Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատճառը գտեք. դա է կարևորը». Նիկոլայ Ծատուրյանը՝ Գյումրու դեպքերի մասին

Հունվար 16,2015 19:15

«Ռազմաբազան ժողովրդին պաշտպանելու և ոչ թե նրա գլխին պատուհաս դառնալու համար է»,- Գյումրու ողբերգության առնչությամբ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի գլխավոր խորհրդատու Նիկոլայ Ծատուրյանը:

Անդրադառնալով գյումրեցիների երեկվա ցասմանը՝ պարոն Ծատուրյանն ասաց, որ ժողովրդին հեշտությամբ կարելի էր հանգստացնել, եթե ամեն ինչ կատարվեր ավելի թափանցիկ: «Մարդիկ հոգնել են ստից: Ասում են՝ ջուր խմելու է գնացել, հետո սպանել է իրեն տեսնողներին: Հա, լավ, եթե նույնիսկ էդպես է, 6 ամսական քնած երեխային ինչո՞ւ էր սպանում, նա՞ էլ էր վկա: Ինչքա՜ն հզոր պատճառ է պետք՝ մի ամբողջ ընտանիք վերացնելու համար: Ոստիկանապետի տեղակալը մի բան է հայտարարում, հետո՝ մեկ այլ բան: Մի տեսակ խճճված է ամեն ինչ, մի շարք հակասություններ կան: Մյուս կողմից՝ էդ ո՞նց կարող էր մի հոգին սպանել բոլորին՝ հիշեցնեմ` վկաներ չթողնելու համար, ու հետո էլ «միամիտ-միամիտ» հագուստը թողնել ու դուրս գալ: Կամ ո՞վ է ասում, որ մի հոգի է եղել, միգուցե երե՞քն են եղել, միգուցե սա հատուկ կազմակերպված բա՞ն է, գուցե ադրբեջանական դիվերսիա՞ է: Ամեն ինչ հնարավոր է»,- ասաց Ն. Ծատուրյանը՝ ընդգծելով, որ ժողովուրդը կհանգստանա միայն այն ժամանակ, երբ ամեն ինչ թափանցիկ կլինի, ու նա կիմանա ողբերգության պատճառները: «Եթե անգամ Պերմյակովին մեզ մոտ դատեն, հետո՞ ինչ: Պատճառը գտեք. դա է կարևորը»,- համոզված է Ն. Ծատուրյանը:

Ըստ արվեստագետի՝ գյումրեցիների դժգոհության ակցիաներն արդարացի են ու անհրաժեշտ, բայց դրանք պետք է կազմակերպված լինեն, որպեսզի արդյունք տան. «Միմյանց դեմ ուղղված բռնությունը ոչ մի լավ բան չի խոստանում,- ասում է նա,- գործընթաց պիտի լինի, ոչ թե հենց էնպես խոսեն, խփեն: Էդ ոստիկանին ինչո՞ւ եք խփում»:

«Գուցեև ոչ այնքան կազմակերպված, բայց գյումրեցիներն այսօր փողոցում են, որովհետև ազնիվ են և մեծ ցանկություն ունեն վերականգնելու իրենց արժանապատվությունը»,- ասում է «Ալմաստ» համույթի գեղարվեստական ղեկավար, թառահար Արտեմ Խաչատուրը՝ հավելելով. «Այս օրերին կատարվածը միմիայն հիասթափություն առաջացրեց կառավարությունից, որովհետև կարող էին սգո օր հայտարարել, կարող էին այդ «կենդանուն» ներքին պայմանավորվածությամբ տեղափոխել մեր քննչական մարմինների մոտ, որպեսզի ժողովրդի կրքերը մի քիչ հանդարտվեին: Չարեցին: Այսօր ՀՀ քաղաքացին քնում է ու չգիտի՝ վաղը կարթնանա թե ոչ: Ես ամաչում եմ, որովհետև իմ իսկ երկրում ինձ անտեր եմ զգում»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. մոսո says:

    Այս մարդն է որ խելացի բանէ ասում մինչեւ հիմա: Եթե հանցագործին տան մեր «ազնիվ ու արժանավոր» իրավապահների ձեռքը ու «խնդրեն» որ իրենց ուզածով լինի, ապա դրանից ինչ պիտի շահենք? Չէ որ այս դեպքում նրանք ավելի հեշտ կարդարանան! Եթե նույնիսկ նրան հանձնեն ժողովրդի դատին, ապա պատժի պահանջը բավարարելուց բացի, ինչ պիտի ունենանք? Կարեւորն այս գործի իրական ու թափանցիկ բացահայտումն է, որպիսի հայտնի լինի մեր ոսոխն ով է եւ ինչի հետ գործ ունենք: Այս պահանջը պիտի դրվի ռուսների առջեւ առաջին հերթին, որոնք այս գործը բացահայտելու համար ավելի շատ հնարավորություններ ունեն, որից էլ արդար պատիժը կբխի, եւ ոչ թե անարդյունք կոնֆիկտն ու կրքերի նման բորբոքումը: Պիտի հարցն այսպես դրվի՝ կամ դուք, հարգելի ռուս պարոնայք, հստակ ու անկասկածելի բացահայտում եք գործն ու տալիս եք մեզ բարարող արդար պատիժը, կամ մենք ստիպված այս եւ այս հարցերն ենք դնում, ինչքան էլ «թանկ» ու անփոխարինելի եք մեզ համար: Կարծում եմ այսպիսին պիտի լինի տարրական արժանապատվություն ունեցող պետության վարմունքը: (Մեր խնդիրն, ավաղ, կարծես նորից այստեղ է!)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031