Լրահոս
Օրվա լրահոսը

Միայն երեկ ու միայն մի քանի ժամվա մեջ ռուսական առաջատար կայքերում 4-5 ընդարձակ հրապարակումներ ու վերլուծություններ հրապարակվեցին. «Հայոց աշխարհ»

Հունվար 17,2015 10:24

Ամենատարօրինակն ու անընկալելին. ռուսական հիմնական հեռուստատեսային, այսպես ասենք՝ դաշնային ալիքները առաջին օրերին մեծ մասամբ լռեցին կատարվածի մասին, առանցքային այլ լրատվամիջոցներն էլ հակիրճ տեղեկություններով «բավարարվեցին»: Այնպես չէ, որ համատարած լռություն էր, բայց այնպես էլ չէ, որ այդ սահմռկելի դեպքը լուրջ ուշադրություն է գրավել: Այդ ամենը միանգամայն անհամարժեք էր իրավիճակին ու, հնարավոր է, նաեւ ունեցավ իր ազդեցությունը լարվածության, տրամադրությունների սրվելու վրա:

Եվ միայն այն բանից հետո, երբ նախօրեի ցույցերի մասին տեղեկությունները թափանցեցին ռուսական լրահոս, երբ Ռուսաստանի դրոշը այրելու (միանգամայն անտեղի եւ խնդրից շեղող քայլ, ի դեպ) փորձ եղավ, ու դրա մասին լուրն էլ ընկավ ռուսական ԶԼՄ-ների ու հատկապես «կացնային քարոզիչների» բերանը, նրանք այնտեղ կարծես արթնացան:
Միայն երեկ ու միայն մի քանի ժամվա մեջ ռուսական առաջատար կայքերում 4-5 ընդարձակ հրապարակումներ ու վերլուծություններ հրապարակվեցին, հասկանալի է, ամենատարբեր մոտեցումներով, այդ թվում՝ նաեւ ուռճացված (դավադրության տեսության առումով), նաեւ անճշտություններով, բայց կատարված ողբերգությունը անհամեմատ ավելի մեծ ուշադրության արժանացավ, քան դեպքից անմիջապես հետո էր:
Հանուն ճշմարտության պետք է ասել, որ Ռուսաստանում բազմաթիվ հասարակ մարդիկ, սոցցանցերում, տարբեր հարթակներում, բլոգներում այս օրերին անկեղծորեն ցավակցում էին, շատերը ներողություն էին խնդրում «այդ ստահակի» արածների համար եւ այսպես շարունակ:
Ամենակարեւոր բացթողումը, որ, կարծում ենք, երկուստեք թույլ տրվեց, այն էր, որ Գյումրիում խմորվող տրամադրություններին շատ քիչ ուշադրություն դարձվեց: Մարդիկ, թոթափելով կատարված ոճրագործության պատճառած ցնցման առաջին ալիքը, միանգամայն կոնկրետ պահանջ դրեցին եւ դնում են: Դա ո՛չ քաղաքական հարց էր, ո՛չ էլ ինչ-որ անասելի մի բարդ խնդիր:
Պահանջը շատ պարզ էր. հանցագործը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի Հայաստանում, ավելի կոնկրետ՝ Հայաստանի իրավապահ մարմիններին հանձնվի ու կանգնի Հայաստանի դատարանի առջեւ: Մարդկանց այս՝ արդարության ու արդարադատության հասնելու միանգամայն ընկալելի պահանջին, ակնկալիքին ընդառաջ գնալու փոխարեն՝ հանրությանն սկսեցին միջազգային իրավունքի նորմեր բացատրել, այնինչ հանրությունն ու նաեւ փողոց ելած մարդիկ ակնկալում էին լուծում:
Մի կողմից, թերեւս չափազանցված են թվում փորձության մասին գնահատականները, ինչպես չափազանցված են առանձին անհատների կողմից արվող, մեղմ ասած, անհավասարակշիռ փորձերը: Բայց, մյուս կողմից էլ, ակնհայտ է, որ պետք է հանգիստ, համարժեք քայլերով լուծել հարցերը, այլ ոչ թե թույլ տալ, որ դրանք վերաճեն խնդիրների:
Նման իրավիճակում է, որ զանազան կողմնակի ուժեր, ինչպես ժողովուրդն է սիրում ասել՝ «չուզողներ», պարարտ հող են ստանում իրենց նպատակները իրականացնելու, այսպես ասած՝ «պղտոր ջրում ձուկ բռնելու» համար: Բայց դա թերեւս մի առանձին խոսակցության նյութ է:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031