Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ հեղափոխական միտքը՝ հանրապետական Թուրքիայում

Փետրվար 19,2015 14:30

Ազատամարտիկ, քաղաքական գործիչ Սարգիս Հացպանյանը շարունակում է «Հայերը ցեղասպանությունից առաջ եւ հետո» շարքը ներկայացնել հանրությանը: Այս անգամ նրա հարցերի շրջանակն էր. ինչպե՞ս հայությունը 1915թ. ցեղասպանությունից հետո գոյատեւեց Օսմանյան կայսրության փլատակների վրա ստեղծված հանրապետական Թուրքիայի տարածքում եւ ի՞նչ դերակատարում ունեցավ նրա պատմության մեջ:

1923 թ. հիմնադրված հանրապետական Թուրքիայում մինչեւ 1950 թվականը իշխում էր մեկ կուսակցություն՝ Աթաթուրքի հիմնադրած ժողովրդահանրապետական քեմալական կուսակցությունն էր եւ դրանից դուրս ոչ մեկն իրավունք չուներ քաղաքական գործունեություն ծավալել: Երկրորդ կուսակցությունը հանրապետական Թուրքիայում բացվում է 1950 թվականին՝ Դեմոկրատական անվամբ:

Ցեղասպանությունից հետո՝ 1920 թ. սեպտեմբերի 10-ին, Բաքվում ստեղծվում է Թուրքիայի կոմկուսը, որի հիմնադիր անդամներից էին նաեւ հայերը, որոնք ժամանակին հարում էին հեղափոխական մարքս-լենինյան կուսակցության գաղափարախոսությանը: Ընդհատակում գործող այս կուսակցությունը միակ այլընտրանքն էր ժողովրդահանրապետական կուսակցության: 1920 թվականին Մուստաֆա Քեմալը խաբելով թուրք կոմունիստներին՝ հրավիրում է Թուրքիա՝ համոզելով, որ ինքը մոտ է Լենինին, կարող են ընդհատակից դուրս գալ եւ ազատորեն գործել Անկարայում: Երբ Բաթումով կոմունիստները հասնում են Տրապիզոն, բոլորին՝ 15 հոգուն հենց ծովում խեղդամահ են անում: Այսպիսով՝ Թուրքիայում Ձախ հատվածի պատմությունը սկսվում է 1920 թվականից: Այս կուսակցությունը դատապարտելով երիտթուրքերի կողմից կատարած հայերի ցեղասպանությունը, այդուհանդերձ, երբեւէ հայկական հարցի վերաբերյալ կոմունիստի՝ ինտերնացիոնալիստի անկեղծ կեցվածք չի դրսեւորել: Պատճառն այն է, որ կուսակցության 3 հիմնադիր թուրքերն էլ եղել են իթթիհատականներ՝ երիտթուրքերի մերձակա շրջապատից:

