Լրահոս
Օրվա լրահոսը

«Սովորաբար ջնջում են մեծ եղբայրներին կամ քույրերին»

Հուլիս 12,2014 14:15

Հոգեբանների կարծիքով՝ երեխաների հեղինակած
նկարները խոսում են նրանց հոգեվիճակի մասին

«Եթե երեխան հորը նկարում է չափսերով ավելի փոքր, քան ընտանիքի մյուս անդամներին, նշանակում է, որ հայրն իրեն ճնշված եւ չգնահատված է զգում ընտանիքում»,- ասում է հոգեբան Մարինե Մարտիրոսյանը:

Մինչեւ 5 տարեկանը երեխաները խզբզում են թղթերի վրա, այնուհետեւ նրանց նկարներում որոշակի բովանդակություն եւ իմաստ է հայտնվում: Նկարների միջոցով կարելի է պատկերացում կազմել երեխաների հոգեվիճակի մասին: Պետք է միայն ուշադրություն դարձնել որոշ դետալների, օրինակ՝ պատկերված օբյեկտների չափսերին եւ դրանց դասավորվածությանը: «Եթե երեխան ընտանիքի անդամներին նկարում է շատ փոքր, իսկ իրեն՝ շատ մեծ, նշանակում է, որ նրան հավատացրել են, թե ամբողջ աշխարհը պտտվում է նրա շուրջը: Եթե նա ինքն իրեն պատկերում է թղթի մի անկյունում, նշանակում է, որ երեխան իրեն անտեսված է զգում»,- ասում է Մարինե Մարտիրոսյանը: Հավելում է՝ չափսերով ամենամեծ օբյեկտները վկայում են այն մասին, որ տվյալ անձինք մեծ նշանակություն ունեն երեխայի կյանքում:

Փոքրիկները շատ են սիրում տներ նկարել: Այս դեպքում եւս պետք է ուշադրություն դարձնել որոշ մանրուքների: «Եթե երեխան չի նկարում պատուհաններ կամ դուռ, նշանակում է, որ նա շատ փակված է»,- ասում է հոգեբանը: 7-ամյա Մերին սիրում է նկարել վառ գույներով: «Շատ եմ սիրում դեղինն ու նարնջագույնը: Նկարում եմ ծաղիկներ, արեւ, կենդանիներ եւ սարեր»,- ասում է նա: Հոգեբան Մարինե Մարտիրոսյանի խոսքով՝ վառ գույների նախընտրությունը դրական նշան է, ինչը խոսում է երեխայի հոգեկան հավասարակշռության մասին: «Եթե դեղինն է շատ օգտագործում, ուրեմն նա զինված է դրական էմոցիաներով: Սպիտակի գերապատվությունը վկայում է երեխայի պարզության եւ հանգստության, իսկ կանաչի ու կապույտի՝ նրա խաղաղ հոգեվիճակի մասին»,- ասում է նա: Հավելում է՝ մտահոգիչ է, երբ երեխան շարունակաբար նախապատվությունը տալիս է մուգ գույներին. «Նշանակում է, որ երեխայի հոգեկան աշխարհը շատ վատ վիճակում է: Իմ փորձից նկատել եմ, որ եթե երեխան շատ ագրեսիվ է եւ գրգռված, անընդհատ վազվզում է ու քայլում, որոշ առարկաներ է վերցնում եւ շպրտում, հիմնականում գերադասում է մուգ գույներով նկարել»: Փոքրիկները հաճախ են ջնջում իրենց հեղինակած նկարները, հատկապես դրանցում պատկերված հերոսներին: Մ. Մարտիրոսյանի խոսքով՝ դա եւս ունի իր բացատրությունը. «Սովորաբար ջնջում են մեծ եղբայրներին կամ քույրերին, որոնց հանդեպ բացասաբար են տրամադրված, այսինքն՝ եթե դու ինձ ժամանակին ճնշել ես, ես էլ քեզ կջնջեմ»: Հոգեբանը հավելում է՝ եթե երեխան իր պատկերած հերոսներից որեւէ մեկի ատամները ներկայացնում է արտահայտիչ ձեւով, այսինքն՝ սրված, նշանակում է, որ նա տվյալ անձի նկատմամբ ագրեսիվ է տրամադրված:

Մ. Մարտիրոսյանը տեղեկացնում է նաեւ, որ նկարների միջոցով կարելի է որոշակի պատկերացում կազմել երեխայի հոգեբանական զարգացվածության աստիճանի մասին: «Եթե երեխան 3 տարեկանում խզբզում է ու նույնն անում է 6 տարեկանում, ապա դա մտահոգության տեղիք է տալիս: Բնական է, որ մինչեւ հինգ տարեկանը երեխան նկարում է գլուխ, երկու ձեռքեր եւ ուղիղ գիծ, սակայն մտահոգիչ է, երբ նույնն անում է 6 տարեկանում, ու երբ հարցնում ես, թե որտեղ են մարդու աչքերը, պատասխանում է, թե աչքեր չունի»,- ասում է նա:

Հոգեբանը խորհուրդ է տալիս մայրերին՝ ուշադիր լինել իրենց երեխայի հեղինակած նկարների հանդեպ, եթե դրանցում գերակշռում են մուգ գույները, նշանակում է, որ ընտանիքում որեւէ բան անհանգստացնում է փոքրիկին: Իսկ բացասական հույզերից ձերբազատվելու համար խորհուրդ է տալիս նկարել դասական երաժշտության ներքո. «Օրինակ, եթե ես շատ վատ տրամադրություն ունեմ, ինձ հարկավոր է ինչ-որ միջոց լիցքաթափվելու համար, հակառակ դեպքում, ներսումս կուտակելով բացասական էմոցիաները, կարող եմ հետագայում լուրջ խնդիրներ ունենալ,- ասում է Մարինե Մարտիրոսյանն ու հավելում,- ինչո՞ւ են ասում, թե չի կարելի երեխայի ներկայությամբ վիճել: Ինչպես գիտենք, երեխաներն ավելի զգայուն են: Ընտանիքում տիրող վատ մթնոլորտը բացասաբար է ազդում նրանց հոգեբանության վրա, իսկ ահա դասական երաժշտության ներքո նկարելու միջոցով նա կարողանում է շատ արագ կերպով թղթին փոխանցել իր բացասական հույզերը»: Երեխայի հոգեկան հավասարակշռությունն ապահովելու համար հոգեբանը խորհուրդ է տալիս երեխաներին աշխատել կավով, քանի որ դա ունի թերապեւտիկ նշանակություն: «Կավը հարյուր անգամ շատ օգտակար է, քան նկարելը: Դա լիարժեք հանգստություն է բերում»,- եզրափակում է նա:

ՆԱԶԵՆԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031