Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Լեզվի պետական տեսչության՝ ԱԺ-ն խախտել է օրենքը. «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 12,2014 10:53

ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետի տեղակալ Մարինե Հովյանից երեկ հետաքրքրվեցինք, թե Ազգային ժողովում «Հայ- ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբի» նիստերը, որոնք անցնում են ռուսերենով, արդյո՞ք չեն հակասում մեր երկրում գործող օրենսդրությանը։ ««Լեզվի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով հաստատությունները ունեն լեզվական իրավունքներ ու պարտականություններ։ Եվ 4-րդ հոդվածի «բ» կետը սահմանում է, որ համագումարներում, նստաշրջաններում, ժողովներում, գիտաժողովներում, հրապարակային ատենախոսությունների եւ պաշտոնական ու զանգվածային այլ միջոցառումների ժամանակ պետք է ապահովվի ոչ հայերեն ելույթներին զուգահեռ հայերեն թարգմանությունը։ Մենք սա ունենք օրենսդրական դաշտում։ Այս դրույթին հակասող ցանկացած երեւույթ ասեմ, թե քայլ համարվում է հակաօրինական»,- պատասխանեց Մարինե Հովյանը։

Նրան խնդրեցինք հավելյալ պարզաբանել, թե արդյո՞ք թարգմանությունը պարտադիր է նույնիսկ այն դեպքում, երբ հայ-ռուսական բարեկամության ակումբը պետական կառույց չէ։ Հիշեցնենք, որ ակումբի նիստերը ռուսերենով անցկացնելը ԱԺ-ից նախօրեին հիմնավորել էին՝ նշելով, որ այդ ակումբը ունի հասարակական կազմակերպության կարգավիճակ եւ այն դուրս է Ազգային ժողովի գործունեության դաշտից։ «Մեր երկրում՝ Հայաստանի Հանրապետության տարածքում, այո, պետք է հայերեն լինեն»,- հարցին արձագանքելով՝ հայտարարեց Լեզվի պետական տեսչության պետի տեղակալը։

Իսկ ինչ վերաբերում է այն աննորմալ զուգադիպությանը, որ օրենքը խախտվում է հենց օրենսդիր մարմնում, ապա Մարինե Հովյանը նկատեց. «Բոլոր դեպքերում՝ օրինախախտությունը արդեն սխալ է։ Դա անհատ քաղաքացին է անում, հաստատությունն է անում, Ազգային ժողովն է անում, միեւնույն է՝ օրենքը խախտվում է»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031