Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Բաղդասարովի «Միկան» մարզադաշտը` ֆիննախին (Տեսանյութ) 

Օգոստոս 28,2014 15:43

Արդեն տեղեկացրել ենք, որ ֆինանսների նախարարությունն առաջարկում է  «Արմավիա» ավիաընկերության եւ «Միկա Քորփորեյշնլի»`կուտակած պետական բյուջեի պարտքի դիմաց նախարարության հաշվեկշռին փոխանցել Մանանդյան 41 հասցեում գտնվող անշարժ գույքը. սա «Արմավիայի» սեփականատեր Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Միկա» մարզադաշտն է:

Այսօր կառավարության նիստից հետո պարոն Սաֆարյանից հետաքրքրվեցինք թե ի՞նչ են անելու այդ մարզադաշտի հետ, վաճառելո՞ւ են, վարձակալությա՞մբ են տալու, ինչի պատասխան փոխնախարարն ասաց` «Դեռ որոշված չէ՝ թե ինչ են անելու էդ գույքը»: Լրագրողներից մեկն ուղղակի կատակեց ասելով` «հարսանիքներ են կազմակերպվելու «Միկա» մարզադաշտում», ինչից հետո
Պավել Սաֆարյանը փորձեց ուղղել ու պարզաբանում մտցնել. «Դա ոչ թե տալիս են ֆինանսների նախարարությանը՝ որպես նախարարության սեփականություն, ոչ թե տրվում է նախարարության աշխատակիցներին՝ օգտագործելու նպատակով, այլ ցանկացած գույք, որը պետությունը վերցնում է, դա գնում է ֆինանսների նախարարություն»:

Նշենք, որ «Միկա Քորփորեյշնի» մարզադաշտը վաճառելու համար արդեն 2 անգամ աճուրդ է եղել, սակայն գնորդ այդպես էլ չի հայտնվել. նախնական արժեքը 12 միլիարդ դրամ է եղել, եւ քանի որ 2 անգամ գնորդ չի եղել գինն իջել է 9 միլիարդի:

Հաջորդ աճուրդը սեպտեմբերին է լինելու, եւ ինչպես պարոն Սաֆարյանը մեզ բացատրեց, եթե այս անգամ էլ գնորդ չհայտնվի, ֆիննախն այն վերցնելու, քանի որ ընկերությունը հարկային պարտավորություններ ունի: Ընդ որում, ընկերության կուտակած պարտքը 9 միլիարդ չէ, այլ մոտ` 24 միլիարդ: «Այս գույքով ամբողջ պարտքը չի մարվում, այս գույքով մարվում է պարտքի մի մասը, իրականում պարտքն ավելի մեծ է»,- ասաց փոխնախարարը:

Mika

Հարցին, թե` ինչո՞ւ է կառավարությունը թույլատրել, որ Միխայիլ Բաղդասարովն ընկերությունն այդքան մեծ ծավալի հարկային պարտավորություններ կուտակի, եթե մի շարքային գործարար լիներ, դժվար թե թույլ տային պարտքով աշխատեր, Պավել Սաֆարյանն ասաց. «Կառավարությունը կոնկրետ ի՞նչ պետք է աներ, այն լծակը, կառավարման այն համակարգը, որ կա, այն լծակը որ կա, այսինքն՝ հարկայինի միջոցով արձանագրվում էին այդ պարտքերը: Ուրիշ ի՞նչ պետք է անեինք»:

Մանրամասն`   տեսանյութում

 

 

Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ մամուլում տեղեկություններ կան, որ Միխայիլ Բաղդասարովի սնանկացումը կապված է Սերժ Սարգսյանի մտերիմների բիզնեսի հետ, Պավել Սաֆարյանն ասաց, որ ինքն այդ մասին տեղյակ չէ, Բաղդասարովին անձամբ չի ճանաչում, միայն հեռուստացույցով է տեսել, անձամբ չի ճանաչում:

Իսկ արդյոք պարզել են` Բաղդասարովը օֆշորում հաշիվներ ունի՞, քանի որ նման լուրեր են շրջանառվում, փոխնախարարն արդեն զայրացած ասաց` «Եղբայր ջան, ես որտեղից գիտեմ, ես հո հետախույզ չեմ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031