Լրահոս
Օրվա լրահոսը

«Միքայել Ոսկանյան և ընկերները համերգի ամենահետաքրքիր խմբերից մեկն էր» (Տեսանյութ, ֆոտոշարք)

Մայիս 15,2014 17:45

«Միքայել Ոսկանյան և ընկերներ» խումբը որակյալ երաժշտության սիրահարներին արդեն իսկ ծանոթ անուն է: Երկու տարի հայկական երաժշտական աշխարհում գործունեություն ծավալելով, խումբը մեծաքանակ համերգներ է ունեցել Երևանում, համերգով հանդես է եկել Գյումրիում, մասնակցել Kavkaz Jazz Festival -ին, Radio Van Awards-ի կողմից արժանանացել է տարվա լավագույն խումբ մրցանակին և ունեցել համատեղ նախագծեր տարբեր երգիչների հետ:

2013 թվականին «Միքայել Ոսկանյան և ընկերներ» էթնիկ ջազային խումբը էլ. նամակ ստացավ «Made in New York Jazz» մրցույթի կազմակերպիչներից : Մրցույթի հիմնադիր Միխայիլ Բրովկինը ծանոթացել էր խմբի երաժշտությանը համացանցում, հետաքրքրվել և ուղարկել մրցույթին մասնակցելու հրավեր: Խումբը որոշեց մրցույթին մասնակցել և Հայաստանը ներկայացնել Միքայել Ոսկանյանի հեղինակած «Take six »  ստեղծագործությամբ:

Օնլայն քվեարկությունը տևեց մոտ մեկ տարի: Մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել ավելի քան 250 կատարող (մեծ և փոքր խմբեր, կոմպոզիտորներ, մենակատարներ) աշխարհի ամենատարբեր երկրներից: Մրցույթն անցկացվում էր տարբեր անվանակարգերով: Հայկական խումբը, մասնակցելով «small band» անվանակարգում, քվեարկության արդյունքում զբաղեցրեց երկրորդ տեղը բոլոր անվանակարգերի մեջ:

PrevPhoto
NextPhoto

2013 թվականի աշնանը մրցույթն ավարտվեց: Մրցույթի ժյուրին ընտրեց լավագույն եռյակը և այն բոլոր խմբերին, ովքեր պետք է մասնակցեին 2014 թվականի մայիսին Նյու- Յորքում կայանալիք գալա համերգին: Առաջին մրցանակը հանձնվեց Իտալիան ներկայացնող ջազային երգչուհի Անիտա Վիտալեին: Մրցույթի բարձակարգ լինելը բնորոշվում է նրա ժյուրիի անդամներով, ովքեր են՝ շեփորահար Ռենդի Բրեքերը(Randy Brecker), սաքսոֆոնահար Ջո Լովանոն(Jo Lovano) և թմբկահար Լենի Ուայթը (Lenny White), կարճ ասած, համաշխարհային ջազի այսօրվա կենդանի լեգենդները:

«Made in New York Jazz» մրցույթի հրավերքը չէր ապահովում որևէ ֆինանսական աջակցություն: Խումբը, չկարողանալով բաց թողնել Նյու Յորքում հայկական էթնիկ ջազը և հայկական ազգային նվագարանը՝ թառը ներկայացնելու հնարավորությունը, դիմեց ՀՀ Մշակույթի նախարարությանը: Մրցույթի կարևորությունը գիտակցելով ՝ նախարարությունը աջակցեց և հոգաց ճանապարհածախսի հետ կապված բոլոր խնդիրները: Նյու Յորքում խմբի կեցությունը, սնունդն ու տեղաշարժն ապահովեց COAF (Children of Armenia Foundation) հիմնադրամը: Աջակցություն ցուցաբերվեց նաև AGBU-ի և Armenian Network NY-ի կողմից, որոնք ակտիվորեն տեղեկություններ էին տարածում Նյու-Յորքի գալա համերգում խմբի ելույթի մասին: Նրանք համախմբված ներկայացել էին դահլիճ հայկական դրոշով, ջերմորեն ողջունելով խմբի ամբողջ ելույթը:

Վերջապես մայիսի 1-ին խումբը մեկնեց Նյու- Յորք: Մայիսի 3-ին BMCC Tribeca Performing Arts Center համերգասրահում կայացավ Made in New York Jazz Gala Concert -ը: Գալա համերգին մասնակցում էին երաժիշտներ Ռուսաստանից, Հունգարիայից, Չերնոգորիայից, Իտալիայից, Բրազիլիայից, Արգենտինայից և իհարկե ԱՄՆ -ից վերոհիշյալ ժյուրիի հայտնի անդամները, որոնց հետ մեկ բեմում և համատեղ նվագելն արդեն իսկ մեծ երևույթ էր բոլոր այդ մասնակիցների համար:

Հայկական խումբը ներկայացավ երեք ստեղծագործությամբ: Նախ նվագեց Արման Պեշտմալջյանի «Խոնավ քար», հետո Միքայել Ոսկանյանի «Դնգլդվա» ստեղծագործությունները, այնուհետև Չերնոգորիայից ժամանած երաժիշտների հետ համատեղ նվագեցին Խուան Տիզոլի հայտնի «Քարավան» ջազ ստանդարտը: Խմբի մենակատարներից սաքսոֆոնահար Դավիթ Մելքոնյանը նվագակցեց մրցույթի հաղթող Անիտա Վիտալեին, իսկ պերկուսիոնիստ Էդուարդ Հարությունյանը նվագեց Հունգարական խմբի հետ:
Խմբի ելույթը գրավեց և հետաքրքրեց թե հանդիսատեսին, թե մյուս մասնակիցներին և ժյուրիի անդամներին: Ավելին, փորձերի ժամանակ համերգի բոլոր մասնակիցները իրենց հետաքրքրությունն էին ցուցաբերում հայկական էթնիկ ջազի, հայկական ռիթմերի և հատկապես թառ նվագարանի նկատմամբ ՝ նշելով գործիքի հնչողության յուրահատկության մասին:

Գալա համերգը եզրափակվեց բոլոր մասնակիցների ու ժյուրիի անդամների մասնակցությամբ jam session-ով, որտեղ ամեն մեկը ցուցաբերեց իր ջազային իմպրովիզացիոն կարողությունները:

Համերգից հետո խմբին մոտեցել և իր գովասանքի խոսքն է ասել Լենի Ուայթը՝ նշելով, որ Միքայել Ոսկանյան և ընկերները համերգի ամենահետաքրքիր խմբերից մեկն էր: Նման մակարդակի ջազ երաժշտի կարծիքը արդեն իսկ մեծ ձեռքբերում է:

Համերգից հետո խմբի ղեկավար Միքայել Ոսկանյանին տարբեր առաջարկներով դիմել են պրոդյուսերներ, երաժիշտներ և փառատոնների կազմակերպիչներ:
Նյու-Յորքում անցկացրած 7 օրվա ընթացքում խումբը DROM ակումբում ևս մեկ համերգ է ունեցել Նյու-Յորքյան հայ համայնքի համար, այցելել է հայկական եկեղեցի, ծանոթացել թեմի առաջնորդի հետ, մասնակցել Նյու Յորքի հայտնի ջազ ակումբների jam session-երի:

Մամուլի հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031