Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորի քաղաքապետի պատերազմն անկախության դեմ. civilnet.am

Հոկտեմբեր 10,2014 10:26

Վանաձորի քաղաքապետը տեղացի դպրոցականների վզին պիոներական վզկապ է կապել ու հանել փողոց: Նրա պաշտոնական բացատրությունն է՝ պիոներական վզկապը քաղաքի պատմության թատերական դրվագն է: Լավ, թատերական դրվագ է, բայց ո՞ւմ համար: Ինչո՞ւ եք կրթական որևէ նպատակ չհետապնդող պատմությունը հենց հիմա դարձրել թատերական դրվագ: Վզկապը կապեցին, հետո՞:

Ձեր՝ պետություն չունեցած երախտագիտությունը ո՞ր պահից այդքան ազատ զգաց իրեն, որ կարող եք այսպես վարվել հազիվհազ անկախ երկրի հետ: Այս հարցերին պատասխանել պետք էլ չէ: Որովհետև սա պատմություն չէ պիոներ Օլեգ Կոշևոյի մասին: Սա պատմություն չէ Տարկովսկու Իվանի մասին: Սա պատմություն չէ երեխաների մասին: Սա պատմություն է Վանաձորի քաղաքապետի և քաղաքային իշխանության, կրթական ամբողջ համակարգի մասին: Սա պատմություն չէ ոչ մի երեխայի մասին, նույնիսկ եթե նա Լենին է ասմունքում: Այստեղ նույնիսկ պավլիկմորոզովություն չկա, որում կարելի էր ենթադրել, թե երեխաները «մատնում» են իրենց հայրերի ձեռքբերման սնանկությունը:

Չշփոթվեք: Այս պատմության մեջ երեխաներ չկան: Այս պատմության մեջ կա Հայաստանի Հանրապետությունը սեփական վզկապավոր մանկության հետ չփոխելու ուղիղ խոստովանությունը, որին ծառայեցվում է անկախ պետության սերունդը: Այսինքն, ուզում են ասել, թե անկախության 23-րդ տարում էս երեխաներին ոչինչ չենք սովորեցրել, ըստ այդմ պիոներական վզկապը, որպես անցյալի խորհրդանիշ կարող ենք կապել նրանց վզին: Այսինքն, սա քաղաքապետի պատերազմն է Հայաստանի անկախության դեմ: Ինքն իր մանկությունից դուրս չի եկել: Իր բոլոր նվաճումները մնացել են պիոներական վզկապի մեջ:

Եվ այսօր նա Եվրասիական տնտեսական միության էության տակ ԽՍՀՄ է որսացել, նրան թվում է, թե դինոզավրի քայլերով Հայաստանը գնում է Խորհրդային Միություն, շտապում է առաջ ընկնել, ինքը ԽՍՀՄ կառուցողների նավիգացիան է, հիշեցնում է նրանց, որ ինքն էստեղ է՝ Վանաձորում, որ Սովետ մտնելիս իրեն ու իր քաղաքը չմոռանան: Այլ խոսքով, մարդն առաջարկում է Վանաձորը դիտարկել 11-րդ բանակի հաղթական մուտքի բազա: Անունը դրել է քաղաքի պատմության թատերականացում: Ոչ ոք նրան չի ասել, որ պիոներիան քաղաքի պատմություն չէ, եթե միայն քաղաքի ճարտարապետությունը վզկապի տեսքով չէ, կամ Ղարաքիլիսան Կիրովական չի դարձել պիոներների պահանջով: Բայց Կիրովն անգամ պիոներ չի եղել, նա միանգամից եղել է կոմունիստ:

Նյութի մանրամասները կարդացեք civilnet.am-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031