Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբլու արժեզրկումը տրանսֆերտներն ու աշխատատեղերը կկրճատի

Նոյեմբեր 10,2014 18:08

Ռուսաստանի ռուբլու արժեզրկումը մի շարք բացասական հետեւանքներ կթողնի Հայաստանի վրա: Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը` համոզմունք հայտնելով, որ նախեւառաջ տրանսֆերտները կկրճատվեն, ապա աշխատանքի նպատակով ՌԴ-ում գտնվող մեր հայրենակիցների մի մասը, չի բացառվում նաեւ, որ աշխատանքը կորցնի: Տնտեսագետի խոսքերով, վնասներ կկրի Ռուսաստանի շինարարության ոլորտը, որտեղ էլ հիմնականում զբաղված են մեր քաղաքացիները եւ ներկրողները, որոնք որ ապրանքի համար վճարում են արտարժույթով` դոլարով, եվրոյով. «Ռուսաստանի բնակչության գնողունակությունը էապես ընկել է: Երկրում առաջացած տնտեսական հիմնախնդիրների ողջ ծանրաբեռնվածությունն ընկել է ժողովրդի վրա»:

Մեր այն հարցին, թե Ռուսաստանում դոլարով առեւտուր անելուց հրաժարվելու եւ ռուբլին փրկելու ՌԴ իշխանությունների նախագծերը խուճապ են առաջացրել նաեւ մեր երկրում եւ ՀՀ քաղաքացիները, որոնք բանկերում խնայողություններ ունեն անհանգստացած են, պարոն Եղիազարյանն ասաց. «Եթե մեր տնտեսական վիճակը վատթարանա, կվատթարանա վճարային հաշվեկշիռը, որը  ֆունդամենտալ նշանակություն ունի ազգային դրամի կուրսի համար, իսկ դրա հոդվածների վատթարացումը ակնհայտ է ներդրումների էական կրճատման ֆոնին:

Այսօր մեր երկիրը մի տնտեսության մաս է կազմում, որի դեմ պատժամիջոցներ են կիրառվում, բնականաբար, օտարերկրյա ներդրումները նույնպես այդ հանգամանքով պայմանավորված կկրճատվեն, ապրանքների արտահանումը նույնպես, իսկ այդ ամենը բացասական ազդեցություն է ունենում վճարային հաշվեկշռի վրա, որն էլ միշտ իր հերթին ազդում է դրամի կուրսի ձեւավորման վրա: Այստեղ հարց է առաջանում, ինչպե՞ս պահել կուրսը, Կենտրոնական բանկն ի վիճակի՞ է արժութային ինտերվենցիաների միջոցով կուրսը կայուն պահել: Եթե վճարային հաշվեկշիռը վատթարանում է, վատթարանում է նաեւ մեր պահուստները, պահուստներն էլ անվերջ չեն, հնարավոր չէ անընդհատ շուկայից դրամ գնել դոլար վաճառել, բնականաբար, ինչ-որ պահի հնարավոր է կտրուկ արժեզրկվի»:

Նկատենք, որ ըստ միջազգային փորձագետների, ռուբլու փոխարժեքը չի բարձրանա, այնքան ժամանակ, քանի դեռ նավթի 1 բարելի գինը չի գերազանցել 100 դոլարի ցուցանիշը: Եվ քանի որ վերջին երկու շաբաթվա ընթացքում նավթի գները Ռուսաստանում կտրուկ անկում են ապրել, իսկ Ռուսաստանի արտահանման շուկայի կեսից ավելին բաժին է ընկնում նավթին եւ նավթարտադրանքին, ապա ռուբլու արժեզրկումը անխուսափելի էր:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930