Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն, «սկվազնյակը», «ռուսիզմը» եւ պետական պարգեւները

Մայիս 15,2014 17:58

«Իմ գործընկեր Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ սովետիզմի հոտ է գալիս, ընդհանրապես, եթե հոտ է գալիս, լուսամուտները բացում ես: Հիմա ես առաջարկում եմ որևէ լուսամուտ բացել, որ էդ գարշահոտը չլինի»,- այսօր խորհրդարանում, «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն`իր դժգոհությունն արտահայտելով «խորհրդային միությունից մնացած ավանդույթին»:

Ալեքսանդր Արզումանյանն ասաց, որ իր առաջարկը բխում է Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր, իր լավ բարեկամ, լուսահոգի Աշոտ Նավասարդյանի մոտեցումներից, որն իր կյանքը նվիրել է խորհրդային ռեժիմի դեմ պայքարին։ «Կարծում եմ՝ կտարակուսեր, որ Հանրապետականը պաշտպանում է նման բան»,-ասաց Ալեքսանդր Արզումանյանը`նկատի ունենալով այն, որ նիստը նախագահող Էդուարդ Շարմազանովն անընդհատ մեկնաբանում էր հարցի վերաբերյալ բացասական կարծիք հայտնողների ելույթները: «Մեկ պատուհան բացելը լավ է, բայց երկուսն է լինում, հնարավոր է «սկվազնյակ» լինի»,- հակադարձեց Էդուարդ Շարմազանովը։
Ալեքսանդր Արզումանյանն այն կարծիքին չէ, որ սա արվեստագետին խրախուսելու ձեւ է, ինչպես իրենց ելույթներում նկատեցին շատ ՀՀԿ-ականներ, այլ խորհրդային կայսրությունում ընդունված «արտիստներին կաշառելու նորմ», որն, ըստ պատգամավորի, ցարական Ռուսաստանից է ժառանգություն մնացել: Այնտեղ ասում էին` «իմպերատորսկի արտիստ»:

Ալեքսանդր Արզումանյանը դեմ չէ լավ արտիստներին շքանշաններ տալուն, դեմ է «ռուսիզմին». «Լավ արտիստի դեմ չեմ սա խոսում, լավ արտիստին կարելի է տալ շքանշան, այն էլ՝ մի քանիսը, հերոսի կոչում կարելի է տալ, Շառլ Ազնավուրին տվեք ցանկացած շքանշան: Երախտագիտության, աշխատանքային վաստակի համար մեդալ՝ դա շատ լավ է, նորմալ է, տվե՛ք, խրախուսե՛ք, ծնողական փառքի մեդալ՝ «орден материнской славы», որ վերանվանվեց «орден родительской славы», ընդ որում՝ եթե չորս երեխա ունես, մեդալ ես ստանում, եթե յոթը՝ «օրդեն»։ Հիմա մենք մի հատ մեդալ ենք ստացել, վեցի դեպքում տալիս ենք: Ռուսիզմ է լրիվ, անհասկանալի է՝ ինչի պիտի մեր բյուջեն ծախս դնի ժողովրդական արտիստին կամ նկարչին ամենամսյա փող տա, ինչի պետք է աշխատավորներն իրենց հարկերից փող փոխանցեն ինչ-որ մեկին, ով թեկուզ շատ հրաշալի արտիստ է»։

Հակադարձելով ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի դիտարկմանն էլ, թե այս առաջարկը եկել է «ներքեւներից», քանի որ տարբեր հանդիպումներում, մարդիկ, ասենք, հարցնում են, թե ինչո՞ւ չկա ժողովրդական ճարտարապետ, բայց ժողովրդական նկարիչ կա, Ալեքսանդր Արզումանյանը տարակուսեց. «Խորացել եք, գնացե՛ք մինչև վերջ, վերցրե՛ք, լրիվ ռուսականը կրկնե՛ք, Ռուսաստանում հրաշալի բաներ կան … 67 կոչում կա Ռուսաստանում, ահռելի երկիր ա, ընտրությունների ժամանակ պետք ա որ շատերը պաշտպանեն, սա գալիս է պաշտպանում սա, մենք էդ ճանապարհով չգնանք»: Պատգամավորը եզրակացրեց, որ վաստակավոր մարդկանց տրվում է կոչում, որ գան, պաշտպանեն ընտրությունների ժամանակ։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031