Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր ընկերներից մեկը մի օր ասաց. «Ձեր «Առավոտը» ոնց որ լինի «Կոկա-Կոլա»

Օգոստոս 04,2014 14:27

20-ամյա «Առավոտի» հոբելյանական «Առավոտցիներ» շարքում այս անգամ անդրադառնալու ենք Արեւհատ Գրիգորյանին:

Մինչ «Առավոտում» հայտնվելը՝ մասնագիտությամբ բանասեր Արեւհատ Գրիգորյանն աշխատել էր Արարատ քաղաքի Թարգմանչաց վարժարանում, հետո կրթության եւ գիտության նախարարության «Դպրոց» թերթում՝ սկզբում սրբագրիչ, հետո զբաղվել է խմբագրական եւ լրագրողի աշխատանքներով: «Առավոտում» սկսել է տպագրվել շնորհիվ ընկերուհու՝ Նաիրա Հովհաննիսյանի, որը նույնպես աշխատել էր «Դպրոցում» եւ արդեն «Առավոտի» լրագրող էր: «Իր հետեւողական ջանքերի շնորհիվ, իհարկե, այդտեղ կարեւոր էին նաեւ իմ կարողությունները, ժամանակը, բախտը, մի քանի այլ հանգամանքներ, ես հայտնվեցի «Առավոտում»: Նառան անընդհատ տպագրում էր իմ հոդվածները, անընդհատ ներկայացնում էր, գովազդում էր իմ նյութերը խմբագրությունում: Բայց հետաքրքիրն այն էր, որ Արամ Աբրահամյանը սկզբից ինձ չէր ընդունում աշխատանքի, եւ այդ ժամանակ ես ընդունվեցի «Հայք» թերթ հիմնական աշխատանքի,- պատմում է Արեւհատ Գրիգորյանը, ավելացնում, նկատել էր, որ Արամ Աբրահամյանը հետեւում է իր աշխատանքին,-մի անգամ ռուսական թատրոնի երեւանյան ներկայացում էի շատ ջախջախիչ քննադատել «Հայք» թերթում, ասաց. «Բալիկ ջան, շատ դուրս եկավ հոդվածը, շատ համարձակ էր, բայց ես այդպես չէի անի, այդ հեղինակավոր դերասանների հետ այդպես չէի վարվի»: Ասացի՝ բայց իրենք Շեքսպիրին այդպես արել էին: Նկատեցի՝ հետեւում էր, շատ հաճելի էր, հետո «Առավոտ» ընդունվեցի «Հայքում» աշխատելուն զուգահեռ: «Հայքում» մշակույթ էի լուսաբանում, իսկ «Առավոտում» դա Սաթիկն (նկատի ունի Սաթիկ Սեյրանյանին) էր անում: Երբ ինձ «Առավոտ» ընդունեց, պարոն Աբրահամյանն ասաց՝ պիտի անես ուրիշ բան, ինչ չես անում «Հայքում»:

Արեւհատ Գրիգորյանը նշում է, որ խմբագրի որոշումով՝ պետք է լուսաբաներ քաղաքական թեմաներ. «Ես արդեն ուզում էի մի բան ասել, որ ինձ գործի չընդուներ, որովհետեւ վախենում էի, ասացի՝ ես չեմ կարող, չեմ պատրաստվում լուսաբանել այն միջոցառումները, ինչը կառնչվի իմ լուսահոգի հարեւանին, շատ հարազատ մարդու, որն այն ժամանակ վարչապետ էր՝ Վազգեն Սարգսյանին: Կարծում էի՝ ճիշտ չէ գրել մեկի մասին, ով քեզ շատ հարազատ մեկն էր ու վստահ էի, որ կասեր՝ դե կներես, վարչապետն այնքան լայն գործունեություն ունի…. Բայց ինքն ասաց՝ արի փորձենք: Այդպես մտա «Առավոտ: Դա 1997 թվականն էր»:

Արեւհատ Գրիգորյանը քաղաքական լրագրությամբ զբաղվեց վեց ամիս, այնուհետեւ նորից խմբագրի ցանկությամբ՝ անցավ սոցիալական թեմաներին եւ գլխավորեց օրաթերթի սոցիալական էջը՝ անդրադառնալով նաեւ բնապահպանական, առողջապահական թեմաներին:

«Առավոտում» իմ կարիերայի հետ կապված որոշումները Արամ Աբրահամյանն ընդունել է «ավտորիտար»՝ առանց ինձ հարցնելու, եւ ես դրա համար շնորհակալ եմ: Հետո հասկանում ես, որ փորձառու լրագրողի, հասուն մարդու, հոր կանխազգացում է, հասկանում ես, որ ինքը ճիշտ է քեզ «բրթել»: Եթե դու ինչ-որ տեղ ընդդիմացել ես, դա եղել է ջահելական պահվածք: Չգիտեմ՝ դա ի՞նչ էր, ինտուիցիա, սեր ժուռնալիստիկայի, թե մեր նկատմամբ»,- ասում է Արեւհատ Գրիգորյանը:

Սոցիալական թեմաները լուսաբանելը, ըստ նրա, շատ ծանր աշխատանք էր. երկիրը վատթարագույն վիճակում էր, խմբագրություն էին գալիս սոցիալապես ծանր վիճակում հայտնվածները, անարդարությունից բողոքողները, ամենաշատ արծարծվող թեման նպաստների համակարգն էր: «Եղել է, որ հրապարակման շնորհիվ ողբերգական հանգամանքներից հետո միայնակ ու դրսում մնացած մարդուն տեղավորել են ծերանոցում, կարող է թվալ, թե ինչ է որ, բայց նույնիսկ մեկ մարդուն օգնությունը քեզ համար մեծ բան է դառնում»,- ասում է Արեւհատ Գրիգորյանը: Հիշում է իր մի քանի հրապարակումները, որոնք մեծ աղմուկ բարձրացրին. դրանցից մեկը մի պետական պաշտոնյայի մասին էր, ով պատրաստվում էր իր համար շատ թանկ գնով երկրորդ ծառայողական մեքենա գնել, հրապարակումից հետո նա այդպես էլ չգնեց թանկ մեքենան:

«Մի հրապարակում էլ եղավ, թվում էր՝ մեծ խնդիր չէ, բայց պարզվեց՝ պաշտոնյաներ կան կանգնած հետեւում: Չլիցենզավորված խաղային ապարատների հետաքննություն արեցի: Նույնիսկ երբ գնում էի հարցազրույցի՝ այն ժամանակ դեռ նոր էին բջջային հեռախոսները օգտագործում, երեկոյան ուշ ժամերի պարոն Աբրահամյանն անընդհատ ինձ զանգում էր, որ ես ինձ վստահ զգամ, որ իմ զրուցակիցը չմտածի, որ գիշերով ուղարկել են եւ չեն հիշում իմ մասին: Հիշում եմ՝ այդ հրապարակման հետ կապված սպառնալիքներ եղան, կաշառելու փորձեր: Նույնիսկ այն պաշտոնյան, որը կանգնած էր այդ ամենի հետեւում, ինքն իրեն բացահայտեց, ես անձամբ իրեն չէի հասել դեռ: Հրապարակման նախորդ օրը սպասել էր պարոն Աբրահամյանին «Ա1+»-ի շենքի մոտ, «Հետգրություն» հաղորդումից հետո մոտեցել էր պարոն Աբրահամյանին եւ ասել, որ սուտ է գրել Ձեր աղջիկը, հորինել է: Ինձ համար շատ մեծ գնահատական էր. պարոն Աբրահամյանն ասել էր, ես կստորագրեմ իմ աղջկա դրած ամեն ստորակետի տակ»,- պատմում է Արեւհատ Գրիգորյանը:

Առավոտցիների առջեւ խմբագիրը խնդիր էր դրել՝ յուրաքանչյուրն իր ոլորտին պետք է ամբողջությամբ տիրապետի եւ ցանկացած նորություն առաջինը ինքը պետք է իմանա. «Եթե հրապարակումն ուշանար, մենք կամ պետք է շատ լուրջ հիմնավորում ունենայինք, որն Արամ Աբրահամյանի դեպքում գնահատվում էր որպես «Санатории имени Держинского», կամ էլ դա նկատողություն էր դառնում՝ դրանից բխող ֆինանսական հետեւանքներով: Այն ժամանակ մեզ թվում էր՝ մեզանից շատ ավելին է պահանջում, բայց այն, որ անընդհատ պիտի քո վրա աշխատեիր, ակամայից էր ստացվում»: Արեւհատ Գրիգորյանը փաստում է՝ «Առավոտն» ուներ մեծ լսարան, կարդում էին բոլորը՝ նույնիսկ նրանք, ովքեր կարծում էին, որ օրաթերթն անկողմնակալ չէ. «Մեր ընկերներից մեկը մի օր ասաց. «Ձեր «Առավոտը» ոնց որ լինի «Կոկա-Կոլա». բոլորը գիտեն, որ դա թունավոր է, բայց չեն դիմանում, պետք է խմեն: Դրա մեջ ինչ-որ ճշմարտություն գուցե կար»: Բոլոր առավոտցիների այն պնդմանը, որ խմբագրությունը հարազատ օջախ է, միանում է նաեւ Արեւհատ Գրիգորյանը. «Դեմբելային» վիճակներ չեն եղել «Առավոտում»: Երբեք ոչ մի կայացած լրագրող՝ Աննան Իսրայելյան, Վասակը Դարբինյան, Ոսկանը Մամիկոնյան, Արան Գալոյան, Արմենը Զաքարյան, Ժենյան Մարտիրոսյան, իրեն վեր չի դասել: Իրենք եղել են ավագ քույր, ավագ եղբայր. Արա Գալոյանը մեր «պապաշան էր», Մարգարիտը Եսայան՝ մեր «մամաշան»:

