Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ պիտի ՀՀ քաղաքացին հոկտեմբերի 10-ին գա Ազատության հրապարակ

Հոկտեմբեր 10,2014 12:00

Եռյակը չի պատասխանել կարեւորագույն հարցին՝
ի՞նչ նկատի ունեն իշխանափոխություն ասելով

Իշխանափոխություն բառը այս օրերին չի իջնում բազմաթիվ քաղաքական գործիչների շուրթերից, սակայն հասկանալի չէ, թե ինչ իմաստով են նրանք այդ՝ առաջին հայացքից հավակնոտ բառն օգտագործում: Հատկապես խոսքը ոչ իշխանական ուժերի մասին է, որոնք մեկ իշխանափոխության կոչեր են անում, մեկ հայտարարում, թե չեն պահանջելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը: Միայն հայտարարվեց, թե հոկտեմբերի 10-ին հարթակում լինելու են երեք ուժերի՝ ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի եւ «Ժառանգության» լիդերները, եւ ոչ ավելին: Սակայն այն, ինչ ամենաշատն է հետաքրքրում ու հուզում հասարակությանը, ըստ էության շարունակում է մնալ անհայտ: Ի՞նչ ասել է իշխանափոխություն՝ գոչելու են «Սերժիկ հեռացի՞ր», թե՞ «Պայքար, պայքար մինչեւ վերջ»: Ի վերջո՝ ինչի՞ համար պետք է հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակ գա ՀՀ քաղաքացին՝ միայն լիդերներին հարթակում տեսնելո՞ւ:

Թերեւս այս անորոշությունն է պատճառը, որ շատ հասարակական-քաղաքական գործիչներ առանձնապես հույսեր չեն կապում հոկտեմբերի 10-ի հանրահավաքի հետ:
«Առավոտի» հետ զրույցում «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ-ի նախագահ Լարիսա Ալավերդյանն ասաց, թե հանրահավաքները կազմակերպվում են զուտ «ժողովրդական զանգվածներին ակտիվ պահելու համար»: Եռյակը փորձում է նաեւ կոտրել այն ավանդույթը, թե ընտրությունից ընտրություն են ակտիվ գործընթացներ ընթանում: Տիկին Ալավերդյանը նկատում է, թե իշխանափոխության կոչեր միշտ էլ հնչել են, անգամ 1990-ականներին կային քաղաքական ուժեր, որոնք իշխանափոխության կոչեր էին անում: Այս առիթով տիկին Ալավերդյանն ասաց. «Ես այդ կարգախոսին կողմ չեմ: Դա իշխանափոխության խնդիր չէ, այլ համակարգային ու խորքային: Այս հարցում ըմբռնում պիտի լինի՝ ինչ ենք հասկանում համակարգային փոփոխություն ասելով, ինչ՝ իշխանափոխություն»:

Լարիսա Ալավերդյանը եռյակի գործողություններում սուբյեկտիվություն է տեսնում ու նշում. «Այստեղ սուբյեկտիվությունը մեծ է. միայն թե սրանք չլինեն: Դա էլ է ավանդական կարգախոս, այնինչ հասարակությունը դանդաղորեն պետք է հասունանա եւ ավելի հասուն ու հստակ կարգախոսներով հանդես գա»:

Իսկ թե հոկտեմբերի 10-ին ո՞ւմ հրաժարականն է պահանջելու եռյակը եւ ի՞նչ քայլերի են դիմելու՝ ըստ էության իշխանության ղեկավարին՝ Սերժ Սարգսյանին, այնքան էլ չի հետաքրքրելու, քանի որ այդ օրն ավելի կարեւոր գործեր ունի նախատեսված. գտնվելու է Մինսկում՝ ստորագրելու Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու մասին փաստաթուղթը:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031