Լրահոս
Օրվա լրահոսը

Շուշիի Սբ Հովհաննես եկեղեցու Գրիգոր քահանայի մահը

Հուլիս 03,2021 12:00

Շուշին 1902թ. սեպտեմբերին, Ա մաս

Սեպտեմբերի սկզբին նշվել է. «Շուշին դատարկուեց … Ամարանոց եկածները կրկին վերադարձան իրենց տեղերը, տանելով քաղցր տպաւորութիւն մեր քաղաքից: Ամարային շոգ ամիսները տեղի են տուել աշնանային զով եղանակին»:

Սեպտեմբերի 1-ին Արցախի թեմի առաջնորդը Ղազանչեցոց եկեղեցում տարբեր գյուղերի համար քահանա է ձեռնադրել 5 տիրացուների, որոնցից մեկը՝ Գեւորգյան ճեմարանը ավարտած «արժանաւոր երիտասարդ» Արշակ Տեր-Ոսկանյանն է: Նա ձեռնադրվել է իր հայրենի Հադրութ գյուղի համար:

Արշակ Տեր-Ոսկանյանը քահանայագործելու էր Հադրութի Սբ Հարություն եկեղեցում: Վերջինս կանգուն է քաղաքի հին թաղամասում եւ ըստ Մակար Բարխուդարյանի՝ կառուցվել է 1621թ.: Եկեղեցին միանավ բազիլիկա է, կառուցված անմշակ քարից: Աղոթասրահի ուղղանկյուն դահլիճի մեջտեղում՝ շրջանաձեւ երդիկի վրա, տեղակայված է փոքրիկ զանգակատունը, վեց սյուներով եւ բրգաձեւ վեղարով: Իսկ սրահի արեւելյան մասում կիսակլոր խորանն է, կողային զույգ ավանդատներով: Ունի երկու մուտք, երեք մեծ լուսամուտ: Գլխավոր՝ կամարակապ զարդանախշերով մուտքը բացվում է արեւմտյան ճակատից: Տանիքը ամբողջությամբ ծածկված է հարթ եւ կիսագլանաձեւ սալերով:

Եկեղեցին վերանորոգվել է 1819թ., որի ժամանակ էլ տեղադրվել է զանգակատունը եւ հիմնականում՝ 2007թ., բարերար Միխայիլ Բաղդասարովի ֆինանսական միջոցներով:

Հադրութի սուրբ Հարություն եկեղեցի

Գործող եկեղեցի էր, որը 2020թ. հոկտեմբերի 12-ին անցավ ադրբեջանցիների վերահսկողության տակ եւ ըստ սոցցանցերում տեղադրված նյութերի, երեւում են եկեղեցու պատերի վրա արված գրառումներ, ինչպես նաեւ տապալված են բակի մի քանի տապանաքարեր:

1906թ. հոկտեմբերին Արշակ քահ. Տեր-Ոսկանյանը իր հայրենի Հադրութից գրել է. «Հադրութի շրջակայքում իրարից շատ մօտ-մօտ ընկած են ութ զուտ հայաբնակ գիւղեր: Սրանց կենտրօնը Հադրութն է, որն ամենի առաջ մտաւոր կենտրօն է. շրջակայքի բոլոր մանուկները Հադրութում են ստանում իրենց ուսումն ու կրթութիւնը եւ մինչեւ մեր ծխական դպրոցների վերաբացումը տեղիս միակ ուսումնական վայրը պետական դպրոցն էր: Մինչեւ այսօր էլ այս ուսումնարանում սովորում է 300 հայ մանկտի: 300-ը թէեւ ինքն ըստ ինքեան մի պատկառելի թիւ է, այնուամենայնիւ նա կարող էր եւ կրկնապատկւել, եթէ հասարակութիւնը հնարաւորութիւն ունենար ընդարձակել դպրոցը: Կարելի է ասել – ուսումը մի տեսակ պարտադիր է դառել մեզ մօտ, առանց որ դրա համար մէկը պահանջէր: Մեր գիւղացին հէնց ինքը հրամայողական պահանջ է զգում իր որդուն, ինչ գնով էլ լինի, անպատճառ ուսումնարան տալ… Մեր ձորակի մի թեթեւ համեմատութիւնը գաւառիս միւս վայրի հետ ցոյց է տալիս, թէ Հադրութն իր շրջակայքով մի բուրաստան, մի օազիս է ներկայացնում մեր գաւառի ուսումնական պատի մէջ: Այստեղից հասկանալի է, թէ ուրեմն Հադրութի միակ ուսումնական վայր կազմող պետական դպրոցում ուսումն ու կրթութիւնը պէտք է դրւած լինէին լաւ հիմքերի վրայ, ուսուցիչները ճանաչէին իրենց պարտուց սրբութիւնը եւ պարապէին խղճի մտօք, չը խնայելով մատաղ սերնդի համար եւ ոչ մի ճիգ ու ճանք, պատկառելով ուսման ու կրթութեան այն պահանջից, որ ամեն րոպէ զգում էին իրենց շուրջը»: Այդ տարի Արշակ քահանան տեղի ծխական դպրոցի ավագ ուսուցիչն էր:

