Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատանքները սկսվեցին շատ թեժ մթնոլորտում: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարություն արեց՝ դատապարտելով խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հետ կատարվածը եւ քննադատեց հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանին՝ հայ-ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբում ռուսերեն խոսելու եւ օրենքը խախտելու համար: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Լեզվի պետական տեսչության պետի տեղակալը պատգամավորների ռուսերեն խոսելու հետ կապված գնահատական է տվել եւ որակել է դա «Լեզվի մասին» օրենքի խախտում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին այդ ակումբում ռուսերեն էր խոսել նաեւ հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը եւ Aravot.am-ի հարցին ի պատասխան, որ ինչո՞ւ եք խախտում օրենքը՝ ասել էր, որ դա ոչ պաշտոնական հանդիպում է: Այսօր Արտակ Զաքարյանը Նիկոլ Փաշինյանին նույն բացատրությունը տվեց, որ օրենքը վերաբերում է միայն պաշտոնական հանդիպումներին:
Ալեքսանդր Արզումանյանն արձագանքեց. «Ոչ ֆորմալ «Բելաջիոյում» կարող էիք հանդիպել, ԱԺ շենքում ցանկացած հանդիպում ֆորմալ է»:
Արտակ Զաքարյանը չհամաձայնեց. «Դա ձեր անձնական մոտեցումն է: Կարելի է նույն ձեր ասած «Բելաջիոյում» պաշտոնական հանդիպում կազմակերպել»:
Կարդացեք նաև
Ըստ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի, լեզվի մասին հարցն առաջ բերելը այսօրվա հետաքրքիր օրակարգն առավել հետաքրքիր դարձնելու նպատակ է հետապնդում:
Նա նշեց, որ ինքն էլ անգլերեն է խոսել մի հանդիպմանը եւ կարող են նաեւ այդ դեպքը ներառել. «Մենք իսկապես պարտավոր ենք հարգել մեր օրենքները, մասնավորապես, Լեզվի մասին օրենքը, բայց պարոն Փաշինյանի ասածը չեմ դիտարկում մեր լեզվին սպառնացող վտանգ: Եթե քաղաքական նպատակներով եք ասում, կարծում եմ, պարոն Փաշինյանի փաստարկը տեղին է: Նման ակումբ, որպես լիազորություն ունեցող մարմին, ԱԺ կանոնակարգում, որեւէ օրենքում նախատեսված չէ, հետեւաբար այդ ակումբը չի կարող համարվել պաշտոնական»:
Ալեքսանդր Արզումանյանը հետեւություն արեց՝ ուրեմն ապօրինի գործող ակումբ է:
Արտակ Զաքարյանը նշեց, որ եթե պարոն Փաշինյանը կարող է իրեն հայտարարել հայոց լեզվի թշնամի, բայց ինքն իրեն համարում է օրինապահ մարդ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ



















































Եթե ԱԺ հանձնաժողովի նախագահը ԱԺ-ում հայերենով ելույթ չի ունենում և իրեն օրինապահ մարդ է համարում, ապա թող իմանա, որ հասարակ ժողովուրդը այդ արարքը թիթիզություն ու անողնաշարություն է համարում: