Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը ՀՀ դիվանագետներից ակնկալում է նախաձեռնողական ակտիվ արտաքին տնտեսական քաղաքականության իրականացում

Հունիս 02,2014 16:04

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և դիվանագիտական ներկայացուցչությունների ու հյուպատոսական հիմնարկների ղեկավարների հավաքին, որը կայացել է Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Հովիկ Աբրահամյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության տարբեր բնագավառների զարգացմանն ուղղված կառավարության առաջիկա ծրագրերն ու նախատեսվող միջոցառումները, անդրադարձել` արտաքին տնտեսական քաղաքականության ուղղությամբ մեր երկրի դիվանագետներից սպասվող ակնկալիքներին:

«Հայաստանը հավատարիմ է իր հանձնառություններին, և մեր քաղաքական թիմը՝ հանրապետության նախագահի ղեկավարությամբ, դրսևորում է անհրաժեշտ կամք և սկզբունքայնություն՝ ՀՀ միջազգային պարտավորությունների կատարումը երաշխավորելու հարցում: Հիմք ընդունելով ՀՀ նախագահի սահմանած արտաքին քաղաքական ուղենիշները՝ ՀՀ կառավարությունը հետամուտ է լինելու միջազգային ասպարեզում պետության շահերի պաշտպանությանը, արտաքին անվտանգության բաղադրիչի ամրապնդմանը, տարածաշրջանային կայունության, անվտանգության և զարգացման ապահովմանը, երկրի տնտեսական զարգացման համար անհրաժեշտ արտաքին բարենպաստ պայմանների ու երաշխիքների ստեղծմանը, Հայաստանի միջազգային ներգրավվածության ամրապնդմանը»,- դիմելով դիվանագիտական ներկայացուցչությունների ու հյուպատոսական հիմնարկների ղեկավարներին՝ նշել է Հովիկ Աբրահամյանը:

HH-despanner2
Վարչապետի խոսքով՝ կառավարությունը խորացնելու է ակտիվ և նախաձեռնողական արտաքին տնտեսական քաղաքականությունը, բոլոր գործընկերների հետ փոխլրացնող հարաբերությունները՝ առավելագույնս օգտվելով տնտեսական ինտեգրացիոն հնարավորություններից: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Եվրասիական մաքսային միությանը ՀՀ անդամակցությանը և Եվրոպական միության հետ համագործակցության նոր իրավական ձևաչափի ձևավորմանը:

Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ԵՄ-ի կողմից Հայաստանին արտոնությունների ընդհանուր համակարգի ռեժիմի տրամադրումը հայ արտահանողների համար առավել գրավիչ կդարձնի եվրոպական շուկաները՝ խթանելով հայկական ապրանքների արտահանումը Եվրոպա: Միաժամանակ, վարչապետի խոսքով, Եվրասիական մաքսային միությանը ՀՀ ինտեգրումը եվրոպացի ներդրողների համար բացառիկ հնարավորություններ կստեղծի ՀՀ տնտեսական տարածքի միջոցով առավել դյուրացված կարգով դուրս գալու Եվրասիական շուկա՝ հաշվի առնելով ԱՊՀ երկրների տնտեսության ազատության և շուկայական կանոնների կիրառման մակարդակով Եվրոպային Հայաստանի ամենամոտ լինելու հանգամանքը:

«Ներկայում ՀՀ տնտեսությունն առավել ազատական է և գրավիչ օտարերկրյա ներդրողների համար: Այս առումով մեծապես կարևորում եմ միջազգային ասպարեզում Հայաստանի ներդրումային հեղինակության բարելավման, Հայաստանի՝ որպես ներդրումային երկիր ճանաչելիության բարձրացման աշխատանքները՝ միջազգային ներդրումային համաժողովների, գործարար ֆորումների կազմակերպման, ինչպես նաև հեղինակավոր ֆինանսական և գործարար լրատվամիջոցներով քարոզարշավների իրականացման միջոցով:

Առաջնային են նաև համակարգված աշխատանքները միջազգային տնտեսական և ֆինանսական կառույցների հետ հարաբերությունների զարգացման, ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման, ՀՀ հաղորդակցության ուղիների ապաշրջափակման և դիվերսիֆիկացման, հայրենական արտադրանքի արտահանման համար նոր շուկաների բացահայտման ուղղությամբ:

