Լրահոս
Օրվա լրահոսը

Թեւան Պողոսյան. «Այդ հարցով դիմեք ԲՀԿ-ին, Սերժ Սարգսյանին, ՀԱԿ-ին»

Նոյեմբեր 11,2014 14:27

«Այս իրավիճակում, ես կարծում եմ, որ ճիշտ կլինի և այդպիսի առաջարկություն ես կառավարությանն արել եմ, որպեսզի նորից անդրադառնան այդ փաստաթղթին, կետ առ կետ քննարկեն այդ փաստաթուղթը և նշեն կոնկրետ այն գործընթացները, որոնցով իրականացնելու են այդ կետերը: Առաջին կետի մասին կունենանք փոքրիկ ճանապարհային քարտեզ, կունենանք ժամկետներ, անցնեն երկրորդին, անցնեն երրորդին, որպեսզի և՛ խորհրդարանական այս ուժերը կամ եռյակն իրենց բավարարված զգան, չասեն մեզ անտեսեցին, և՛ մյուս կողմից էլ կառավարությունը, կարծում եմ, որ մեկ անգամ էլ քննարկելով, միգուցե, նոր հայացքով կարող է նայել այս ողջ փաթեթին»,- երեկ «Արմենպրեսին» տված հարցազրույցում ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Երբ քառյակը հրապարակեց իր 12 պահանջները, իսկ ՀՀԿ-ականները շտապեցին դրական գնահատել քառյակի կառուցողական կեցվածքը, նախագահ Սարգսյանը բավական կոշտ արձագանքեց եռյակի հատկապես «պահանջ» ձեւակերպմանը: Մինչդեռ նախագահի վերջին հարցազրույցը բավական դրական ելեւէջներ է պարունակում: Aravot.am-ի հետ զրուցում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանն ասաց.

«Լավ է, որ գիտակցությունը եկել է, քանի որ այդ 12 կետերը շատ կարեւոր էին երկրի զարգացման եւ հետագա գործընթացների համար: Ուրախ եմ, որ կա գիտակցում, որ դրանց պետք է նորից անդրադառնալ, վերանայել, հասկանալ, որ դրանք այն հարցերի մի խումբն է, որոնք բնակչությանը հետաքրքրում են: Եվ եթե կառավարությունը կանդրադառնա ու կլուծի դրանք բոլորը, պետք է միայն ասել`շատ լավ է: Եթե բոլոր այն հարցերը, որոնք ընդդիմությունը բարձրացնում է, կառավարությունը լուծի, երկիրը երկիր կդառնա»:

Դիտարկմանը` մամուլում հրապարակումներ եղան, որ Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը հանդիպել-պայմանավորվել են, արդյոք այն մեղմացումները, որոնք նկատելի են նաեւ ԲՀԿ-ի ճամբարում եւ նախագահի հարցազրույցում, դրա արդյո՞ւնք են, Թեւան Պողոսյանն արձագանքեց. «Չգիտեմ: Այդ հարցով դիմեք ԲՀԿ-ին, Սերժ Սարգսյանին, ՀԱԿ-ին: Բոլորն իրենց խնդիրներն են»:

Թեւան Պողոսյանը ցանկացած պարագայում դրական է համարում, որ եթե կառավարությունը 12 կետերի առումով վերանայի մոտեցումը, քանզի երբ դրանք քառյակը հրապարակում էր, չէր կապում որեւէ հանդիպման ու պայմանավորվածությունների հետ. «Կողքի ֆոնը կապ չունի նրա հետ, որ երկրում կան այդ հարցերը եւ լուծում են պահանջում»:

Ավելին, մեր զրուցակիցը նկատում է, որ ՀՀԿ-ականներն ասում են, թե երկրում ոչ թե 12 այլ 120 կետ խնդիր կա ու եթե ինչ-որ պայմանավորվածությունների արդյունքում անգամ դրանք լուծվեն, շահողը ՀՀ քաղաքացին է լինելու:

Թեւան Պողոսյանը չցանկացավ մեկնաբանել ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի` նախօրեին տարածած հայտարարությունները, որոնք փոխադարձ հեգնանք էին պարունակում:

Ի դեպ, ԲՀԿ-ական եւ ՀԱԿ-ական գործիչները հրաժարվում են նախագահի հարցազրույցի առիթով մեկնաբանություններից:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930