Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի հանրապետության առաջին երկու հերոսները

Մարտ 06,2015 15:30

Մարտի 5-ը Սպարապետ Վազգեն Սարգսյանի եւ
Հրամանատար Սամվել Բաբայանի ծննդյան օրն է

«Չի կարելի այս պատերազմում պարտվել, հատկապես երբ արդեն հաղթել ես», – նշում էր Վազգեն Սարգսյանը:

Վազգեն Սարգսյանն ակտիվ հասարակական կյանք մուտք է գործել որպես գրող եւ լրագրող, 1985թ. դարձել է Հայաստանի Գրողների միության անդամ։ Ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: 1979-83 թթ. աշխատել է ֆիզկուլտուրայի ուսուցիչ իր հարազատ Արարատ գյուղի միջնակարգ դպրոցում։ Վազգեն Սարգսյանի ստեղծագործություններն ու հոդվածները տպագրվել են «Գրական թերթ», «Հայաստանի աշխատավորուհի» թերթերում, «Գարուն» եւ «Սովետական գրականություն» ամսագրերում:

Սակայն ճակատագիրը նրա համար այլ ընթացք էր նախանշել: 1988-ին, երբ Արարատի շրջանում իրենց մարտական մկրտությունն էին ստանում առաջին կամավորական ջոկատները, Վազգենը այդ ուժերի կազմում մասնակցում էր Երասխի ինքնապաշտպանությանը: Նա հիանալի գիտակցում էր, որ խառնիխուռն ջոկատները հարկավոր էր միավորել մեկ հրամանատարության ներքո, ինչն էլ նշանակում էր ստեղծել բանակի հիմքը, վարել կազմակերպված կռիվ եւ կոփել հաղթանակի կամքը։ 1990թ. սեպտեմբերի 20-ին հռչակվում է հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի պատմական հրամանագիրը՝ Հատուկ գնդի ստեղծման մասին, եւ Վազգենը գործի է անցնում:

«Մեր ճակատագիրը մեր ձեռքերում է։ Յուրաքանչյուր հայ, Մարտակերտից մինչեւ Նոյեմբերյան ու Լոս Անջելես, պիտի իրեն պատասխանատու զգա այս պատերազմի համար ու իմանա, թե հարկ եղած դեպքում ինչ պիտի անի։ Մեր հավաքական կամքն ու դիմադրողականությունը պիտի մեծացնենք, փրկությունը դա է»,-վստահ էր Վազգենը: Իրադարձությունների ընթացքը երկմտելու տեղ չէր թողնում. անհրաժեշտ էր ստեղծել կանոնավոր բանակ։ Եթե ոմանց համար դա անիրականանալի թվացող երազանք էր, քարուքանդ եղած երկրի պայմաններում, ապա Վազգեն Սարգսյանի համար սեփական մաշկը զգալու չափ իրական եւ փայփայելի էր։ Իզուր չէ, որ հետո պիտի ծնվեր թեւավոր մի արտահայտություն՝ բանակը Վազգենի երեխան է:

«Ես խոնարհվում եմ այն 6 հազար զոհված ազատամարտիկների պայծառ հիշատակի առջեւ, ովքեր իրենց արյունով վերագծեցին 12 հազար քառակուսի կիլոմետր տարածքով մեր սահմանները: Մենք բոլորս չհատուցած պարտք ունենք նրանց տալու», – ասում էր Սամվել Բաբայանը:

Սամվել Բաբայանը գոյապայքարի մեջ մտավ Աստծո կամոք: Չունենալով ռազմական կրթություն, երիտասարդն օժտված էր բնատուր տաղանդով, ինչի շնորհիվ կարողացավ մշակել իրավիճակից բխող անխոցելի ռազմավարություն ու մարտավարություն: Նա սկզբից դարձավ պայքարի ընդհատակյա ղեկավարներից, ընդհատակյա կենտրոնական շտաբի անդամ, Ստեփանակերտի կամավորական 2-րդ վաշտի հիմնադիր հրամանատար, Արցախի ինքնապաշտպանական ջոկատների ընդհանուր հրամանատարի տեղակալ: Անժխտելի է, այն հանգամանքը, որ նրա անմիջական հրամանատարությամբ է արձանագրվել հաղթանակի բերկրանքը:

Արցախի համար օրհասական օրերին` 1992 թ. ամռանը, երբ հակառակորդը մի կողմից զավթել էր Շահումյանի շրջանը, Մարտակերտի հիմնական մասը, սպառնալիք ներկայացնելով մայրաքաղաք Ստեփանակերտին, Բաբայանը լինելով 27 տարեկան, ստանձնեց ինքնապաշտպանության ուժերի հրամանատարի պատասխանատու առաքելությունը:

Սամվել Բաբայանն այն քչերից է, ով երբեք չի սիրել խոսել իր կատարած գործերի մասին, չի հանդուրժել անհարկի ականջահաճո մտքեր, սակայն, անգնահատելի է երախտագիտության զգացումը մի մարդու հանդեպ, ով երիտասարդ տարիքում կարողացավ ստեղծել իր ուրույն ձեռագիրը արցախյան հաղթանակների տարեգրության մեջ:

1994 թ. մայիսի 12-ին Սերժ Սարգսյանը եւ Սամվել Բաբայանը ստորագրեցին հրադադարի կարգավիճակը երաշխավորող փաստաթուղթը:

Ի գնահատումն արցախյան ազատամարտում մատուցած անուրանալի ծառայությունների, 1994 թ. մայիսի 28-ին Հայոց առաջին հանրապետության խորհրդանշանական օրը, Ս. Բաբայանին շնորհվել է գեներալ-մայորի կոչում, երբ նա ընդամենը 29 տարեկան էր, իսկ գեներալ-լեյտենանտի կոչում` 1996 թ. սեպտեմբերի 20-ին` Հայաստանի Անկախության օրվա առիթով:

Ծնունդդ շնորհավոր սիրելի Վազգեն, ծնունդդ շնորհավոր սիրելի Սամվել:

ՄԱՐԻՆԵ ԱՎԱՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031