Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյանը հակադարձում է Հրանտ Բագրատյանին

Մայիս 23,2014 13:12

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը երեկ ԱԺ-ում կառավարության ծրագրի դրական կողմերը նշեց, օրինակ՝ այն, որ սահմանի վրա ավելացված արժեքի հարկը չի գանձվի, Համահայկական ներդրումային հիմնադրամ կլիմի, գյուղատնտեսության ապահովագրություն կլինի:

Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը չհամաձայնեց նախկին վարչապետի հետ. «Դրանցից ոչ մեկն էլ նորություն չէ: Նախորդ կառավարությունն էլ ներդրումային բանկ էր ստեղծել, բայց ոչ սփյուռքի մեր հայրենակիցներ են այսօր Հայաստանում փորձում ներդրում կատարել, ոչ էլ իրենք:

Ներդրում անող լինի, առանց այդ ներդրումային բանկի էլ կանեն: Պետք է հավատան, որ երկրում կոռուպցիա չկա: Կոռուպցիա ունեցող երկրում ինչպե՞ս կարող են ներդրում կատարել: Կամ գյուղատնտեսության ապահովագրության մասին առաջին անգա՞մ են խոսում: Դա նորություն չէ: Սահմանի վրա ԱԱՀ չգանձելու հետ կապված էլ ռիսկ կա՝ արդյո՞ք դրանից միայն խոշորները չեն օգտվի, եւ արդյո՞ք դրա արդյունքում ՓՄՁ-ն ավելի չի ճնշվի: Դրա կիրառման արդյունքում մենք ստվերի ավելի խոշորացում չե՞նք ունենա: Այս խնդիրները կան: Չգիտեմ պարոն Բագրատյանն ինչ դրական բան է տեսել այս կառավարության ծրագրում կամ ինչպես է պատկերացնում, որ այս կառավարությունը կարող է դրական քայլեր իրականացնել, բայց իմ փորձը համենայնդեպս ինձ հուշում է, որ այդպիսի բան չի կարող լինել»:

Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ նախորդ կառավարության ընթացքում 3 անգամ ամբիոնի մոտից հայտարարել է, որ կառավարությունը չի հաջողելու. «Ասել եմ՝ ավելի լավ է ես սխալվեմ, քան վարչապետը: 3 անգամ էլ ես եմ ճիշտ եղել: Հիմա նորից եմ կրկնում՝ ավելի լավ է ես սխալվեմ, քան այս կառավարությունն ու վարչապետը՝ իր այս ծրագրով: Բայց համոզված եմ, որ այս դեպքում որեւէ հնարավորություն չկա դրական արդյունք ունենալու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031