Turqia_1

Մեկը Էնվեր փաշայի ընկերներից էր՝ Էթհեմ Նեժատը, ով թուրքական պատմության մեջ համարվում է սոցիալիստական գաղափարախոսության առաջին կրողը, դեռ ուսանողական տարիներին Բեռլինում «Ազատագրություն» անունով պարբերաթերթ էր հրատարակել, գտնում էր, որ ցարական Ռուսաստանում կատարված մարքս-լենինյան հեղափոխությունը պետք է կատարվի նաեւ Օսմանյան Թուրքիայում եւ երկրում իշխի բանվորական դասակարգը: Մյուսը՝ Մուստաֆա Սուպհին եղել է մինչեւ 1911թ. երիտթուրքերի ակտիվիստներից եւ նրանց կողմից էր ուղարկվել Մոսկվա, որտեղ տարվել էր հեղափոխական գաղափարներով, Լենինի հանձնարարականով՝ հեղափոխություն իրականացնելու նպատակով, վերադառնում է Թուրքիա, բռնվում է, բանտ նետվում, այնուհետեւ փախչում է Ռուսաստան եւ տարիներ հետո հայտնվում Բաքվում ու դառնում թուրքական կոմկուսի հիմնադիրներից մեկը: Մուստաֆա Սուպփիի կինը՝ Մարիան, ով ազգությամբ ռուս էր եւ նավակների վրա կատարված եղեռնական դեպքից միակ ողջ մնացածն էր, հետագայում Տրապիզոնի հասարակաց տանն աշխատեցվում է որպես պոռնիկ: Այս հանգամանքը մինչեւ օրս Ձախերը չեն ներում քեմալականներին, որ իրենց կոմունիստ առաջնորդի կնոջ հետ այդպես են վերաբերվել: Երրորդ անձնավորությունը՝ Սաիդ Զեքին, ով Ջեմալ փաշայի աջ թեւն էր եղել, անձամբ սպանդի է ենթարկել բոլոր նրանց, ովքեր փրկվել էին Դեր-Զորից: Նա եւս հեռակա մահվան էր դատապարտված եւ փնտրվում էր անգլիացիների կողմից: Փախուստի մեջ գտնվելով, հայտնվել էր Բաքվում ու դարձել կոմկուսի հիմնադիրներից մեկը: Ահա, թե ովքեր էին կանգնած թուրքական կոմկուսի ակունքներում:

Հայերը Թուրքիայում սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսության առաջին կրողներն են եղել՝ ի դեմս Հնչակյան կուսակցության, որը հիմնվել էր Ժնեւում՝ դեռ 1887թ.: Հնչակյանները երազում էին Հայաստանում սոցիալիստական կարգերի հաստատում, սակայն նրանց վախճանը եղավ 1915թ. հունիսի 15-ը, երբ Պոլսի Սուլթան Բայազեթ հրապարակում կախաղան բարձրացվեցին Հնչակյան կուսակցության 20 հերոսներ՝ Փարամազը (Մատթէոս Սարգիսյանը), Արամ Աչըքբաշյանը եւ այլք՝ «Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ սոցիալիզմը, կեցցե՛ սոցիալիստական Հայաստանը» գոչյուններով: Կ.Պոլսում Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության 20 հայ հեղափոխականների կախաղան բարձրացվելուց հետո, տեւական ժամանակ դեմոկրատական գաղափարախոսությանը հարող չկար: Երբ 1933թ. Գերմանիայում ֆաշիզմը իշխանության է գալիս, նրանց դեմ գաղախարական պայքար տանող Խորհրդային Միությունն ունենում է նաեւ Թուրքիայում համակիրներ: Այդ թվում էին նաեւ Պոլսո ամենահնագույններից՝ Կենդրոնական վարժարանի սաները, որոնք ունենալով ազգային կեցվածք, հարում էին սոցիալիզմին, մարքս-լենինյան գաղափարախոսությանը:

Turqia_3

Ի դեպ, 1926-1932թթ. Պոլսից ներգաղթ է կազմակերպվել դեպի Խորհրդային Հայաստան: Հայաստան ներգաղթողների մեջ էին նաեւ նախկին կենտրոնականցիներից Հրաչյա Աճառյանն ու Վահրամ Փափազյանը, Զապել Եսայանն ու այլք: Երբ Ստալինը 1945թ. գարնանը Թուրքիայից պաշտոնապես Կարսի, Արդահանի եւ Սուրմալուի նահանգները պահանջեց, այն հակահայական մեծ հիստերիա առաջացրեց թուրքական թերթերում, անգամ սկսում էին սպառնալ հայերին, որ ոչ մեկին չեն խնայի: Այս պարագայում հայ սոցիալիստ մտավորականները ձայն են բարձրացնում, որ այլեւս չեն լռելու եւ հիմնում են «Նոր օր» թերթը: Հենց թերթի առաջին համարի առաջնորդողում էլ գրվում է «Հերիք է…» հակաիշխանական, հակաթուրքական հոդվածը: Հոդվածագիրն էր կոմունիստ Զավեն Պիպերյանը, իսկ խմբագրական կազմում էին՝ Արամ Փեհլիվանյանը, Ավետիս Ալեքսանյանը, վերջինս հետո հեռանում է Փարիզ եւ այդտեղ հիմնում հայ կոմունիստների «Աշխարհ» շաբաթաթերթը, որ մինչեւ վերջերս էլ լույս էր տեսնում եւ Սարգիս Քեչյանը՝ Զանգու գրական անունով, թերթին թղթակցում էին շատ այլ մտավորականներ: «Նոր օրը» սկզբում շաբաթաթերթ է եղել եւ մեծ պահանջարկ է ունեցել:

