ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
ԳԻՐՔ ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ
Գլուխ քսաներորդ
Կարդացեք նաև
ԺՊԻՏԸ ԴԵՄՔԻՆ
Եվ ես ասացի՝ «ժողովուրդն ասում ա՝ Աստված ում շատ ա սիրում, նրան շուտ ա տանում», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ժողովրդի էդ ասածի հետ էնքան էլ համաձայն չեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «համ էլ՝ վաթսուն տարին առանձնապես քիչ չի», եւ ես ասացի՝ «առանձնապես շատ էլ չի», եւ Հավատացյալը թախծոտ ժպտալով ասաց՝ «ես արդեն վաթսունն անց եմ» եւ մի քիչ էլ մտածեց ու թախծոտ ժպտալով ավելացրեց՝ «Եղբայր Վարդգեսը նոր-նոր էր վաթսուն դառնալու» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «բայց, ի տարբերություն ինձ, ինքը լրիվ առողջ էր» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «էդպես առողջ էլ քնել ու չէր զարթնել» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «ինքը մահացած վիճակում ավելի ժպտադեմ էր, քան նույնիսկ՝ կյանքում», եւ ես ասացի՝ «բա ասում ես՝ «կյանքում էլ էր ժպտադեմ», եւ Հավատացյալը բավական երկար մտածեց ու ասաց՝ «վերջին ամիսներին մի քիչ մռայլ էր. դեմքից իր մշտական ժպիտը վերացել էր» եւ մի քիչ էլ մտածեց ու թախծոտ ժպտալով ավելացրեց՝ «բայց մահանալուց հետո իրա էդ մշտական ու լուսավոր ժպիտը նորից հայտնվեց դեմքին», եւ ես հարցրի՝ «բա ինչի՞ էր վերջին ամիսներին ժպիտը վերացել», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մի քանի պատճառներ կային», եւ ես հարցրի՝ «ի՞նչ պատճառներ», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու ասաց՝ «չգիտեմ էլ՝ ասե՞մ, թե՞ չասեմ», եւ ես ասացի՝ «թե ասելու բան չի, մի ասա», եւ Հավատացյալը բավական երկար մտածեց ու ասաց՝ «առաջին ու հիմնական պատճառն էն էր, որ վերջին տարիներին իր պատվերները կտրուկ պակասել էին, իսկ վերջին տարում ընդհանրապես պատվեր չէր ունեցել», եւ ես հարցրի՝ «պարկետչիկության գծո՞վ», եւ Հավատացյալը պատասխանեց ու ասաց՝ «հա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «համ ժողովուրդն ա արդեն անվճարունակ դառել, համ էլ՝ լավ արհեստավորի պահանջարկն ա պակասել», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «բայց լավ արհեստավորի պահանջ միշտ էլ կա», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու ասաց՝ «բայց պիտի կարենաս զակազ ճարես» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «հիմի ճարպիկները սաղ գործերն իրանցով են անում» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «մարդ կա՝ ոչ մի արհեստ չունի, բայց տուն ա ռեմոնտ անում», եւ ես զարմացած հարցրի՝ «ո՞նց», եւ Հավատացյալը թախծոտ ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «շատ հասարակ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «զակազը կպցնում ա, հավաքում ա Վարդգեսի պես մի քանի հմուտ վարպետների, ու ռեմոնտ են անում» եւ մի քիչ էլ մտածեց ու թախծոտ ժպտալով ասաց՝ «վերջում էլ կարող ա էդ վարպետներին խաբի ու փողը չտա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «կամ էլ՝ կիսատպռատ տա» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «եղբայր Վարդգեսի հետ մի քանի անգամ էդպիսի բան պատահել էր», եւ ես հարցրի՝ «քցել էի՞ն», եւ Հավատացյալը պատասխանեց ու ասաց՝ «հա», եւ ես հարցրի՝ «ո՞վ էր քցել», եւ Հավատացյալը բավական երկար մտածեց ու ասաց՝ «էդ քցողն էլ էր մեր եղբայրներից», եւ ես հարցրի՝ «հավատացյա՞լ էր», եւ Հավատացյալը բավական երկար մտածեց ու թախծոտ ժպտալով ասաց՝ «հիմի արդեն հաստատ կարամ ասեմ՝ չէ» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «իսկական հավատացյալը Վարդգեսն էր» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «որովհետեւ ինքն էդ քցողին ներեց», եւ ես զարմացած հարցրի՝ «ո՞նց ներեց», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մենք ուզում էինք էդ քցողի դեմ ընկերական դատի պես մի բան կազմակերպեինք, բայց Վարդգեսը չթողեց, ասեց՝ Աստված իրան դատավոր», եւ ես հարցրի՝ «հիմի էդ մարդն ի՞նչ ա անում», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու ասաց՝ «չգիտեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «երեւի հիմի էլ ուրիշներին ա քցում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «Վարդգեսին քցելուց հետո իզութոզով կորավ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «նույնիսկ Վարդգեսի թաղմանը չերեւաց», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «ի՞նչ էրեսով պիտի էրեւար», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ճիշտ ես ասում», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «էդ քցվելը վրեն շատ ուժեղ ազդած կըլնի», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու ասաց՝ «չէի ասի, թե շատ ուժեղ էր ազդվել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «էդ քցվելուց հետո մի տարուց ավել ապրեց» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «ընդհանուր վիճակն էր Վարդգեսի վրա ազդում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ինքը լավ արհեստավոր էր ու պարապությունից շատ էր սրտնեղում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «սիրտը շատ էր նեղվում, որ փող չի վաստակում ու չի կարողանում մարդկանց օգնի», եւ ես մի քիչ մտածեցի ու հարցրի՝ «նյութապես շատ է՞ր նեղվում», եւ Հավատացյալ Խորենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «նյութականի իմաստով առանձնապես չէր նեղվում, որովհետեւ աղջկան հաջող ամուսնացրել էր, տղի գործերն էլ Ռուսաստանում լավ էին, ու տղեն հորնումորն ամսական որոշակի գումար էր ուղարկում», եւ ես հարցրի՝ «բա էլ ինչի՞ց էր նեղվում», եւ Հավատացյալ Խորենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «անգործությունից» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ինքը սովոր էր, որ ինքը փող վաստակի ու ուրիշներին օգնի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «նույնիսկ որդու ուղարկած փողերից էր մուրացկաններին բաժին հանում», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «զարմանալի ա», եւ Հավատացյալը զարմացած հարցրեց՝ «ի՞նչն ա զարմանալի», եւ ես ասացի՝ «որ էդքան լավ արհեստավոր էր, ո՞նց գործ չէր ճարում», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու ասաց՝ «լավ արհեստավորն ու գործ ճարելը տարբեր բաներ են» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մանավանդ մեր օրերում են տարբեր» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «ինքը մենակ պարկետչիկ չէր. ուրիշ արհեստների էլ էր տիրապետում», եւ ես հարցրի՝ «ուրիշ ի՞նչ արհեստ ուներ», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինքը համ էլ շատ ուժեղ պատշար ա էղել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ասում են՝ ուժեղ էլ սվաղչի ա էղել, մանավանդ՝ գաջի գծով» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «ինքը գործ չէր ճարում, որովհետեւ սրաննրան չէր դիմում ու չէր խնդրում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ինքը վարպետ մարդ էր ու սովոր էր, որ պատվիրատուները գտնեն ու խնդրեն իրան»:
Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ


















