Ներկայում բազմաթիվ բարեկամ երկրների հետ մեր ունեցած տնտեսական պատկերը չի համապատասխանում առկա քաղաքական հարաբերությունների մակարդակին, ինչն, ըստ ամենայնի, երկուստեք որոշակի պասիվության, նախաձեռնությունների պակասի կամ ոչ բավարար տեղեկացվածության արդյունք է: Այս գործում չափազանց կարևոր է դիվանագետների նպատակաուղղված, համակարգված ու հետևողական աշխատանքը»,- ասել է կառավարության ղեկավարը:

Վարչապետի դիտարկմամբ՝ անհրաժեշտ է ձեռնամուխ լինել այնպիսի փոշխահավետ առևտրատնտեսական ու գործարար համագործակցության կայացմանը, որի արդյունքները տեսանելի կլինեն առաջիկայում: Առևտրատնտեսական հարաբերությունների խորացման, ինչպես նաև գործընկեր պետությունների հետ քաղաքական երկխոսության ընդլայնման տեսանկյունից առանցքային են միջտարածաշրջանային համագործակցության ծրագրերը: Հովիկ Աբրահամյանը վստահեցրել է, որ ՀՀ կառավարությունը ստեղծելու է բոլոր անհրաժեշտ պայմանները՝ այդ ծրագրերի արդյունավետության բարձրացման և տարածաշրջանային բնույթի համատեղ ձեռնարկությունների թվի ավելացման համար: Վարչապետը հորդորել է դիվանագետներին առանձնակի ուշադրության արժանացնել ՀՀ մարզերի և քաղաքների կողմից ՀՀ արտգործնախարարությանը ներկայացված տեղեկատվության ճիշտ և նպատակային շրջանառության ապահովման խնդիրը՝ տարբեր երկրների վարչատարածքային միավորների հետ փոխշահավետ համագործակցության զարգացման նպատակով:

Միաժամանակ, կառավարության ղեկավարն անհրաժեշտ է համարել ՀՀ ԱԳՆ-ի և արտաքին տնտեսական հարաբերությունների համար պատասխանատու գերատեսչական մարմինների միջև համագործակցության առավել խորացումը՝ ՀՀ գործարար հնարավորությունների և ներդրումային պայմանների մասին ամբողջական տեղեկատվությունն օտարերկրյա ներդրողներին առավել հասանելի դարձնելու համար:
Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ հարկ է նոր լիցք հաղորդել արտաքին տնտեսական հարաբերությունների ընդլայնմանն ու ուժեղացմանն ուղղված միջոցների մշակման միջգերատեսչական աշխատանքային խմբի աշխատանքներին:

Միաժամանակ, կառավարության ղեկավարը նշել է, որ գործադիրի առանցքային խնդիրներից է Հայաստան-Սփյուռք համագործակցության հետագա զարգացման ապահովումը: Հովիկ Աբրահամյանը կարևորել է սփյուռքի օգնության զուգորդումն ակտիվ գործարար աջակցությամբ և տարբեր ծրագրերով՝ ստեղծելով այնպիսի միջավայր, որը կխրախուսի ու կաջակցի սփյուռքի ներդրումները ՀՀ զարգացման գործում:
«Կառավարությունը գործունեության գերակա նպատակ է հռչակել ՀՀ քաղաքացուն և նրա ազատության, անվտանգության, բարեկեցության բարձրացման ապահովումը: Այս առումով առանձնակի կարևորում եմ արտերկրում ՀՀ քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների և շահերի պաշտպանությունը, ինչին մեծապես կնպաստի ԱԳՆ-ի կողմից մատուցվող հյուպատոսական ծառայությունների ընթացակարգերի դյուրացմանն ուղղված բարեփոխումների շարունակական իրականացումը: Հատուկ ուշադրության է արժանի հատկապես ճգնաժամային իրավիճակներում հայտնված մեր հայրենակիցներին անհրաժեշտ աջակցության և որակյալ խորհրդատվության տրամադրման ԱԳՆ-ի կարողությունների բարձրացումն ու ամրապնդում»,- նշել է վարչապետը:
Հովիկ Աբրահամյանը հավաստիացրել է, որ կառավարությունը կձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները՝ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու և անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերելու հարցում:

Այնուհետև ծավալվել է մտքերի փոխանակություն վարչապետի հնչեցրած առաջնայնությունների շուրջ և ներկայացվել տարբեր առաջարկություններ:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30