Լրահոս
Օրվա լրահոսը

Արեւմտահայերի ազգային համագումարը Թուրքիայից պահանջում է անմիջապես բացել Հայաստանի հետ սահմանը

Ապրիլ 04,2015 16:25

Արեւմտահայերի ազգային համագումար միջազգային հասարակական կազմակերպությունը հաշվետվություն է պատրաստել Հայոց ցեղասպանության եւ արեւմտահայերի իրավունքների քաղաքական, իրավական եւ պատմական նկատառումների մասին: Այդ ուսումնասիրությունը ներկայացվել է չորրորդ համագումարի ընթացքում, որը տեղի է ունեցել մարտի 28-29 Փարիզում:

«Հաշվետվության հիմնական գաղափարն այն է, որ մենք շարունակելու ենք բնակվել մեր հայրենիքում: Մեր հայրենիքը գտնվում է տարբեր երկրների տարածքներում, հիմնականում՝ Թուրքիայում, մենք ընդամենը հայտարարում ենք մեր կամքը, որ ուշ թե շուտ շարունակելու ենք մեր կյանքը մեր հայրենիքում: Սա արեւմտահայության ամենակարեւոր խնդիրն է, սրանից դուրս մնացած բոլոր հարցերը սրա բաղադրիչներն են»,- ապրիլի 4-ին «Հայք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Արեւմտահայերի ազգային համագումար միջազգային հասարակական կազմակերպության խորհրդի անդամ Սեւակ Արծրունին:

Նա հավելեց, որ փաստաթուղթն ընդունվել է 1 դեմ, 99 կողմ ձայներով. «Մեր վերջնաարդյունքն այն է, որ մենք չենք հրաժարվում հայրենիք վերադառնալուց, երբեք չենք հրաժարվել եւ այդ քաղաքական կամքն այսօր մենք վերականգնում ենք»:

Պարոն Արծրունին նշեց, որ իրենց կարեւոր պահանջներից մեկն այն է, որ Թուրքիան անմիջապես պետք է բացի Հայաստանի հետ սահմանը. «Եթե Հայաստանի սահմանը փակ է, ապա ուրեմն՝ սահմանից այն կողմ որպես հայ ապրելու մասին ինչպե՞ս կարելի է մտածել: Առաջին քայլը սահմանը բացելն է»:

Հռչակագիրը Ֆրանսիայի դեսպանը փոխանցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930