Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում «սովորական» ուսանողներին չեն ընդունում աշխատանքի». ուսանող

Հոկտեմբեր 06,2014 22:30

Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների Education USA կրթական խորհրդատվական կենտրոնն այսօր Ռոյալ թուլիփ գրանդ հոթել Երևան հյուրանոցում կրթական ցուցահանդես էր կազմակերպել, որի նպատակը Միացյալ Նահանգներում ուսման, գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելու հնարավորությունների մասին հասարակությանն իրազեկելն էր:

Education USA կրթական խորհրդատու Շուշաննա Աբովյանն ասում է, որ տարվա ընթացքում նմանատիպ երկու ցուցահանդես են կազմակերպում՝ գարնանը և աշնանը: Ցուցահանդեսներն իրարից տարբերվում են նրանով, որ աշնանը մասնակցում են ամերիկյան համալսարանների պաշտոնական ներկայացուցիչները, իսկ գարնանը կազմակերպվող ցուցահանդեսին մասնակցում են շրջանավարտները: Այսօրվա ցուցահանդեսին ներկայացված էին յոթ համալսարաններ:

«Բուհերի հատուկ ընտրություն չի կատարվում, բուհերն իրենք են գրանցվում ցուցահանդեսին մասնակցելու համար,- ասում է Շ. Աբովյանը,- ցուցահանդեսը տուրի ձևով է իրականացվում, այսինքն՝ այն համալսարանները, որոնք ցանկություն են հայտնում այցելելու տարբեր երկրներ՝ հանդիպելու տեղի ուսանողների հետ, գրանցվում են»:

Ինչ վերաբերում է հայ ուսանողների կողմից հետաքրքրությանը ամերիկյան բուհերի նկատմամբ, Շ. Աբովյանն ասում է, որ այն բավականին մեծ է. «Ներկա պահին ԱՄՆ-ում 350 հայ ուսանող է սովորում, և մեր ցուցահանդեսներն էլ են ցույց տալիս, որ հետաքրքրությունը շատ մեծ է: Օրինակ՝ այս տարի 1500-ից ավելի մարդ է գրանցվել այս ցուցահանդես այցելելու համար: Այսպիսի ցուցահանդեսների առավելություններից մեկն էլ այն է, որ դրանց ժամանակ տեղացի ուսանողները կարողանում են դեմ առ դեմ հանդիպել ու խոսել համալսարանների ներկայացուցիչների հետ և ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները»,- ասում է Շ. Աբովյանը:

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ուսանողուհի Ժաննա Այվազյանը, որը նույնպես ներկա էր ցուցահանդեսին, Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ հետաքրքրված է ինժեներությամբ ու դիզայնով և ուզում է արտերկրում շարունակել կրթությունը. «Մեր երկրում սովորող ուսանողներին, կարծես թե, առավելություններ չեն տրվում,- ասում է նա,- եթե անգամ նրանք մագիստրատուրան էլ են ավարտած լինում, միևնույն է, աշխատանք գտնելու հարցում խնդիրներ են առաջանում: Այսինքն՝ առանց կողմնակի միջնորդության, «սովորական» ուսանողներին չեն ընդունում աշխատանքի: Ես նկատել եմ, որ այն մարդիկ, որոնք վերապատրաստվել կամ թեկուզ ինչ-որ չափով կրթություն են ստացել արտասահմանում, Հայաստանում մեծ պահանջարկ են ունենում: Գուցե այստեղի կրթությունն ավելի լավն է, քան այնտեղինը, բայց, չգիտես ինչու, այնտեղ վերապատրաստված մարդիկ այստեղ կարողանում են հեշտությամբ աշխատանք գտնել: Սա ինձ համար ցավոտ երևույթ է»:

Մասնագիտությամբ ինժեներ Արմեն Սիմոնյանն էլ ուզում է արտերկրում խորացնել այստեղ ստացած կրթությունը. «Ես հետաքրքրված եմ դրսում սովորելով, քանի որ այնտեղ կրթությունն ավելի որակյալ է, տեխնոլոգիաներն այնտեղ ավելի զարգացած են: Ուզում եմ տիրապետել այդ ամենին և հետագայում վերադառնալ ու փորձել դրանք կիրառել մեր Հայաստանում, բայց, անկեղծ ասած, մի փոքր հիասթափված եմ այսօրվա ցուցահանդեսում ներկայացված համալսարանների ցանկից. ես կարծում էի՝ ավելի առաջատար համալսարաններ կլինեն, բայց այդպիսիք չգտա կոնկրետ ինժեներության ոլորտում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Ա. Սիմոնյանը:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031