«Առավոտի» մասին հիշողությունները շատ են, դրանց մասին կարելի է անընդհատ հիշել, մի քանիսի մասին Արեւհատ Գրիգորյանը ժպիտով է պատմում: «Պարոն Աբրահամյանն ասում էր՝ ոչ մի ամուսնանալ, որ ամուսնանաք՝ տուն-տեղ ընտանիք… մեր աղջիկներից մեկն, այնուամենայնիվ, ամուսնացավ: Մի օր Արամ Աբրահամյանը ինձ, Նաիրային կանչեց, խմբագրության ամենամեծ սենյակի դուռը բացեց, տեսնում ենք՝ մեր ամուսնացած ընկերուհին երեք աթոռ միացրել է ու պառկել վրան, քնել, պարոն Աբրահամյանն ասաց՝ տեսնո՞ւմ եք՝ ինչ է լինում, երբ ամուսնանում են, բայց այնքանով հանդերձ՝ չխանգարեց, ասաց՝ սո՜ւս, չխանգարեք ու դուռը փակեց,- պատմում է Արեւհատ Գրիգորյանը եւ հիշում եւս մի դեպք,-ես մի պահ տնտեսության էջ էի անում, մրցույթ հայտարարվեց տնտեսական լրագրողների համար, ԱՄՆ պիտի գնայինք երկու ամսով: Պարոն Աբրահամյանին ասացի, որ նման բան կա, ասացի՝ երկու ամիս է, ասաց՝ ի՞նչ երկու ամիս, համարյա ամուսնանալ է, ավելացրեց՝ մոռացի, բալիկ ջան, բայց դե ո՞նց մոռանաս: Մրցույթին մասնակցեցի, հետո վեց ամիս դասընթացի գնացի, գողեգող, գործի հետ համատեղելով մասնակցում էի դասընթացներին ու արդեն պիտի լիներ դեսպանատան հարցազրույցը, մտածեցի՝ պիտի ասեմ խմբագրին: Պատրաստված ու լցված, որ պիտի կոնֆլիկտ լինի, որ ես պիտի լացեմ, նեղանամ, աշխարհի անարդարությունից պիտի դժգոհեմ, մտա ու ասացի՝ որ գնացել եմ դասերի, սա եմ արել, նա եմ արել, քննություններն անցել եմ եւ հիմա ստացվել է, ու պատասխանեց՝ բա ի՞նչ պիտի անես, որ չգնաս էսքանից հետո»:

«Առավոտից» դուրս է եկել 2005 թվականին: «Որոշեցի դադար տալ»,- ասում է նա: «Առավոտից» հետո աշխատել է Լրատվամիջոցների Կովկասյան ինստիտուտում, հետո եղել է Հետաքննական լրագրողների Դանիական ասոցիացիայի «Սքուփ» ծրագրի Հայաստանում ազգային համակարգողը, այնուհետեւ աշխատել է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում՝ որպես մամուլի խոսնակ: Այժմ Երեւանի Մամուլի ակումբում է՝ որպես մեդիա փորձագետ եւ կայքի խմբագիր: «Առավոտին» եւ առավոտցիներին առաջին հերթին մաղթում եմ լավ լրատվական շուկա, լավ, կայուն, ուժեղ երկիր, որովհետեւ այնպիսին, ինչպիսին տնտեսությունը եւ մեդիաշուկան կան, ավելին դժվար է անել: Ես «Առավոտին» եւ՛ մասնագիտական, ե՛ւ ֆինանսական առումով տարածվելու, ընդլայնվելու հնարավորություն եմ ցանկանում»,-մաղթում է Արեւհատ Գրիգորյանը:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
02.08.2014 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գրիգոր Շադյան says:

    Ուրախ եմ համադասարանցուս համար:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031