Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Վիսոցկու հիշատակը հավերժացնող հարթաքանդակ կտեղադրվի Երևանում

Հունիս 05,2014 19:03

Վաղը՝ հունիսի 6-ին, ժամը 17:00-ին, Երևանում կկայանա «Խաղաղության գավաթ» միջազգային ասոցիացիայի կողմից Հայաստանին Վլադիմիր Վիսոցկու հարթաքանդակի նվիրաբերման հանդիսավոր արարողությունը:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը և տեղեկացրեց, որ 50 սմ տրամագծով շրջանաձև հարթաքանդակը կտեղադրվի «Մելոման» ակումբի ճակատային մասում. «Կարծում եմ, որ եթե Վ. Վիսոցկին մեզ հետ լիներ, տեղի ընտրությունը կողջուներ՝ տեսնելով Կասկադի մշակութային միջավայրը, մթնոլորտը, մարդկանց, որոնք,  իսկապես, արվեստասեր են»,- ասաց Ա. Սամուելյանը:

Ինչ վերաբերում է հարթաքանդակին, մշակույթի նախարարի տեղակալը կարծում է, որ այն մեծ պարգև է հայտնի երգչի ու դերասանի երկրպագուներին:

Նշենք, որ Հայաստանում Վ. Վիսոցկու հիշատակը հավերժացնող հարթաքանդակի տեղադրման ծրագիրն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության, «Խաղաղության գավաթ» միջազգային ասոցիացիայի և «Վլադիմիր Վիսոցկին և ժամանակակիցները» նախագծի հեղինակների կողմից:

Այս օրերին Հայաստանում է գտնվում «Վլադիմիր Վիսոցկին և ժամանակակիցները» նախագծի ղեկավար Յուրի Կայդան, որն այսօր լրագրողներին պատմեց, թե որքան մեծ ջանքերի արդյունքում է ծնվել այդ փոքրիկ հարթաքանդակը, որի մոդելավորման աշխատանքները, նրա խոսքով, իրականացվել են 2013 թ.՝ մի քանի փուլով, այդ թվում նաև Հայաստանում՝ Երևանում, Էջմիածնում և Գեղարդում: Ստեղծագործության հեղինակը լատվիացի անվանի քանդակագործ Յանիս Ստրուպուլիսն է:

«Այս փոքրիկ հարթաքանդակի պատրաստմանը մասնակցել, իրենց էներգիան են ներդրել հարյուրավոր մարդիկ տարբեր երկրներից՝ Հայաստանից, Լատվիայից, Լիտվայից, Ռուսաստանից, Էստոնիայից, Ուկրաինայից, Լեհաստանից, Գերմանիայից, Իրանից, ԱՄՆ-ից,- վստահեցնում է Յ. Կայդան:- Իսկ հարթաքանդակը տրամագծով զարդարված է Վ. Վիսոցկու անվանի ժամանակակիցների բնօրինակ ինքնագրերով, այդ թվում՝ Արմեն Ջիգարխանյանի ինքնագրով: Հարթաքանդակի վրա զետեղված է նաև անվանի աստղագետ Լյուդմիլա Ժուրավլյովայի  կողմից 1974 թվականին հայտնաբերված և արվեստագետի պատվին անվանակոչված «ՎլադՎիսոցկի» փոքր մոլորակի պլաստիլինե պատկերը, որը պատրաստված է անձամբ Լ. Ժուրավլյովայի ձեռքով»:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30