Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել Սրբազան. «Եթե 10-15 տարին մեկ մենք այսպիսի ողբերգություն պետք է ապրենք, ուրեմն իրավունք ունենք բարձրաձայնել ռազմաբազայի տեղահանման հարցը».(Տեսանյութ)

Հունվար 26,2015 20:00

Գյումրիում գազանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի հոգեհանգստի կարգն անցկացնելիս, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը հայտարարել էր՝ եթե մի կառույց կա, որ վտանգ է ներկայացնում քաղաքի բնակիչների համար, պիտի քննարկվի այն տեղահանելու հարցը:

Այսօր Aravot.am-ը  Սրբազանին հիշեցնելով իր այս խոսքը՝ հետաքրքրվեց, թե ռուսական  ռազմաբազան ի վերջո պե՞տք է գյումրեցիներին, թե՞ ոչ: «Դրա համար ասել եմ, եթե այդ կառույցը միայն վնաս է  տալիս, անշուշտ, մեր ժողովուրդը իրավունք ունի այդ հարցը բարձրացնելու, բայց եթե միայն վնաս է տալիս: Եւ եթե տաս տարին կամ տասնհինգ տարին մեկ մենք պետք է ուղղակի այսպիսի ողբերգություն ապրենք, ժողովուրդն իրավունք ունի այդ հարցը բարձրացնելու, բայց ռազմաբազայի այստեղ ներկայությունը կարծում եմ, որ բավական առումներով օգտակար կարող է լինել ոչ միայն ապահովության տեսակետից, այլ, վերջիվերջո, տնտեսական հարց է լուծում  ռազմաբազան: Զգալի թվով հայ մարդիկ աշխատում են այնտեղ եւ բավական լավ էլ վարձատրվում են: Ուրեմն այսպիսի գործազրկության եւ այսպիսի աղքատության պայմաններում նույնիսկ նյութական  շահագրգռության խնդիրներ կան, առավել եւս ապահովության տեսանկյունից, մեր տարածաշրջանում հասկանում եք, գիտեք մենք ինչ հարեւաններով ենք շրջապատված ու ռուս կամ ռուսաստանցի զինվորի ներկայությունը հավելյալ ապահովություն է իրենից ենթադրում: Հիմա այդ ապահովության զգացումը սասանվել է, բայց այդ ապահովության զգացումը չի կարող տարածվել ամբողջ ռազմաբազայի գոյության եւ չգոյության վրա: Եվ կարծում եմ, որ մեր ժողովուրդը այստեղ պետք եղած իմաստությունը ունի, կշեռքի նժարների վրա դնելու եւ հասկանալու անհրաժե՞շտ է այստեղ ռազմաբազան, թե՞ անհրաժեշտ չէ, բայց երաշխիքներ, անշուշտ, պետք է անպայման լինեն եւ պետք է տրվեն, որ մեր երեխաները քնեն հանգիստ, ապահով եւ խաղաղ: Թե ինչպես կտրվեն երաշխիքները , դա արդեն երկու պետությունների լուծելիք խնդիրն է: Մեր պետության եւ ՌԴ-ի», -ասաց Սրբազանը:

Մեր այն հարցին էլ,  թե գյումրեցին ի վիճակի կլինի՞ ներել այս ոճրագործությունը եւ խոսքը Պերմյակովի մասին չէ,  այլ ռուս ազգի, Շիրակի թեմի առաջնորդն ասաց. «Ոճրագործին չի ների երբեք, իսկ ռուս ազգի նկատմամբ թշնամանք չկա, ժողովրդի ճնշող մեծամասնությունը հասկանում է, որ սա ռուս ժողովրդի կողմից գործված հանցանք չէ, անգամ ռուսական պետության կողմից գործված հանցանք չէ, սա մասնավոր անձի կողմից գործված եղեռնագործություն է,  եւ դա  տարածել ամբողջ ժողովրդի վրա, անմտություն է: Իսկ անմտություն մեր ժողովուրդը երբեք չի գործի, ներել-չներելու հարց չկա, պարզապես որոշակի, բավական ժամանակահատված գյումրեցին պետք է արդեն վախենա: Այդ վախենալը շատ վերապահությամբ եմ գործածում, որովհետեւ  վախեցողը չէ գյումրեցին: Պետք է վախենա իր զավակի համար, իր հարազատի համար, ոչ թե իր սեփական անձի համար, երբ որ ռուսական զինվոր տեսնի, բայց դա ռուսաստանցի զինվոր տեսնելը, եթե մինչ այդ մեզ մոտ ապահովության զգացում էր, ուրախության զգացում էր, հիմա հակառակ զգացումը պետք է որոշ ժամանակ լինի, բայց դա էլ կարելի է հաղթահարել, մանավանդ եթե ռուսական կողմը ճիշտ քայլեր կատարի  եւ ճիշտ մոտեցումներ ունենա: Հետեւաբար` ներել-չներելու խնդիր չեմ տեսնում, որովհետեւ  մեր ժողովուրդը   այնքան իմաստուն է, որ այս եղեռնագործությունը չտարածի ողջ ժողովրդի վրա»:

Սրբազանն  այն կարծիքին է,  որ եթե գյումրեցիները փողոց դուրս չգային, ապա ռուսական կողմը  դժվար թե զիջումների գնար:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031