Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաղաղության արվեստ» կազմակերպությունը շարունակում է էլեկտրոնային վահանակների քարոզարշավը՝ նվիրված Հայոց ցեղասպանության հարյուրամյակին

Փետրվար 16,2015 16:07

Փետրվար ամսին «Խաղաղության արվեստ» www.PeaceofArt.org կազմակերպության հովանավորությամբ բարձրացված երեք էլեկտրոնային վահանակները տարբերվում են նախորդներից նախագծմամբ, սակայն նման են կարգախոսով: Ինչպես նախորդ վահանակները, նրանք ևս վկայակոչում են Հայոց ցեղասպանության հարյուրամյակը՝ հարգանքի տուրք մատուցելով զոհերի հիշատակին: Հարյուրամյակին նվիրված Էլեկտրոնային վահանակները տեղադրված են Մասաչուսեթսի Ֆոքսբորո (Foxboro), Շարոն (Sharon) և Փիբոդի (Peabody) քաղաքներում:

Էլեկտրոնային վահանակներից մեկի սև ֆոնի վրա սպիտակով գրված GENOCIDE բառի O և C տառերի փոխարեն պատկերված է արնագույն սիրտ, որը խորհրդանշում է ազգի սիրտը, որից կծված կտորը խորհրդանշում է կորուստը 1.5 մլն անմեղ նահատակների, որոնց վերքերը շարունակում են արյունահոսել սերունդների միջով։

Մյուս Էլեկտրոնային վահանակը ներառում է Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված պաշտոնական միջոցառումների կարգախոսը՝ «Հիշում եմ և պահանջում», իսկ GENOCIDE բառի կենտրոնում պատկերված է Անմոռուկ ծաղիկը, որի 5 թերթիկներն այն մայրցամաքներն են, որտեղ ապաստան են գտել և բնակություն հաստատել ցեղասպանությունից փրկված և ցիրուցան եղած հայերը, որոնց համախմբում է համընդհանուր վիշտը, նահատակների հիշատակը, ճանաչման և արդարացի լուծման պահանջը։

«2015 թ-ի հունվարից սկսած «Խաղաղության արվեստ» կազմակերպությունը բարձրացրել է տաս վահանակներ ամերիկյան երեք նահանգներում՝ Չիկագո՝ Իլինոյսում (Chicago IL), Սիեթլ՝ Վաշինգտոնում (Seattle WA), Փիբոդի, Շարոն և Ֆոքսբորո՝ Մասաչուսեթսում (Peabody, Sharon and Foxboro MA) և շարունակելու է Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված էլեկտրոնային վահանակների քարոզարշավը Միացյալ Նահանգներում 2015 թ-ի ընթացքում»,- ասել է «Խաղաղության արվեստ» կազմակերպության հիմնադիր նախագահ Դանիել Վարուժան Հեճինյանը:

AG-Anmoruq-1

Հունվար ամսին տեղադրված Էլեկտրոնային վահանակներից առաջինը կոչ էր անում.
«Դատապարտե՛ք անցյալը, որպեսզի չդառնաք հաջորդ զոհը: Հիշե՛ք 1915 թ-ի Հայոց ցեղասպանությունը»:

AG-Anmoruq-2

Հաջորդ էլեկտրոնային վահանակի գրությունը նվիրված էր 1915-2015 թթ-ի ժամանակաշրջանում տեղի ունեցած բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակին:
1996 թ-ից սկսած՝ վերջին տասնինը տարիների ընթացքում, Դանիել Վարուժան Հեճինյանը Մասաչուսեթս նահանգում տեղադրում է մեծածավալ գովազդային վահանակներ, որոնք ահազանգում են մարդկությանը սպառնացող վտանգի մասին, հորդորում դատապարտել դարի ոճիրը, չլինել ցեղասպանության հաջորդ զոհը, վերջ դնել ցեղասպանություններին մեկ անգամ, ընդմիշտ և բոլորի համար:

Հեղինե Գևորգյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728