1947-1951թթ. Թուրքիայում լայնածավալ ձերբակալություններ են լինում, այդ թվում նաեւ հայորդիների, որոնք դաժան կտտանքների են ենթարկվում բանտերում: Ս.Հացպանյանը ցույց տվեց հայ կոմունիստների լուսանկարները: Պատմեց, որ 1961թ. Արամ Փեհլիվանյանը Սիրիայով փախչում է Թուրքիայից եւ Մոսկվայում դառնում Թուրքիայի կոմկուսի քաղխորհրդի ներկայացուցիչը: Սամսունցի բժիշկ Հայկ Աչիկգյոզն ու նրա կինը՝ Անժելը, 1953-ից 1980-ական թվերը տարված են եղել կոմունիստական պրոպագանդով՝ վարելով ռադիոհաղորդումներ՝ Բուլղարիայից, Չեխիայից եւ ԳԴՀ-ից, ուր գործում էին Թուրքիայի կոմկուսի ակտիվիստները: Բանախոսը ցույց տվեց նաեւ թուրքական զնդանում տառապած հայտնի գեղանկարիչ Ժակ Իհմալյանի լուսանկարը, ով եղբոր՝ Վարդանի հետ բնակություն էր հաստատել Մոսկվայում եւ հաճախ էր կնոջ հետ հանգիստն անցկացնում Հայաստանում: Ս. Հացպանյանի բնորոշմամբ՝ Ժակը Թուրքիայում հայտնի հայ նկարիչներից ամենատաղանդավորներից մեկն է եղել, նրա եղբայրը Թուրքիայի կոմկուսում բարձր պաշտոններ է զբաղեցրել: Թերթի անդամներից վանեցի Խաչիկ Պետրոս Ամիրյանը մի քանի անգամ բռնվելով եւ զնդաններում խոշտանգվելուց հետո, 1960-ին փախավ՝ եկավ Հայաստան: Նա այստեղ հիմնադրել է թուրքերեն լեզվով հեռարձակվող ռադիոժամը, ինչպես նաեւ ԵՊՀ-ում թուրքագիտության զարգացման մեջ մեծ ավանդ է ներդնում, մինչեւ 1993թ. ապրել է Հայաստանում, ունի բազմաթիվ հրատարակված գրքեր, որոնցից ամենահիշարժանը տարբեր աղբյուրների վրա հիմնած, հայերենից արդի թուրքերենին անցած բառերի բառարանն է: Այդ տարիներին՝ մինչեւ 1951թ. Թուրքիայի կոմկուսի երիտթեւի ղեկավարներից մեկը եղել է Գեղամ Քերովբյանը, ով գրաբար էր դասավանդում վարժարաններում, հեղինակել էր հայերեն-թուրքերեն եւ թուրքերեն-հայերեն բառարանները, մեծ ազգասեր էր, հաճախ էր վիճաբանում կոմունիստների մեջ գտնվող ազգայնականների հետ եւ հանդես է եկել՝ «թուրքից կոմունիստ չի լինի, թուրքի համայնավարը կեղծ համայնավար է» ասույթով: Նա եւս փախուստի էր դիմել Թուրքիայից 1965-66թթ., բնակություն էր հաստատել Գերմանիայում եւ Բոխում էլ կնքել իր մահկանացուն՝ 1980թ.:

Խորհրդային Միության փլուզումից հետո Հայկ Աչիկգյոզն առաջինն էր, որ Թուրքիայում տպագրեց իր հուշերը՝ «Անատոլիացի մի հայ կոմունիստի հուշերը» խորագրով գրքում: Այն 600 էջից ավելի է, եւ բանախոսի հավաստմամբ՝ ընթերցվում է մեծ հետաքրքրությամբ, քանզի հեղինակը պատմելով իր ոդիսականի մասին՝ Սիրիա, Լիբանան, Չինաստան, Լեհաստան, Մոսկվա, Բուլղարիա եւ այլն, զուգահեռաբար բերում է հայ գաղթականների պատմությունները:

Թուրք ամենահայտնի բանաստեղծ, բանտված կոմունիստ Նազըմ Հիքմեթը եւս փախել է Մոսկվա, ուր ապրել է մինչեւ կյանքի վերջը: Ցուցադրվեց մի լուսանկար, ուր պատկերված էին հայ հայտնի կոմունիստները, նրանց թվում՝ հայտնի հայ լուսանկարիչ Արա Գյուլերը՝ Նազըմ Հիքմեթի հետ, ինչպես նաեւ Իհմալյանների տանը հյուրընկալված Նազըմի նկարները:

Զավեն Պիպերյանը, ով տիրապետում էր բազմաթիվ լեզուների, 1965թ. ՏԻՄ ընտրություններում բանվորական կուսակցության ցուցակից ընտրվել էր Պոլսո քաղխորհրդի նախագահի տեղակալ, միակ հայ քաղաքական գործիչն է եղել, որ նման բարձր աթոռ է զբաղեցրել: Գրել է 6 հիասքանչ գիրք, այդ թվում՝ «Մրջյունների վերջալույսը», որը վերաբերում է հայերին: Նույն թվերին նույն կուսակցությունից Թուրքիայի Ծերակույտի սենատոր է ընտրվել նաեւ օրիորդ Հերմինե Գալուստյանը (Եսայան վարժարանի տնօրենը) եւ 4 տարի պատվով կատարել այդ աշխատանքը:

1960-ականների նույն հայ հեղափոխական սերնդի գործի շարունակողներից էին՝ Հայկազուն Գալուստյանը, Գեղամ Քերովբյանը եւ Սարգիս Չերքեզյանը: Հայկազուն Գալուստյանը մինչեւ 1965թ. ապրել է Պոլսում եւ եղել հայկական Կարագյոզյան վարժարանի տեսուչը: Չդիմանալով դժվարին իրականությանը, իր եղբոր եւ մաեստրո Հովհաննես Չեքիջյանի (ով նույնպես այդ շրջանակներից էր) նման՝ 1965-ին գալիս-հաստատվում է Երեւանում, աշխատում է ՀՀ ԳԱ Արեւելագիտության ինստիտուտում, 3 գրքի հեղինակ է, մեծ վաստակ ունի թուրքագիտության մեջ, նրան են աշակերտել այսօրվա թուրքագետներից շատերը: Գեղամ Քերովբյանը մինչեւ արտագաղթելը 6 հայկական վարժարաններում գրաբար (ինչը պարտադիր անցնում էին բոլոր վարժարաններում) էր դասավանդել: Սարգիս Չերքեզյանը ծնվել է Դեր-Զորի Մեսքենե գյուղում՝ 1916թ.: Հայ սոցիալիստ երիտասարդների մեջ 2-րդ դեմքն էր: Թուրք Ձախերի մասին ասում էր, որ նրանք Ձախ են միայն թուրքերի համար, եթե նրանց շարքերում կան այլազգիներ, ապա նրանց չեն ընդունում, երկատվում են եւ ավելի շատ Մուստաֆա Քեմալի ստեղծած հանրապետական Թուրքիայի գովասանքով են զբաղվում եւ սուտ ինտերնացիոնալիստ, սուտ հեղափոխականներ են, այդուհանդերձ, հիմա էլ Թուրքիայի Ձախերը Ս. Չերքեզյանին համարում են հայ ամենակարկառուն Ձախը:

ԳՈՀԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728