմպենսացիա, հետո ասում են կոմպենսացիա չի լինելու»: Տիկին Զարաֆյանը կարծիք հայտնեց, որ ոչ ոք իր վրա պատասխանատվություն չի վերցնում ափամերձ ունեցվածքը փրկելու համար, եւ այս իսկ պատճառով  էլ լճի մակարդակը իջեցնելու կարիք է առաջանում:

Վահե Գուլանյանն էլ, հակադարձելով այն բանին, թե լճի մակարդակը իջեցվում է, որպեսզի ափամերձ տները եւ սեփական տարածքները չմնան ջրի տակ, ասաց, որ ծիծաղելի է համարում ինչ-որ օբյեկտ ջրի տակ չմնալու համար իջեցնել ջրի մակարդակը:

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031