Լրահոս
Հայուն Խաչքարը
Օրվա լրահոսը

ԵՏՄ պայմանագրում անճշտություններ հայտնաբերելու համար վարչապետը նախարարություններին 3 օր ժամանակ տվեց

Հոկտեմբեր 02,2014 12:58 Share

Այսօր կառավարության նիստում հավանություն տրվեց «Հայաստանի Հանրապետության՝ Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին պայմանագրի նախագծին:

Նիստին նախագիծը զեկուցող ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանն ասաց, որ, այսպիսով` Հայաստանը միանում է Եվրասիական տնտեսական միության 2014-ի պայմանագրին, Մաքսային միության եւ միասնական տնտեսական տարածքի իրավապայմանագրային բազայի ձեւավորման շրջանակներում կնքված եւ եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող այլ միջազգային պայմանագրերի:
Պարոն Կարայանի խոսքերով՝ պայմանագրում սահմանված է այն ապրանքների ցանկը, որոնց հանդեպ Հայաստանի համար անցումային փուլում կիրառվելու են միասնական մաքսային սակագներից տարբերվող ներմուծման այլ մաքսատուրքեր:

Քանի որ Հայաստանը ԵՏՄ երկրների հետ ընդհանուր սահմաններ չունի եւ, ինչպես ասաց փոխնախարարը, ապրանքների տեղաշարժն էլ երրորդ երկրների տարածքով է իրականացվելու, ապա այս պայմանագրով սահմանվում են տարանցիկ փոխադրման պայմանները:

Պայմանագրում ներմուծման մաքսային տուրքերի մուտքագրման եւ բաշխման փոխանցման կարգի մասին արձանագրությունում վերը նշված կետը հետեւյալ կերպ է ձեւակերպված. «Յուրաքանչյուր անդամ-պետության համար ներմուծման մաքսային տուրքերի գումարների բաշխման նորմատիվները սահմանված են հետեւյալ չափերով. Հայաստանի Հանրապետություն՝ 1,13%, Բելառուսի Հանրապետություն՝ 4,65%, Ղազախստանի Հանրապետություն՝ 7,25%, Ռուսաստանի Դաշնություն՝ 86,97»:
Այս պայմանագրին մանրամասն ծանոթանալու համար վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախարարություններին 3 օր ժամանակ տվեց, որի ընթացքում անճշտություններ հայտնաբերելու դեպքում խորհուրդ տվեց դիմել կառավարության աշխատակազմին:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել