Լրահոս
Օրվա լրահոսը

Արամայիս Գրիգորյանը KfW բանկի պատվիրակության հետ քննարկել է ջրային ռեսուրսների կենտրոնացված համակարգի ներդրման ծրագիրը

Մարտ 09,2015 17:27

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր ընդունել է KfW գերմանական բանկի պատվիրակությանը` ծրագրի ղեկավար Սանդրա Սուարեսին, ներդրումային ծրագրերի տեխնիկական մասնագետ Թոմաս Վոլֆին,  KfW հայաստանյան ներկայացուցիչ Զառա Չատինյանին և բանկի կողմից հրավիրված ջրային ռեսուրսների մասնագետ Քրիստոֆ Քյուլսին:

Կողմերը քննարկել են ՀՀ ջրային ռեսուրսների կենտրոնացված կառավարման համակարգ մշակելու և ներդնելու հարցերը:

Արամայիս Գրիգորյանն, ընդգծելով ՀՀ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման անհրաժեշտությունը, նշել է. «Տարիներ շարունակ ստորերկրյա ջրերի անարդյունավետ օգտագործումը, ոռոգման համակարգում առկա տեխնիկական խնդիրներն ու անբարենպաստ պայմանները բերել են ջրային ռեսուրսների  հսկայածավալ կորուստների, ինչն այսուհետ անհրաժեշտ է բացառել, ուստիև 2014թ. օգոստոսին մենք դիմել ենք  KfW գերմանական բանկին` Արարատյան դաշտավայրում ստորգետնյա ջրային ռեսուրսների ավտոմատ կառավարման, ինչպես ՀՀ ջրային ռեսուրսների կենտրոնացված կառավարման համակարգ մշակելու և ներդնելու խնդրանքով: KfW բանկի կողմից նշանակվել է փորձագետ, ում հանձնարարվել է համակարգի համար մշակել և համապատասխան շահառուների հետ միասին քննարկել հավանական հայեցակարգ: Ես վստահ եմ, որ այս հայեցակարգը դառնալու է այն լավագույն մեկնարկը, որի շնորհիվ մենք կկարողանանք լուծել մեր առջև դրված մարտահրավերը»:

Ծրագրի ղեկավար Սանդրա Սուարեսը նշել է, որ ներկայում քննարկումներ են անցկացվում նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ` Շիրակի մարզի վերգետնյա ջրային ռեսուրսներով Արարատյան դաշտավայրի ջրամատակարարման վերաբերյալ հետագա հավանական ծրագրի շուրջ: Եվ քանի որ երկու գերատեսչությունների խնդիրները փոխկապակցված են միմյանց հետ, ուստի KfW-ի կողմից  առաջարկվում է վերգետնյա և ստորգետնյա ջրային ռեսուրսների կառավարման հարցերը մեկտեղել, ուսումնասիրել և նախագծել առանձին բաղադրիչներով մեկ միասնական ծրագրի շրջանակներում:

KfW բանկի ներկայացուցիչները նշել են, որ ծրագիրը կքննարկվի շահագրգիռ գերատեսչությունների և նախարարության մասնագետների հետ, կարվեն համապատասխան առաջարկություններ և փոփոխություններ, ինչից հետո կտրվի ծրագրի մեկնարկը: Ծրագիրն իրականացվելու է երկարաժամկետ փուլային տարբերակով:

Ծրագրի նպատակն է`

· Մշակել ու իրականացնել վերգետնյա ջրային ռեսուրսների պահեստավորման ու Շիրակի հյուսիսից դեպի Արարատյան դաշտավայր փոխադրման միասնական համակարգ, որը կապված կլինի Արարատյան դաշտավայրում ոռոգման սխեմաների ու պահեստավորման կարողությունների կամ ջրային հորիզոնների պաշարների ավելացման հետ:

· Վերլուծել, մշակել և ուսումնասիրել ջրային պահանջարկները, որոնք առաջացել են կլիմայի փոփոխության, հողօգտագործման և սոցիալ-տնտեսական զարգացման հետևանքով:

· Մշակել մոնիթորինգի համակարգ և պիլոտային վերահսկողության ու տվյալների հավաքագրման համակարգ` ստորգետնյա ու վերգետնյա ջրային ռեսուրսների միասնական կառավարման ու ոռոգման սխեմաների համար:

· Մշակել և իրականացնել վերգետնյա ու ստորգետնյա ջրային ռեսուրսների կայուն կառավարում, որը հիմնված կլինի բնապահպանական ու տնտեսական չափանիշներով կառավարման սկզբունքների վրա:

· Բարելավել Արարատյան դաշտավայրի ստորգետնյա ջրային ռեսուրսների պահպանությունը` նվազագույնի հասցնելով ջրային հորիզոնների արտահոսքը, աղտոտումն ու աղակալումը:

ՀՀ բնապահպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031