Լրահոս
Օրվա լրահոսը

Դատական նիստ` նվիրված պզուկին

Մայիս 20,2014 20:30

Բախտագուշակ Վարսիկի որդու դեմ հարուցված քրեական գործով դատական նիստին փորձաքննության միջնորդություն ներկայացվեց պարզելու` տուժողի` Վարսիկի հարսի մարմնի հետքերը պզուկի՞ց են, թե` ծխախոտից:

Այսօր Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում բախտագուշակ Վարսիկի որդու Սարգիս Հակոբյանի դեմ հարուցված քրեական գործով դատական հերթական նիստն էր, որը կարելի է ասել, նվիրված էր պզուկին: Բանն այն է, որ ամբողջ նիստի ընթացքում պաշտպանական կողմը միջնորդությամբ պնդում էր  նորից փորձաքննություն նշանակել, պարզելու` տուժած Հասմիկ Խաչատրյանի մարմնին եղած հետքերը համընկնո՞ւմ են  դաստակի հետքին: Իսկ դաստակի հետքը ծխախոտի այրվածքի հետք է, Aravot.am-ի հետ զրույցում Սարգիս Հակոբյանի պաշտպան Տիգրան Աբրահամյանն ասաց, որ կասկածում են, որ Հասմիկ Խաչատրյանի դաստակի հետքը հենց այրվածքի է, իսկ ավելի կոնկրետ ծխախոտի այրվածքի հետք է: Փաստաբանի խոսքերով` նախորդ նիստերին Հասմիկը ցուցմունք էր տվել, որ բացի թեւին հայտնված պիգմենտավորված հատվածից, մարմնի այլ հատվածներում էլ են հայտնաբերվել նմանատիպ հետքեր, որոնք փորձագետները պարզել են, որ դրանք դաստակի հետքից տարբերվում են, դրանք ֆուլիկուլիտի (չիբան, թարախային բշտիկներ Ն. Բ.) հետքեր են:
hasmik-khachatryan

Դատական նիստի ընթացքում հայցվոր կողմը դեմ արտահայտվեց լրացուցիչ փորձաքննություն անցկացնելու միջնորդությանը, ասելով` որ եթե պաշտպանվող կողմը հիմնավորի թե ինչո՞ւ է անհրաժեշտ փորձաքննությունը, կմտածեն` համաձայնվե՞ն, թե ոչ: Ամբողջ դատական նիստի ընթացքում հայցվոր կողմը  հիմնավորում էր պահանջում, պաշտպանվողն էլ` կրկնում, թե ինչ է ուզում: Միջնորդությունն ի վերջո ընդունվեց, լրացուցիչ փորձաքննություն պետք է անցկացվի, եզրակացությունից հետո նոր դատական հերթական նիստի օր կնշանակվի:

Հիշեցնենք, որ բախտագուշակի որդին պարբերաբար խոշտանգումների է ենթարկել կնոջը` Հասմիկ Խաչատրյանին: Սարգիս Հակոբյանը տարիներ շարունակ կնոջը դաժանաբար ծեծի ենթարկելուց ու հայհոյանքներից բացի, պարբերաբար ծխախոտը հանգցրել է կնոջ մարմնին, անգամ 6-ամյա տղային է ստիպել է թքել մոր վրա եւ բռունցքով հարվածել մոր երեսին: Սարգիս Հակոբյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Դատական նիստի ընդմիջմանը թեթեւակի ընդհարում տեղի ունեցավ Հասմիկ Խաչատրյանին սատարող ակտիվիստների եւ Սարգիս Հակոբյանի ընկերների միջեւ: Ընդ որում, Սարգիս Հակոբյանին սատարող մի քանի տղամարդ դատարանում եւ նիստերի դահլիճում իրենց զգում էին ինչպես սեփական տանը. հենց դատական նիստերի դահլիճին կից, այդ տղամարդիկ ծխում էին, երբ մենք դատական կարգադրիչից հետաքրքրվեցինք` արդյոք թույլատրվում է ծխել այդ հատվածում, կարգադրիչը վստահեցրեց` ոչ, սակայն ոչ էլ կարողացավ սաստել եւ արգելել ծխող տղամարդկանց:

anna-shahnazaryan

Հասմիկ Խաչատրյանին սատարելու էին եկել կանանց իրավունքները պաշտպանող մի քանի կազմակերպությունների անդամներ եւ քաղաքացիական ակտիվիստիներ, որոնցից մեկը Աննա Շահնազարյանն իր  ճակատին գենդեր բառն էր գրել: Մեր հարցին թե ինչո՞ւ է ճակատին նման գրառմամբ եկել դատարան Աննա Շահնազարյանն ասա. «Քանի որ նախորդ նիստին Սարգիս Հակոբյանին սատարող տղամարդիկ այնպես էին ներկայացնում, իբր գենդեր վատ բան է, ես էլ ճակատիս գրել եմ, ցույց տալու` եթե վատ բան է, ես իմ վրա նման բառ չէի գրի»:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031