Լրահոս
Օրվա լրահոսը

Սաքունցը` փաստաբանի մեղադրանքների մասին. «Աբսուրդ է»

Սեպտեմբեր 09,2014 22:41

Այսօր` սեպտեմբերի 9-ին, Aravot.am-ի հետ զրույցի ընթացքում Արեն Վերանյանի եւ Սամվել Դիլոյանի փաստաբան Ռուբեն Հակոբյանը նշել էր, որ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ամբաստանյալ Սամվել Դիլոյանի հետ խնդիրներ է ունեցել` տարածքի վարձակալության հետ կապված եւ դատական նիստերից մեկի ընթացքում իրականության հետ չհամապատասխանող տեղեկություններով փաստաթուղթ է ներկայացրել դատարան:

Հիշեցնենք` Արեն Վերանյանը, Արտակ Վերանյանը եւ Սամվել Դիլոյանը մեղադրվում են 2012 թվականի նոյեմբերի 18-ին «Մուշ» ռեստորանում փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության մեջ:

Արթուր Սաքունցը Aravot.am-ին հայտնեց, որ տուժողի իրավահաջորդը` Սամվել Շարբաթյանի կինը հրաժարվել է իրավահաջորդ լինելուց եւ հաջորդ իրավահաջորդ նշանակվել է քույրը, որն արդեն իրեն չի առաջարկել լինել իր ներկայացուցիչը.

«Այն ճնշումները, որոնք դատարանի դահլիճում եւ դատարանի դահլիճից դուրս ինքը զգացել է իր նկատմամբ չի կարողացել տանել, եւ հրաժարվել է, հաջորդ տուժողի իրավահաջորդ է նշանակվել Սամվել Շարբաթյանի քույրը: Այսինքն` ոչ թե իրավահաջորդն է հրաժարվել ինձնից, այլ իրավահաջորդն է դադարեցրել իր` տուժողի իրավահաջորդի կարգավիճակը, եւ այդ ուժով  ես դադարել եմ լինել տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ: Եթե հաջորդ տուժողի իրավահաջորդը դիմեր ինձ` որպես իր շահերի ներկայացուցիչ, ես, բնականաբար, կշարունակեի, բայց դա այդպես չի եղել»:

Պարոն Սաքունցը նշեց, որ թեւ բավական ժամանակ է չի մասնակցում այդ գործին, բայց հետեւում է դատաքննության ընթացքին: Նրա խոսքերով` երբ ինքը ներգրավված էր գործում, շատ է բարձրացրել հարցեր, որոնք մինչեւ հիմա էլ կողմը չի կարողանում հաղթահարել: Նա հավելեց, որ իր վերջնական գնահատականը` քրեական գործի դատաքննության վերաբերյալ կներկայացնի այն ժամանակ, երբ դատաքննությունն առաջին ատյանի դատարանում ավարտվի.

«Պարոն Ռուբեն Հակոբյանը փոխանակ` զբաղվի փաստաբանությամբ, զբաղվում է մանիպուլյացիաներով, եւ ակնհայտ այլ մեթոդներ է ուզում կիրառի գործի հետ կապված բուն հարցադրումներից հանրության ուշադրությունը շեղի բոլորովին այլ տեղեր, եւ դա շատ թույլ պարտության տարբերակ է: Դա, իհարկե’, իր ընտրությունն է»:

Անդրադառնալով Ռուբեն Հակոբյանի պնդմանը` թե ինքը Սամվել Դիլոյանի հետ խնդիրներ է ունեցել` Արթուր Սաքունցը բացականչեց` աբսուրդ է եւ նման մեղադրանքների համար բացարձակապես որեւէ հիմք չկա. «Մեր կազմակերպության գրասենյակը գտնվում է սեփական տարածքում, եւ կողքի տարածքը վարձակալված է: Դա ուղղակի իրենց ենթադրությունն է»:

Իսկ իրականության հետ չհամապատասխանող տեղեկություններով փաստաթուղթը պարոն Սաքունցը չգիտեր, թե ի՞նչ է. «Եթե հիմքեր կան, որ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի աշխատակիցների կողմից կամ իմ կողմից կեղծիք է արվել, կարող են դիմել իրավապահ մարմիններ եւ քրեական գործի հաղորդում տալ, որ մենք փաստաթուղթ ենք կեղծել»:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արմեն says:

    Ամի ՉԻՉԱԿՅԱՆ , Սաքունցը երբեք պարոն չի կարող լինել

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930