Վերին թաղի Թադեւոսյան ծխական դպրոց

Հարկ է նշել, որ Տեր-Ոսկանյան ընտանիքը Հադրութի երեւելի ու նշանավոր տներից էր: Շուշիի Թեմական դպրոցում ուսուցիչ է աշխատել Մելքիսեդեկ Տեր-Ոսկանյանը, իսկ Հադրութի դպրոցում՝ Հռիփսիմե Տեր-Ոսկանյանը:

Սեպտեմբերի 14-ին, Շուշիում, խուռն բազմության ներկայությամբ կատարվել է Սբ Հովհաննես եկեղեցու բազմամյա քահանա Գրիգոր Տեր-Ղազարյանի հուղարկավորությունը, ով մահացել էր սեպտեմբերի 8-ին. «Հողին յանձնեցին Վերին թաղի եկեղեցու քահանայ Գրիգոր Տէր-Ղազարեանցին, որ մեռաւ 72-ամեայ հասակում: Հանգուցեալը մի քանի առանձնայատկութիւններ ունէր, որոնցից գլխաւորը այն էր, որ նա շատ տարիներից ի վեր պատարագ չէր անում, պատճառ բերելով անձնական տկարութիւնը: Տէր Գրիգորը վայելում էր իր ժողովրդի համակրանքը»:
Նշենք, որ դեռեւս 1889թ. Գրիգոր քահանայի մասին գրվել է. «Ս. Գրիգոր Լուսաւորչի տօնին՝ շաբաթ երեկոյեան, ժամերգութիւնից յետոյ, քարոզ խօսեց Վերին թաղի Ս. Յովհաննու Մկրտչի եկեղեցու մէջ Գրիգոր քահանայ Տէր-Ղազարեանցը: Տէր հօր քարոզը՝ ոչ միայն այսօր, այլեւ ամեն ժամանակ տպաւորութիւն է գործում ամեն լսողի սրտի վրայ: Երիտասարդներից մի խումբ, որոնք վաղուց մտադիր էին վարձատրելու տէր հօրը, երբ վերջացաւ քարոզը, խումբը մօտեցաւ տէր հօրը, գրկեց, բարձրացրեց, ասելով. «Կեցցէ տէր հայրը, կեցցէ», յետոյ պ. Սերգէյ Տէր-Յովհաննիսեանը մի ազդու ճառ խօսեց բանաւոր ու ընծան պարգեւեցին տէր հօրը. ընծան էր մի հատ արծաթեայ շաքարաման ոսկէջրած ու երկու հատ արծաթեայ փոքրիկ բաժակներ նոյն ձեւի: Շաքարամանի վրայ այսպէս էր գրած. «Ընծայւում է հայ երիտասարդներից Հայր Տէր Գրիգորին՝ գնահատելով նրա 32 տարուայ քահանայութեան արժանաւորութիւնը»: Տէր հայրն ընդունեց ընծան, իսկ յետոյ պ. Խաչատուր Վարդապետեանը մի այնպիսի գեղեցիկ ու սրտառուչ երգ երգեց, որ ժողովուրդը միանգամայն զմայլուեցաւ: Գովասանութեան արժանի է եւ պ. Վարդապետեանցը: Կը ցանկանանք, որ մեր եկեղեցին ունենայ շատ Տէր Գրիգորներ ու Վարդապետեանցներ»:

Մեկ տարի անց՝ 1890թ., Գրիգոր քահանայի նվիրվածության մասին դարձյալ գրվել է. «Մեծ պասն անցաւ, քարոզները վերջացան: Գրեթէ էլ չեն կրկնուիլ մինչեւ եկող տարուայ մեծ պասը: Դա լաւ չէ: Ժողովրդին պաղեցնում է եկեղեցուց այդ երկար ժամանակի ընդմիջումը: Բայց ո՛չ պարտաւորացնող կայ եւ ո՛չ պահանջող, քահանան էլ չէ մեղաւոր: Այս մեծ պասի օրերում աչքի էր ընկնում Գրիգոր քահանայ Տէր-Ղազարեանցը: Սա իւր քարոզներով գոհացրեց իւր հօտին, մխիթարեց նրան հոգեպէս եւ ժողովուրդը, աւելին իրենց կարողութիւնից վեր համարելով, անցեալ տարվայ պէս վարձատրեցին նրան մի արծաթեայ ոսկեզօծ բաժակակալով եւ երկու նոյնպիսի բաժակներով: Վարձատրօղների մէջ գլխաւոր դերը կատարում էր երիտասարդութիւնը, որ մեզանից ինտելիգէնցիա դասակարգն է համարւում: Սա ուրախալի երեւոյթ է, որ հօտը կարողանում է ճանաչել եւ գնահատել իւր հովուի արժանիքը»:

Գրիգոր քահանան ծնվել է 1829թ. Տեր Կարապետ քահանայի եւ Թագուհու ընտանիքում, 1857թ. ձեռնադրվել է քահանա եւ շուրջ 44 տարի քահանայագործել է, վայելելով ոչ միայն իր ծխականների, այլեւ հասարակության սերն ու հարգանքը: Նրա մոխրագույն տապանաքարը Շուշիի հյուսիսային գերեզմանոցում է, որի դիմային մասում պատկերված է փոքրիկ խաչ եւ հոգեւորականի գավազան, իսկ մյուս մասում 6 տող արձանագրությունն է. «Այստեղ հանգստանում է երջանկայիշատակ Գրիգոր՝ քահանայ Տէր Կարապետեան Տէր Ղազարեանցը, որ 44 տարի հովւում էր իր հօտին Վերին թաղի Ս. Յովհաննու եկեղեցում. վախճանուեց 1902 թիւ սեպտեմբերի 8-ին, 73 տարեկան հասակում»:
Գրիգոր քահանայի տապանաքարի կողքին նրա մոր՝ Թագուհու տապանաքարն է. «Հանգիստ Թագուհոյ՝ կնոջ Կարապետ քահանայի, որ է Ղազարեանց վախճանեցաւ ի 1876 ամաց, հասակի…»:

Սբ Հովհաննես եկեղեցին կանգուն է քաղաքի Վերին թաղում, որի համար էլ երբեմն անվանվել է Վերին թաղի եկեղեցի: Անվանվել է նաեւ «Կանաչ ժամ», քանի որ ժամանակին եկեղեցու գմբեթը եղել է կանաչ գույնի: Կառուցվել է 1818թ. նախկին փայտաշեն եկեղեցու տեղում եւ ունի խաչաձեւ հատակագիծ: Եկեղեցուն արեւմուտքից կցված է 1847թ. կառուցված գմբեթավոր զանգակատունը: Գործում էր 1995թ. սկսած: 2020թ. նոյեմբերին ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության անցնելուց հետո ավերվել է:

1892թ. հունվարին նշվել է, որ այդ եկեղեցին սկսում է «պայծառ կերպարանք ստանալ». «Քաղաքիս Վերին թաղի եկեղեցին, որ 45 տարուայ եկեղեցի է, համեմատելով միւս եկեղեցիների հետ, շատ աղքատ դրութեան մէջ է գտնվում, որովհետեւ ժողովրդի մեծ մասը չքաւոր արհեստաւորներ են. բայց այժմ շնորհիւ մի քանի իշխանների եւ գործունեայ հոգեւորականի սկսել է պայծառ կերպարանք ստանալ: Պ. Բ. Աղասարեանցը այս եկեղեցուն նուիրեց նորերումս վախճանուած Աբուհայաթ խանում Աղասարեանցի իւր կենդանութեան օրոք պատրաստել տուած թանկագին շուրջառ 120 մանէթ արժողութեամբ, իսկ ծննդեան տօնին մի թաւշեայ թանկագին վարագոյր նուիրեց նոյն եկեղեցու ծխական Պ. Թադէոսեանցը»: Իսկ այդ «գործունեայ հոգեւորականը»՝ անշուշտ Գրիգոր քահանան էր:

Սբ Հովհաննես եկեղեցու մոտ գործել է «Թադէոսեան» արական ծխական դպրոցը, որը հիմնվել է 1895թ. շուշեցի մեծահարուստ Իսահակ Թադեւոսյանի մեկենասությամբ: Սակայն, շուտով ցարական կառավորության հրամանով փակվել է եւ վերաբացվել 1905թ.՝ ազգային դպրոցները վերաբացելու թույլատվությունը ստացվելուց անմիջապես հետո: Եղել է «երկսեռ հոյակապ դպրոց», որը 1908-09 ուս. տարում ուներ 110 (30-ը՝ աղջիկ), 1912 թվականին՝ 120 աշակերտ, իսկ 1915 թվականին՝ 3 ուսուցիչ եւ 123 սան: Լինելով հոգաբարձության կազմում` Ի. Թադեւոսյանը ոչ միայն «…աւելի քան յիսուն աշակերտի թոշակ, սնունդ եւ հագուստ էր մատակարարում», այլեւ դպրոցի գոյատեւման համար հատկացրել է 30.000 ռ., որի համար էլ արժանացել է հայրապետական օրհնության կոնդակի:

Արմեն ԱՍԱՏՐՅԱՆ
գիտաշխատող

«Առավոտ» օրաթերթ
01.07.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031