Լրահոս
Օրվա լրահոսը

Հեքիաթների փառատոնի հիմնադիր. «Միշտ բարի աչքերով նայենք աշխարհին եւ երբեք չվհատվենք»

Սեպտեմբեր 03,2014 12:47

Սեպտեմբերի 6-10-ը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնի նախաձեռնությամբ Լոռու մարզում կանցկացվի «Թումանյանական հեքիաթի օր» խորագրով Տիկնիկային թատրոնների միջազգային 9-րդ փառատոնը: Այն կմեկնարկի Դսեղից, մասնակիցները նախ ծաղիկներ կդնեն Հովհաննես Թումանյանի հուշարձանին, ապա Վանաձորի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում կբացվի բուն փառատոնը՝ Ներքին Բազմաբերդի թատրոնի ներկայացմամբ:

Փառատոնին մասնակցում են թատերախմբեր 7 երկրից (Իրան, Ռուսաստան, Վրաստան, Ֆրանսիա, Իտալիա, Ուկրաինա, Թուրքմենիա): Հրավիրված են նաեւ տիկնիկային թատրոն եւ արվեստի գործիչներ Արցախից: Փառատոնը կփակվի Երեւանում՝ սեպտեմբերի 10-ին Հովհաննես Թումանյանի անվան տիկինիկային թատրոնում: Փառատոնային օրերին նախատեսված են նաեւ վարպետաց դասեր, ամենօրյա երեկոյան ակումբեր, էքսկուրսիաներ դեպի պատմամշակութային հուշարձաններ:

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին մշակույթի նախարարությունում կայացավ փառատոնի մեկնարկին նվիրված ասուլիս, որին մասնակցում էին Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնի նախագահ Արմեն Սաֆարյանը (լուսանկարում) եւ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սեյրանուհի Գեղամյանը:

Արմեն Սաֆարյանն ասաց, որ փառատոնը նվիրված է Հովհաննես Թումանյանի ծննդյան 145-ամյակին: «Ուրախ եմ, որ կարողանում ենք տագնապներով լի երկիր մոլորակում ու Հայաստանում գտնել ժամանակ եւ փառատոն կազմակերպել Լոռու մարզում…Վանաձորցիները շատ են ուրախացել, քանի որ հագեցած ծրագիր կլինի նաեւ Վանաձորում, մանկատանն էլ կխաղանք: Ուրախ եմ, որ ամեն տարի մեր հրավիրատոմսերի ծրարների վրա Թումանյանի լուսանկարն է, եւ նրա խոսքը՝ արեւի աչքերով նայեցեք աշխարքին: Կարծում եմ, որ պետք է միշտ բարի աչքերով նայենք աշխարհին եւ երբեք չվհատվենք»,-ասաց արվեստագետը: Նա նաեւ հավելեց, որ Իրանի տիկնիկային թատրոնը կներկայանա թումանյանական ու ազգային հեքիաթների հիման վրա ստեղծած ներկայացումներով:

«Ովքեր մասնակցել են թումանյանական փառատոնին, նորի՛ց են ցանկություն հայտնում գալ, Հայաստանի ֆենոմենն է, որ ուզում են մասնակցել ու Թումանյան են ուզում ներկայացնել, ամեն տարի յուրօրինակ տոնախմբության է վերածվում փառատոնը»,-փաստեց Արմեն Սաֆարյանը:

Սեյրանուհի Գեղամյանն էլ հավելեց, որ նախարարությունը սիրով է աջակցում ծրագրին: Նա նշեց, որ փառատոնը յուրատեսակ հնարավորություն է երեխաներին համակարգչային խաղերից կտրելու. «Պետք է ընդլայնել եւ ավելի ընդգրկուն դարձնել»:
Փառատոնին տոմսեր չեն վաճառվելու, այն անվճար է: Փառատոնի մասին տեղեկություններ կարելի է գտնել www.unimaarmenia.info.am կայքում:

Կազմակերպիչների համոզմամբ, փառատոնը նպաստում է տիկնիկային արվեստի տարածմանը: Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնը նաեւ տիկնիկային թատրոններ է հիմնում: Օրինակ, անցյալ տարի Գավառի դպրոցական տիկնիկային թատրոնը Բուլղարիայում կայացած նմանօրինակ փառատոնից գլխավոր մրցանակ է բերել:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930