Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսով Հարությունյան. «Թող տպավորություն չստեղծվի, թե ԵՏՄ-ն լուծելու է մեր բոլոր դարդերն ու ցավերը»

Դեկտեմբեր 23,2014 13:55

« 2014-ը ուկրաինիզացիայից խուսափելու հաջող տարի էր »,-այսօր «Դիալոգ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը: Նա կարևորեց նաև կառավարության համակարգում կատարված փոփոխությունները:

Պարոն Հարությունյանը բարձրացրեց արտագաղթի, աղքատության հաղթահարման ու աշխատատեղերի ստեղծման հարցը: Պատգամավորը կարևորեց նաև սահմանամերձ գոտիներում բիզնես կազմակերպելու լայն հնարավորություն ստեղծելն ու նկատեց. «Տնտեսական զարգացումը չի կարող ձևավորվել միայն փոքր և միջին առևտրով: Մեզ թվում է` շատ փող ունենալը կապիտալ է, բայց դա կապիտալ չէ: Կապիտալը արտադրության արդյունքում ձևավորված կապիտալն է»:

Պարոն Հարությունյանը կարևորեց այն, որ հնարավոր լինի արտադրել եվրոպականին համապատասխան արտադրանք, և ավանդական շուկան կհայտնվի ավելի լավ վիճակում: Ըստ ՀՀ-ական պատգամավորի`Հայաստանի խնդիրն է Հայաստանը ներկայացնել որպես գրավիչ միջավայր ներդրումների համար. «Պետք է Հայաստանի բրենդ ձևավորել»:

Անդրադառնալով ՀՀ-ի` Եվրասիական տնտեսական միության անդամակցության (ԵՏՄ) փաստին, պարոն Հարությունյանը նկատեց. «ԵՏՄ-ի անդամակցությունը նոր հեռանկարներ է խոստանում տնտեսական տեսանկյունից: ԵՏՄ-ին անդամակցելը չի նշանակում, թե լուծվելու են մեր բոլոր խնդիրները: Ոչ, այդ միությունն ինքը դեռ ձևավորման շրջանում է: Ինչ վերաբերում է ճգնաժամին, ապա այն վտանգավոր չէ, վտանգավոր է դա հաղթահարելու հնարավորություններն ու ունակությունները և կարողությունների բացակայությունը: Իսկ թե ինչպիսին կլինի ԵՏՄ-ի ապագան. կախված է մեզնից բոլորից»:

Ըստ Խոսրով Հարությունյանի` «սեպտեմբերի 3-ի որոշումը հեռատես որոշում էր: Այն կայացվել է ոչ թե շանտաժի և վախի համար, այլ փորձել է գնալ այն ճանապարհով, որտեղ կստեղծվեն ավելի քիչ խոչընդոտներ»: Խոսրով Հարությունյանը կարևորեց նաև ԵՄ-ի հետ կապերի պահպանումը:

Խոսրով Հարությունյանը հիմնականում գովերգում էր Հովիկ Աբրահամյանին և զուգահեռներ անցկացնելով նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ` պարոն Հարությունյանը նշեց. «Տիգրան Սարգսյանի կառավարությունը ներդրումային քաղաքականության համար բարենպաստ գործողություններ չէր վարում: Նա, իհարկե, հետճգնաժամային քաղաքականության մշակման գործում բավականին լուրջ քայլեր կատարեց: Գործող վարչապետը, գործող զարգացման գործակալության հետ այսօր փորձեր է անում ներդրումային քաղաքականությունը ձևավորել: Ես հիշեցնեմ, որ եղել եմ այն քաղաքական գործիչը, որն ամենաշատն է պաշտպանել Տիգրան Սարգսյանին»:

Այն մտահոգություններին, թե Ռուսաստանը գտնվում է պատժամիջոցների տակ, սանկցիաների հետ կապված եվրոպական արտահանումը փակվում է Ռուսաստանի համար, պարոն Հարությունյանն արձագանքեց. «Ռուսաստանը պետք է վճարեր Ղրիմի համար և հիմա վճարում է: Սակայն սանկցիաները չեն դառնա դոմինանտ»:

Այն դիտարկմանը, թե Ղազախստանը առանձնապես մեծ համակրանք չունի ՀՀ-ի նկատմամբ, պարոն Հարությունյանն այսպես արձագանքեց. «Լուրջ քաղաքականության մեջ սիրում են, ատում են, ազիզ ջան, այդպիսի բաներ չկան, կան քաղաքական պայմանավորվածություններ: Եթե Ղազախստանը շահագրգռված չէ ԵՏՄ կայացման մեջ, նրան որևէ մեկը զոռով ու ուժով բերել չի կարող, այն էլ Նազարբաևի պարագայում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031