Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

 Շիրակի մարզի առողջապահության վարչության պետը՝ բժիշկների պակասի ու իր ընդունած «շքեղ» կադրերի մասին

Փետրվար 04,2015 16:25

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական նախարարության զբաղվածության պետական գործակալության պաշտոնական կայքի համաձայն, Գյումրիում մեծամասամբ թափուր աշխատատեղեր կան բժիշկների համար:

Օրինակ՝ այս քաղաքում պահանջ կա էխոսկոպիստի, էնդոսկոպիստի, ընդունարանի բժշկի, թորակալ վիրաբույժի, նյարդավիրաբույժի, ուրոլոգի, շտապօգնության բժշկի, ռենտգենոլոգի , քիթ-կոկորդ-ականջաբանի, սրտաբանի և այլն: Աշխատավարձը 50-70 հազար դրամի սահմաններում է, բացառությամբ սրտաբանի, որին նախատեսված է վճարել մինչև 100 000 դրամ:

Նկատի ունենալով, որ մեկ տարի առաջ զբաղվածության պետական գործակալության այս նույն ցուցակում թափուր աշխատատեղերի հայտարարությունը մեծամասամբ վերաբերում էր բժիշկներին, Aravot.am-ը Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ մի՞թե այս մեկ տարվա ընթացքում հնարավոր չեղավ բժիշկներով համալրել Գյումրին:

«Ոչ մի տարի այդքան նոր կադրեր չենք ընդունել աշխատանքի, որքան այս մեկ տարվա ընթացքում: Այնքան լավ, հրաշալի կադրեր ենք բերել. Արթիկի նման քաղաքը, որտեղ կար անեսթեզիոլոգի, վիրաբույժի պակաս, համալրել ենք հրաշալի երիտասարդ կադրերով: Միայն տեսնեք՝մեկը մյուսից լավն են ու շքեղ: Կան նեղ մասնագետներ, որոնց կարիքը ոչ միայն մեր մարզում կա, այլ ողջ հանրապետությունում: Մենք սա գիտակցում ենք և հետզհետե փորձում ենք լուծել խնդիրը: Օրինակ՝ թորակալ վիրաբույժի պահանջ ամբողջ հանրապետությունում կա: Նյարդավիրաբույժ, դուք գիտեք, որ մենք ընդամենը մի հոգի ունենք, Անդրանիկ Հովհաննիսյանն է: Այս բժշկի պահանջարկը շատ մեծ է, նա մի վայրկյան անգամ հանգիստ չունի, անգամ չեն թողնում հաց ուտի: Իսկ մենք գիտակցում ենք, որ մի ծաղկով գարուն չի գա, նոր պահանջներ ենք դրել ինքներս մեզ վրա, որ 3-4 նյարդավիրաբույժ ենք ընդունելու:

Դուք գիտեք, որ լուրջ խնդիրներ ենք լուծել, օրինակ՝ ո՞վ էր մտածում, որ Գյումրին կունենա կարդիովիրաբուժություն, երազում անգամ տեսնեինք, չէինք հավատա, բայց եղավ… Հիմա էլ լուծում ենք մյուս խնդիրները, եթե մտնեք Գյումրու բժշկական կենտրոն, կհամոզվեք, որ թարմացնում ենք կադրերին, ինչքան սպիտակ մազերով բժիշկներ կան, ճիշտ այդքան երիտասարդ, նոր դեմքերն են», -ասաց Հովհաննես Հովհաննիսյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728