Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ինչպես նաև հայաստանյան ակադեմիական համայնքի ներկայացուցիչներն առաջին անգամ մասնակցեցին բարձրագույն կրթության ոլորտում միջազգային համագործակցությանն ու զարգացման միտումներին նվիրված «QS Higher Ed Summit: Europe 2026» միջոցառումների շարքին, որն այս տարի կայացավ հունիսի 23-25-ը Հունգարիայում։
Միջոցառումների կազմակերպիչը QS (Quacquarelli Symonds)-ն էր՝ բարձրագույն կրթության ոլորտում վերլուծություն, գնահատում, խորհրդատվություն և համալսարանների միջազգային վարկանիշավորում իրականացնող հեղինակավոր կազմակերպություն, որը հայտնի է համալսարանների միջազգային QS World University Rankings վարկանիշավորմամբ։ Վերջինս ձևավորվում է՝ հաշվի առնելով բուհերի գիտական հրապարակումները, միջազգային ուսանողների և դասախոսների թիվը, միջազգային համագործակցությունը, դասավանդման որակը և այլ գործոններ։
- Պլենար զեկույց՝ ՀՀ բարձրագույն կրթության և գիտության ոլորտների բարեփոխումների վերաբերյալ
Հունիսի 23-ին Հունգարիայի Գյոր քաղաքի Սեչենյի Իշտվան համալսարանի Գիտության և ինովացիաների կենտրոնում կայացած «QS Higher Ed Summit։ Advanced Business Skills Forum» միջոցառման շրջանակում Սարգիս Հայոցյանը հանդես եկավ «Higher Education and research landscape of Armenia — On the way of legal and structural reforms: Potential partnerships between Armenia and Hungary and Rest of EU» պլենարային զեկույցով։
Կարդացեք նաև
Վերջինիս շրջանակում Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահը ներկայացրեց Հայաստանի բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում լանդշաֆտը, վերջին տարիներին իրականացված լայնածավալ իրավական և համակարգային բարեփոխումներն ու արձանագրված ձեռքբերումները՝ անդրադառնալով նաև ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված կարևորագույն ծրագրերից մեկին՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրին՝ որպես որակյալ բարձրագույն կրթության և հետազոտության համար արդիական կրթական միջավայրի ձևավորմանն ուղղված կամպուսային կլաստերների համախումբ։
Ելույթի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Հունգարիայի և, ընդհանուր առմամբ, ԵՄ երկրների հետ համագործակցության զարգացման հնարավորություններին, Եվրոպական հետազոտական տարածքին Հայաստանի ինտեգրմանն ուղղված քայլերին, ինչպես նաև այն ուղղություններին, որոնցով հնարավոր է խորացնել միջազգային գիտակրթական համագործակցությունը։
Միջոցառման առաջին օրը «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն Արմեն Սիմոնյանի և QS-ի փոխտնօրեն Բեն Սոութերի միջև կնքվել է համագործակցության վերաբերյալ համատեղ հայտարարություն, որով սկիզբ է դրվելու ՀՀ որոշ բուհերի համար QS միջազգային վարկանիշավորման կազմակերպության կողմից խորհրդատվական ծառայությունների մատուցման գործընթացին, ինչը հանդիսանում է Ակադեմիական քաղաք ծրագրի և կրթության զարգացման 2030 ծրագրի կարևորագույն հանձնառություններից մեկը:
- Միջոցառման ձևաչափը և համագործակցության ընդլայնման հնարավորությունները
«QS Higher Ed Summit» միջոցառման օրակարգը ներառում է բարձրագույն կրթության ոլորտի ռազմավարական զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ համալսարանների միջազգային մրցունակության բարձրացում, կրթության և աշխատաշուկայի փոխկապակցվածություն, գիտության և արդյունաբերության համագործակցություն, թվային փոխակերպում և արհեստական բանականության կիրառություն, միջազգային գործընկերությունների զարգացում, ակադեմիական շարժունություն, ներառական կրթություն և ինստիտուցիոնալ առաջնորդություն։ Բացի այդ, «Advanced Business Skills Forum»-ի շրջանակում առանձնակի անդրադարձ է կատարվել բիզնես կրթությանը, առաջնորդությանը և գործնական հմտությունների զարգացմանը վերաբերող հարցերին։
«QS Higher Ed Summit: Europe 2026» միջոցառումներին մասնակցեցին և բանախոսությամբ հանդես եկան թվով 60 երկրների, այդ թվում՝ ԱՄՆ, ՄԹ, Ֆրանսիայի, Իտալիայի, Հունաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի, Վրաստանի, Թուրքիայի կրթության ոլորտի պատասխանատուներ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՄԱԿ ՓԳՀ (UNHCR), Համաշխարհային բանկի ներկայացուցիչներ, ավելի քան 600 համալսարանների ղեկավարներ, գիտնականներ և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։
Միջոցառմանը կայացած պանելային քննարկումներում այս տարի որպես բանախոս հանդես եկան նաև ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը («The Reputation Gap: What European Universities Can Do About It» խորագրով) և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի միջազգայնացման և բարեփոխումների գծով պրոռեկտոր Սարգիս Ասատրյանցը («Employability or Illusion? How Universities Must Sell the Dream of a Great Career» խորագրով)։
- «QS Higher Ed Summit»-ը՝ որպես միջազգային գործընկերների հետ աշխատանքային քննարկումների հարթակ
Միջոցառումների երկրորդ օրը կայացան նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի և «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրենի առանձին աշխատանքային քննարկումները QS-ի մի շարք ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում, ի թիվս այլնի, անդրադարձ է կատարվել հետևյալ հարցերին․
- առաջիկայում նախատեսվող համագործակցության մանրամասներին և տեխնիկական ընթացքին,
- աշխատաշուկայի գլոբալ վերլուծության և հմտությունների ու կարողությունների հաշվառման ոլորտում QS-ի ընձեռած գործիքակազմին,
- ՀՀ բուհերի վերաբերյալ առկա տեղեկատվությանը, որի հիման վրա իրականացվում է բուհերի QS Rankings վարկանիշավորումը,
- խորհրդատվական աշխատանքներն իրականացնող թիմի գործունեության նախատեսվող շրջանակին:
Աշխատանքային հանդիպումների ընթացքում QS-ի գործընկերների հետ քննարկվել է նաև համաժողովին ՀՀ բուհերի ակտիվ մասնակցության հարցը, ինչպես նաև ապագայում Հայաստանում QS որոշ համաժողովների կամ գիտաժողովների անցկացման հնարավորությունը:
Ընդհանուր առմամբ, բարձրագույն կրթության ոլորտի կարևոր այս միջոցառմանը մասնակցությունը հնարավորություն է ընձեռել հայաստանյան ակադեմիական պատվիրակությանը ծանոթանալու բարձրագույն կրթության ոլորտի միջազգային միտումներին, համագործակցային կապեր հաստատելու առաջատար համալսարանների, հետազոտական կազմակերպությունների հետ, ինչպես նաև ուսումնասիրելու բարձրագույն կրթության ոլորտի արդի զարգացումները և միջազգային փորձը։
ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտե



















































