Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատրաստ ենք Ձեզ ներկայացնել դատախազության անգործությունն ապացուցող փաստեր»

Փետրվար 25,2015 15:00
femida

«Բաց նամակ» ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանից

Հարգելի պարոն Կոստանյան, «Վելես» հասարակական կազմակերպությունը վերջերս ամփոփեց իր գործունեության մեկ տարին եւ հետհայացք գցելով մեր կատարած աշխատանքին, մենք եկանք այն եզրակացման, որ ամիսներ շարունակ մենք պայքարել ենք իրականում ոչ թե վաշխառուների եւ խարդախների խմբի, այլ նրանց հովանավորող դատախազության ներկայացուցիչների դեմ: Ավելին, առկա խնդիրների մասին փորձել ենք տեղեկացնել նաեւ անձամբ Ձեզ, սակայն Ձեր անտարբեր եւ անհաղորդ կեցվածքը մեզ մոտ կասկածներ առաջացրեց, որ վերոնշյալ խումբն իր հանցավոր գործունեությունը ծավալում է ՀՀ գլխավոր դատախազության հովանավորությամբ կամ անգործության շնորհիվ:
Եվ որպեսզի մեր հայտարարությունը մերկապարանոց չհնչի, ներկայացնենք մանրամասներ: Խոսքը վերաբերում է Հովհաննես Երիցյանի եւ Արտավազդ Այվազյանի մասին մի շարք քաղաքացիների բողոքներին, որոնց վերաբերյալ հարուցվել են քրեական գործեր, սակայն կարճ ժամանակ անց կարճվել են, իսկ գործը վերահսկող դատախազները հաստատել են քրեական գործերի կարճման օրինականությունը:

Սակայն հետագայում, երբ այդ կարճման որոշումներից մեկը բողոքարկվել է դատարաններում, պարզվել է, որ քննիչը չի կատարել օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն: Տվյալ գործը վերադարձել է նախաքննության փուլ, եւ մենք լիահույս ենք, որ գոնե այս նամակի հրապարակումից հետո դատախազությունը չի շարունակի աչք փակել կամ գուցե եւ հովանավորել մի քանի ընտանիքների կողից վաշխառության մեջ մեղադրվող անձանց եւ պատշաճ կերպով վերահսկողություն կսահմանի նախաքննական մարմնի նկատմամբ:

Մեկ այլ գործով, դատախազությունը դարձյալ աչք է փակել ոչ օբյեկտիվ եւ բազմակողմանի իրականացված քրեական գործի նկատմամբ, որը դարձյալ վերաբերում է վերոնշյալ զույգին: Այս պարագայում վերջիններիս կամքը իրականացնող (ամենեւին ոչ դատական ակտը, քանի որ նման ակտ գոյություն չունի) Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները բռնության էին ենթարկել անձամբ ինձ եւ 75-ամյա տարեց կնոջը՝ չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, որը եւս կարճվել է եւ կարճման օրինականությունը կրկին հաստատվել է դատախազության կողմից:

Ավելի քան զարմանալի է, որ գործը ստուգող դատախազը չի նկատել, որ Հատուկ քննչական ծառայության քննիչը գործը կարճել է առանց որեւէ առերես հարցաքննություն իրականացնելու, թեեւ գործում բազմաթիվ են հակասությունները: Ավելին, դատախազն իբր չի նկատել, որ մի քանի անձանց տրված բացատրություններն ու ցուցմունքները գրված են մեկ անձի կողմից, ում թեթեւ ձեռքով էլ այս գործը փակվել է: Կարճման որոշումը եւս բողոքարկվում է դատարանում: Համոզված ենք, որ առաջիկայում այս գործով եւս կապացուցվի դատախազության անգործությունը:

Եվս մեկ փաստ. Հովհաննես Երիցյանն ու նրա շայկան սուտ մատնություն էին կատարել՝ ինձ կեղծ մեղադրանքներ առաջադրելով առանձնապես ծանր հանցագործության մեջ: Գործի քննության ընթացքում Հովհաննես Երիցյանը բառիս բուն իմաստով փախել է ինձ հետ առերես հարցաքննությունից եւ փաստորեն, առանց առերես հարցաքննությունն ավարտելու, քննիչը գործը կարճել է եւ արդեն երրորդ անգամ կարճման օրինականությունը հաստատվել է դատախազության կողմից: Այս գործով եւս ընթանում է դատաքննություն:
Անկախ նրանից, թե դատարանում ինչ որոշումներ կկայացվեն, մեզ համար ակնհայտ է, որ դատախազությունը շահագրգռված չէ Հովհաննես Երիցյան-Արտավազդ Այվազյան զույգին վերաբերող գործերով օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն անցկացնելու մեջ, որի ընթացքում գուցե կբացահայտվեր նաեւ, թե նախկին պաշտոնյան ինչ ճանապարհով է կուտակել մի քանի միլիոն դոլարի հասնող կարողությունը:

Հարգելի պարոն Կոստանյան, հուսով ենք, որ Ձեր կարողություններն ու հեղինակությունը կբավականացնեն, որպեսզի Դուք անձամբ բացահայտեք, թե Ձեր գլխավորած կառույցում ովքեր են հովանավորում վերոնշյալ տխրահռչակ զույգին եւ ստվերում առանց այդ էլ վստահություն չներշնչող ՀՀ գլխավոր դատախազության համբավը: Հակառակ դեպքում մենք կարող ենք օգնել Ձեզ այդ հարցում՝ տալով նաեւ կոնկրետ անձանց անուններ, ովքեր հնարավոր է, որ գործում են Ձեր թիկունքում:

Հ.Գ.– Պատրաստ ենք անձամբ Ձեզ ներկայացնել ինչպես վերոնշյալ գործերի մասով, այնպես էլ բազմաթիվ այլ դրվագներով դատախազության անգործությունն ապացուցող փաստեր եւ փաստաթղթեր:

«Առավոտ» օրաթերթ
21.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728