Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Կարապետյան. «6 ամսական երեխա է սվինահարվել, իսկ մարդիկ քաղաքական ենթատեքստն են տեսնում». «Իրատես de facto»

Հունվար 30,2015 11:50

 

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:

– Դուք այն կարծիքին եք, որ այսօր Գյումրիում, Երևանում, Վանաձորում, ողջ Հայաստանում բարձրացվող գլխավոր հարցը՝ Պերմյակովին հանձնել հայկական կողմին, հուզակա՞ն հարթության մեջ է և չի՞ բխում հետաքննության ամբողջականության պայմաններից։

– Քաղաքական տեսակետից ես հասկանում եմ մարդկանց՝ Հայաստանի արժանապատվության հարցն է, ինքնիշխանության ապահովման և այլն։ Ի՞նչն է ստիպում մարդկանց հարցը բարձրացնել։ Մարդիկ հավատացած չեն, որ արդարադատությունը կհաղթի, որ գործը չի կոծկվի, որ եթե Ռուսաստանն այս ամենի մեջ ներգրավված է, շահագրգիռ կլինի բացահայտման մեջ։ Այսինքն՝ կդատապարտի, չի կոծկի, ինչ-որ ժամանակից բաց չի թողնի։ Կա՞ այդպիսի խնդիր։ Իհարկե, կա։

Իսկ Հայաստանի իրավապահ համակարգը քաղաքականացված չէ՞, նույն կերպ չի՞ գործում հենց հիմա, մեր աչքի առաջ։ Բոլոր նրանք, ովքեր պահանջում են Պերմյակովին հանձնել հայկական կողմին, սոցցանցերում գլխավոր դատախազին, մեղմ ասած, վատթարագույն բնորոշումներն են տալիս։ Մենք պահանջում ենք հանցագործին հանձնել մի մարդու ենթակայության, որի մասին ամենավատ կարծիքնե՞րը կան հասարակության մեջ։

– Իսկ կա՞ այլընտրանք։

– Կա քաղաքական խնդիր, որ գործը չկոծկվի։ Ու կա շատ մեծ ցանկություն, որ գործը չկոծկվի համատեղ։ Ես հավատացած չեմ, որ Հայաստանի քաղաքական վերնախավը՝ հարցի քաղաքական ենթատեքստից ելնելով, չի փորձի ինչ-որ փաստեր գաղտնի պահել կամ աղավաղել։ Նույնը՝ Ռուսաստանը։ Հոկտեմբերի 27-ը արտաքին ներգործությունների մասով պարզաբանվե՞լ է, եղե՞լ են արտաքին միջամտություններ։ Մենք գիտե՞նք այդ մասին։ Ոչ թե մեր կարծիքը, այլ իրավական հարթության մեջ հարցը պարզվե՞լ է։ Հետաքննությունը գնացել է այդ ուղղությամբ ու կանգ է առել։ Հայ իրավական համակարգը չէ՞ր։

– Կատարվածի առաջին արձագանքը Ռուսաստանում ռազմաբազայի հարցը բարձրացնելն էր, երբ Հայաստանում այդ մասին ոչ ոք չէր էլ մտածում, որքա՞ն էր դա աղեկվատ հայ-ռուսական հարաբերությունների վիճակին։

– Քանի որ հիմա աշխարհում ամեն ինչ խիստ քաղաքականացված է, դա բնական էր։ Ֆրանսիայում գնդակահարվեց «Շառլի էբդոյի» խմբագրությունը՝ պատճառ անվանվեց Մուհամեդ մարգարեի դեմ ոտնձգությունը, ինչը, անկեղծ ասած, բացատրելի չէ՝ ինչո՞ւ ծաղրանկարել Մուհամեդ մարգարեին, առավել ևս, որ նրա ոչ մի նկար գոյություն չունի։ Պարզ քաղաքական ենթատեքստ կա, չէ՞։ Հատուկենտ մարդիկ լավ գիտեն, թե դեկտեմբերին ով գնեց «Շառլի էբդոն», հասարակության 99 տոկոսը տեղյակ չեղավ։ Դուք հարցնում եք՝ ինչո՞ւ էր արձագանքը այդպիսին, որովհետև ամենուր մարդիկ յուրաքանչյուր իրադարձության մեջ քաղաքական ենթատեքստ են տեսնում և այդ ենթատեքստից ելնելով կայացնում են որոշումներ։ Սուգ հայտարարե՞լ, թե՞ չհայտարարել, զանգահարե՞լ ցասումն ու ողբերգության վերաբերյալ տեսակետը արտահայտել, թե՞ ոչ։

Սպանդ է եղել, վեց ամսական երեխա է սվինահարվել, իսկ մարդիկ քաղաքական ենթատեքստն են տեսնում, ոչ թե ինչ եղավ, ինչու եղավ։ Սուգ հայտարարելն ինչի՞ն էր խանգարելու, ինչո՞ւ չհայտարարվեց։ Որովհետև Հայաստանի, Ռուսաստանի, որոշակի երկրների իշխանությունների մեծամասնությունը այսօր մտածում է իր մասին՝ ի՞նչ է լինելու իր հետ, ո՞վ է մնալու իրենից հետո, ո՞ւմ է փոխանցելու իշխանությունը։ Ու ցանկացած խնդիր դիտարկվում է այդ պրիզմայով։

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031