Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարն ընդունել է շերիֆին

Սեպտեմբեր 17,2014 13:19

Այսօր ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Միդլսեկս շրջանի շերիֆ Փիթեր Քութուջյանին:

Նախարարը նշել է, որ ուրախ է ողջունել հայրենակցին, ով իր երկրում ունի մեծ հեղինակություն և լավ գործընկեր է Հայաստանի համար: Նախարարը հյուրի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքին, որ հայկական երկու պետությունները և Սփյուռքը միասին եռամիասնություն են և մենք այդ ուժը պարտավոր ենք օգտագործել հանուն Հայաստանի: «Կարծում եմ, որ Հայաստանը ողջ հայությունն է իր մտավոր ներուժով՝ անկախ բնակավայրից»,- հավելել է նախարարը:

Փիթեր Քութուջյանը, անդրադառնալով իր աշխատանքային գործունեությանը, նշել է, որ բազմաթիվ աշխատանքներ է տարել պատիժների կատարման, ընտանեկան բռնություններին առնչվող խնդիրների և դատապարտյալների սոցիալական ինտեգրմանը վերաբերող ոլորտներում: Ներկայացնելով Միացյալ Նահանգներում քրեակատարողական ծառայության կատարելագործմանն ուղղված աշխատանքները՝ շերիֆը կարևորել է հարցին մոտենալու ամերիկյան փիլիսոփայությունը. «Պատժում ես՝ նախապատրաստելով ազատության»:

Կողմերն անդրադարձել են հնարավոր գործընկերության շրջանակներին, պրոբացիոն ծառայության Ամերիկյան առաջավոր փորձին և երկու երկրներում պատիժների կատարման հարցերին:

Հանդիպման ավարտին նախարարը ուղենշել է հետագա համագործակցության հնարավոր եզրերը և հստակեցրել առաջիկա անելիքները:

Տեղեկացնենք, որ 2011-ից Փիթեր Քութունջյանը Մասաչուսեթս նահանգի շերիֆն է: 2013-ին նրան հաջողվում է շրջանի ամենից շատ փնտրվող հանցագործներին բերման ենթարկել, ամբողջ շրջանում փակվում է մոտ 50 ընդհատակյա հաստատություն: 2013-ին ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի հրամանագրով Քութուջյանին շնորհվում է նախագահական շքանշան երկրի ներքին անվտանգության ապահովման ոլորտում մատուցած ծառայությունների համար:

2013-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Քութուջյանին պարգևատրել է «Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի, ԼՂՀ միջազգային ճանաչման գործունեության պաշտպանության համար երախտապարտության շքանշանով»:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930