Լրահոս
Օրվա լրահոսը

Տարբեր երկրներում կցուցադրվեն Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմեր

Մարտ 13,2015 18:45

«Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հասարակական կազմակերպությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի և ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ մի շարք երկրներում կազմակերպում է թեմատիկ ֆիլմերի ցուցադրություններ՝ «Այլևս երբեք…» խորագրի ներքո:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը:

«Այս ծրագիրը մեզ համար առանձնահատուկ կարևորություն ունի, քանի որ կինոն ամենամատչելի լեզուներից մեկն է, որով հնարավոր է ասելիքը հասցնել մարդկանց: Այս ծրագիրը նաև Հայոց ցեղասպանության թեմայով նկարահանված ֆիլմերը վեր հանելու առիթ է»,- նշեց Ն. Տեր-Վարդանյանը:

Փոխնախարարի խոսքով՝ տարբեր երկրներում «Այլևս երբեք…» ծրագրի իրականացումը կարևոր է ոչ միայն այն առումով, որ մարդիկ կդիտեն ցուցադրվող ֆիլմերը, այլև այդ երկրների մամուլը կանդրադառնա Հայոց ցեղասպանության թեմային՝ ավելի լայնացնելով իրազեկվածության շրջանակը:

«Այլևս երբեք…» ծրագրի համակարգող Րաֆֆի Մովսիսյանի տեղեկացմամբ՝ ծրագրի մեկնարկը տրվել է փետրվարի 24-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում:

Բելառուսի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի ուսանողների համար ցուցադրվել է Կառլա Կարապետյանի «Ճչացողները» ֆիլմը: Ցուցադրությունից առաջ Հայոց ցեղասպանության թեմայով ելույթներով հանդես են եկել պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Լևոն Սարգսյանը և Բելառուսի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Խաչատրյանը: «Այլևս երբեք…» ծրագրի նպատակների և ընթացքի մասին խոսել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն, ՀՀ ժողովրդական արտիստ Հարություն Խաչատրյանը:

Փետրվարի 25-ին Մինսկի «Միր» կինոթատրոնում տեղի է ունեցել «Այլևս երբեք…» ծրագրի պաշտոնական բացման արարողությունը՝ կրկին «Ճչացողները» ֆիլմով: Բացման արարողությանը ներկա են եղել տարբեր երկրների դեսպաններ, այդ թվում՝  Ճապոնիայի, Ռուսաստանի, Ղրղզստանի, Իրանի, Տաջիկստանի դիվանագիտական կորպուսի տարբեր ներկայացուցիչներ, քաղաքական այրեր, մշակութային գործիչներ:

«Բելառուսում ցուցադրվեց լիամետրաժ, կարճամետրաժ և վավերագրական 7 ֆիլմ, այդ թվում՝ Սյուզան Խարտալյանի «Տատիկի դաջվածքները», Ատոմ Էգոյանի «Արարատ», Անրի Վերնոյի «Մայրիկ», Արա Երնջակյանի «Խավարում», Սերժ Ավեդիքյանի «Շների կղզին» ֆիլմերը»,- նշեց Ր. Մովսիսյանը՝ հավելելով, որ «Այլևս երբեք…» ծրագիրն իրականացնելու են երկու փուլով՝ մինչև «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի մեկնարկը և դրանից հետո:

«Այլևս երբեք…» ծրագիրը մարտի 7-ից շարունակվել է Բեռլինի Մաքսիմ Գորկու անվան թատրոնում:

Կինոցուցադրությունների բացման արարողությունից առաջ հայտնի պատմաբան Էլկե Շողիկ Հաթմանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ պատմական ակնարկ: Այնուհետև ցուցադրվել են Օսկար Ափֆելի «Հոշոտված Հայաստան» ֆիլմի պահպանված հատվածը և Սյուզան Խարտալյանի «Տատիկի դաջվածքները» ֆիլմը:

Մարտի 8-ին մեկնարկել է Հարություն Խաչատրյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը: Հրավիրված են եղել նաև կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը և դերասանուհի Արսինե Խանջյանը, որոնք ներկայացրել են վիդեոինստալյացիա՝ նվիրված «Հոշոտված Հայաստան» ֆիլմի գլխավոր դերակատար և սցենարի հեղինակ Արշալույս (Ավրորա) Մարդիգանյանին:

Մաքսիմ Գորկու անվան թատրոնում Հայոց ցեղասպանությանը նվիրված ֆիլմերի ցուցադրությունները կշարունակվեն մինչև ապրիլի 7-ը:

«Այլևս երբեք…» ծրագրի շրջանակներում, մինչև «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի մեկնարկը, ցուցադրություններ տեղի կունենան նաև Բուլղարիայում, Ռուսաստանում, Լեհաստանում, Ֆրանսիայում, Թուրքիայում, Իրանում և Շվեյցարիայում:

Կազմակերպիչների հավաստիացմամբ՝ ցուցադրությունների համար ընտրվել են Հայոց ցեղասպանության մասին պատմող լավագույն խաղարկային և վավերագրական ֆիլմերը: Յուրաքանչյուր երկրի համար կազմվում է առանձին ծրագիր՝ հաշվի առնելով ֆիլմի քաղաքական, մշակութային և գեղարվեստական առանձնահատկությունները:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031