Լրահոս
Օրվա լրահոսը

«Հրամանատարները պետք է ազգին ծառայեն, ոչ թե մանր-մունր քաղաքական շահեր սպասարկեն»

Սեպտեմբեր 12,2014 18:00

Հարցազրույց ԵԿՄ վարչության նախագահ,
Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հետ

– Հրամանատարներն իրենց ազատամարտիկների դաշինքը ստեղծեցին, Ռուբեն Գեւորգյանն իր կառույցն է ստեղծում: Ազատամարտիկների դաշինքը հայտարարեց, որ կանգնելու է քառյակի` ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն», ուժերի կողքին: Ստացվում է, որ ամեն քաղաքական ուժ իր Երկրապա՞հն է ստեղծում: Ինչո՞ւ է պառակտվում Երկրապահը:

– Դուք էլ եք գիտակցում, որ հայ ժողովուրդը չի պառակտվել: Երկրապահը ողջ հայ ազգն է, սա հայ ազգը համախմբող կառույց է: Իսկ որ տարբեր կառույցներ ստեղծելու փորձեր են արվում, դա պառակտումից չի, այլ տարբեր քաղաքական հետաքրքրություններից: Երկրապահի առավելությունն այն է, որ արհեստածին կառույց չէ, չի ստեղծվել քաղաքական մանր հարցեր լուծելու համար: Երկրապահը ժամանակին ստեղծվել է արյան կանչով, ստեղծվել է Սպարապետ Վազգեն Սարգսյանի կողմից, այսօր էլ հավատարիմ է Սպարապետի ժառանգությանը: Թե չէ՝ ասում եք՝ հրամանատարներ: Հրամանատարները պետք է ազգին ծառայեն, ոչ թե մանր-մունր քաղաքական շահեր սպասարկեն: ԵԿՄ-ում այսօր 250 ջոկատի հրամանատար կա: Մենք երբեւէ դա շեշտե՞լ ենք: Շատերն են շատ բան փորձում ստեղծել: Ես մեր ժողովրդին եմ հավատում, վստահում, մեր պետությանը: Իսկ եթե կան ուժեր, որ կարծում են, թե կարելի է պետության մեջ պետություն ստեղծել, դրանց զգուշացնեմ, որ իրենք դատապարտված են:

– ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի բացառել, որ կրկին կարող է հավակնել իշխանության: ԵԿՄ-ն եւ անձամբ Դուք կկանգնե՞ք նրա կողքին:

– Ռոբերտ Քոչարյանը մեր երկրի, մեր պետության զինվորներից է եղել եւ քաղաքական գործիչ: Նա միշտ ազատ է եղել իր որոշումների մեջ եւ այսօր էլ ազատ է: ԵԿՄ-ն կանգնած է այսօրվա նախագահ Սերժ Սարգսյանի կողքին, հավատում, վստահում ենք նրան: Նախագահը դեռ 4 տարի էլ պաշտոնավարման ժամկետ ունի: Կգա ժամանակը, եւ այսօրվա նախագահն էլ կորոշի, թե ինքն ում պետք է աջակցի: Ես ոչ մեկին էլ խորհուրդ չեմ տա ժամանակից շուտ սկսել ընտրարշավը: Շատ շատերին խորհուրդ եմ տալիս ժամանակից շուտ, ջուրը դեռ չտեսած՝ չբոբիկանալ:

– Խորհրդարանական քառյակը հանրահավաքային շրջան է սկսելու: Կհաջողվի՞ նրանց ժողովրդին ոտքի հանել եւ գահընկեց անել Սերժ Սարգսյանին:

– Ես լավ չեմ հասկանում: Քառյակը երկրի, պետության, ժողովրդի ապագայի մասի՞ն է մտածում, հանուն ինչ-ինչ արժեքների՞ է գործում, թե՞ աշխատում է ընդդեմ սկզբունքով: Ես վստահ ասում եմ, որ ոչ ոք չի կարող մեր երկիրը ցնցումների տանել: Կարծում եմ, որ ընդդիմության շարքերում էլ խելացի, բանիմաց մարդիկ են, երկրի շահերով առաջնորդվող: Ես վստահ եմ, որ ընդդիմությունը քաղաքական պայքարը կտանի քաղաքակիրթ ճանապարհով, օրինական, սահմանադրական ճանապարհով: Ինչ խոսք, եթե կան թերություններ, պետք է դրանց մասին խոսել, բարձրաձայնել:

– Աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում ի՞նչ է սպասվում Հայաստանին: Ադրբեջանը կրկին կգնա՞ արկածախնդրության:

– Ադրբեջանը միշտ էլ գնում է սադրանքների, միշտ էլ պատրաստ է արկածախնդրության եւ միշտ էլ կանի, եթե թույլ տանք: Եթե ինքներս մեր ձեռքով մեր տունը չքանդենք, մեր անկախությունը չքանդենք, եթե միասնական եւ ուժեղ լինենք, ոչ մի Ադրբեջան կամ այլ արտաքին ուժեր չեն կարող մեզ վնասել: Մենք ենք մեր ճակատագրի տերը, մեր բախտը մենք ենք տնօրինում: Թուրքը հազարավոր տարիներ ցանկացել է մեզ վնասել, վատություն անել: Եղել են ժամանակներ, որ հաջողել է, եղել են՝ ոչ: 1915 թվականին թուրքը հաջողության հասավ, որովհետեւ միասնական չէինք, որովհետեւ մեր հույսը օտար պետությունների, օտար ազգերի վրա էինք դրել: Իսկ վերջին Արցախյան ազատամարտում հաղթեցինք, քանի որ հավատացինք ինքներս մեզ, մեր ուժերին, գործեցինք միասնաբար՝ ազգային ծրագրի շրջանակներում:

Մեր իղձերի իրագործման համար պետք է ունենանք ուժեղ պետություն, միասնական եւ հավատացյալ ժողովուրդ:

Զրույցը` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
11.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930