Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջինը ես, հետո Արամ Սիմոնյանը, Աշոտ Մելքոնյանը պետք է որպես կամավոր զինվորագրվենք բանակում» (Տեսանյութ)

Օգոստոս 05,2014 17:17

«Չի կարելի ասել, որ հայկական զինուժը զինված է տեխնիկայի վերջին խոսքով և համապատասխան գիշերային տեսության տեսախցիկներով ու զենքերով: Բայց դա երկրի վիճակից է կախված: Իհարկե, եթե տեսախցիկների հետևում բավականին փորձառու օպերատորներ չնստեն, տեսախցիկները մեր սահմանին ոչինչ տալ չեն կարող: Այլ բան է, որ ազդանշանային ավելի արդիական համակարգերը կարող էին մեր շատ զինվորների կյանքեր փրկել»,-Aravot.am-ի հարցին, եթե մեր սահմանները համապատասխան զինտեխնիկայով հագեցած լինեին, հնարավոր կլիներ խուսափել դիվերսիոն նման լայնածավալ գործողություններից, այսպիսի կարծիք հայտնեց Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը:

Այս առիթով նա ցավով հիշեց, որ սահմանապահները պատմում էին, թե ինչպես, երբ Ադրբեջանի կողմից լսել են ինչ-որ ձայներ, ամբողջությամբ դուրս են եկել բլինդաժից՝ նայելով՝ այնտեղ մարդ կա՞, թե՝ ոչ, հետո են իմացել, որ այն կողմից գալիս են:

Գրիգորի Այվազյանի կարծիքով, եթե երկրում հոգատարության մթնոլորտ չի տիրում, ապա վերջին տեխնիկան էլ փրկել չի կարող: Այնինչ հակառակ դեպքում, անգամ պարանի վրա կապված շշերով ազդանշաններ տալը կարող է արդյունավետ լինել:

Aravot.am-ի դիտարկմանը, թե քաղաքում լայն թափով տեսախցիկներ են տեղադրվում, արդյոք հնարավոր չէ՞ այդ նույն տեմպերով տեսախցիկներով զինել նաև սահմանը, Գրիգորի Այվազյանն արձագանքեց. «Ես չեմ ասում, թե միայն միջոցներ չկան: Եթե պատերազմը վերսկսվի, ապա այն մարդիկ, որոնք միլիոնների բիզնես ունեն, պիտի հասկանան, որ եթե մեր երկիրը տապալվի, ինքը ինչ բիզնես, ունեցվածք ունի Հայաստանում, դա էլ կկորցնի:

Մենք բոլորս պետք է պայքարենք մեր երկրի գոյատևման համար: Փաստորեն այս հարցում մեր և օլիգարխների շահերը համընկնում են: Պատերազմ որ լինի, սովորական մարդիկ կյանք են կորցնելու, ունեցվածք չունեն կորցնելու: Իսկ մեծահարուստները շատ բան ունեն կորցնելու, նրանք առաջին հերթին կկորցնեն իրենց ունեցվածքն ու կսնանկանան»:

Մեր դիտարկմանը, թե այդ տրամաբանությամբ՝ պատերազմ վերսկսելու դեպքում առաջինը սահման պետք է մեկնեն օլիգարխները, նրանց զավակները, Գրիգորի Այվազյանն այսպես արձագանքեց. «Երբ պատերազմը սկսի, առաջին հերթին ես՝ որպես կամավոր, պետք է գնամ զինվորագրվեմ բանակում, պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը, պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, բոլոր պաշտոնատար անձանց հարազատներն ու բարեկամները»:

Մեր հարցին՝ այդ դեպքում ինչու՞ որևէ օլիգարխի անուն չտվեց, Գրիգորի Այվազյանը պատասխանեց. «Ում Դուք Հայաստանում օլիգարխ եք համարում, բոլոր նրանց ներկայացուցիչները, հարազատները, բարեկամները առաջինը նրանք օրինակ պիտի ցույց տան ու գնան սահման, քանի որ այս երկիրն ամենաշատ բանը նրանց է տվել: Ինչպե՞ս կարելի է հույս դնել կիսամերկ, անգրագետ ռամիկի վրա, որ գնա ինչ -որ մեկի դղյակները պաշտպանի: Որ Ադրբեջանի զորքը զորահանդես անցկացնի Հանրապետության հրապարակում, դա նրանց էլ ձեռնտու չէ: Եթե Դուք չպաշտպանեք ձեր ունեցվածքը, մի ակնկալեք, որ ուրիշը դա կանի»:

Ինչպես հայտնի է, արդեն կամավորներ են մեկնել սահման: Հետաքրքրվեցինք՝ այս պահին դա անհրաժե՞շտ էր, պարոն Այվազյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ մեր բանակն այն վիճակում է, որ կամավորների կարիք չունի, բայց եթե վերսկսվի պատերազմ, կարծում եմ, որ երկրում անհրաժեշտ է մտցնել ռազմական դրություն և համընդհանուր զորակոչ անցկացնել: Կոչ եմ անում բոլոր կամավորներին, երբ հաղթանակած վերադառնան պատերազմից, մինչև այս երկրում չլինի կարգուկանոն և արդարություն չհաստատվի, զենքը վայր չդնեն, որ հաղթանակ տանեն և երկրից դուրս և ներս գտնվող թշնամու դեմ՝ հինգերորդ շարասյան վրա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ընթերցող says:

    “եթե տեսախցիկների հետևում բավականին փորձառու օպերատորներ չնստեն, տեսախցիկները մեր սահմանին ոչինչ տալ չեն կարող:” դու տեսախցիկ տեսել ես? պատկերացրու, որ մի աչք ել ուենանս հերիք է, որ օգուտ տա:

  2. Ընթերցող says:

    “Ինչպե՞ս կարելի է հույս դնել կիսամերկ, անգրագետ ռամիկի վրա, որ գնա ինչ -որ մեկի դղյակները պաշտպանի:” սրա ճիշտ պատասխանը հայհոյանքն է, բայց փորձեմ ուրիշ ձև բացատրեմ: եդ քո ասած ռամիկն ես երկրի ժողովուրդն ա, ու ես քանի օրն իրա կյանքը չխնայեց իրա հայրենիքի համար: մի հատ եդ բարձր ձիուցդ իջի, տես արժանապատվությունն ու հայրենասիրությունը ոչ փողի հետ կապ ունի, ոչ դիպլոմի:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031