Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Նազարյան. «Դոլար-դրամի փոխարժեքի այս կտրուկ տատանումը խնդիրներ է առաջացրել համակարգում». «Ժողովուրդ»

Ապրիլ 15,2015 11:28

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ էլեկտրաէներգիայի թանկացման հետ կապված որեւէ հստակ տեղեկատվություն չի կարող տրամադրել, բայց կարող է ասել, որ, իսկապես, դոլար-դրամ փոխարժեքի կտրուկ փոփոխության արդյունքում ընկերությունները վնասով են աշխատում։

 – Պարոն Նազարյան, արդեն հայտնի է, որ ՀԷՑ-ը դիմելու է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ էլեկտրաէներգիան 6 դրամով թանկացնելու համար։ Ինչպե՞ս եք արձագանքելու այդ հայցին, արդյոք Դուք կարծո՞ւմ եք, որ կրկին պետք է բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը։

– Մենք որեւէ հայց որեւէ ընկերությունից չենք ստացել, որպեսզի կարողանանք մեր դիրքորոշումը հայտնել։ Քանի որ սակագինը բազմագործոն եւ բազմաբնույթ է, մենք չենք կարող միայն ՀԷՑ-ի ցանկություններով շարժվել։ Կստանանք հայցը, իսկ երբ հայցը ստացանք, բոլորդ էլ կիմանաք, որովհետեւ հայցի ձեւ կա, պետք է նախօրոք 3 բազմատիրաժ թերթերում հայցի մասին հայտարարություն տալ եւ գրել նաեւ իրենց համար ընդունելի սակագնի բարձրացման մասին տեղեկությունը։ Իսկ դրանից հետո մեզ 60 օր ժամանակ է տրվում, որպեսզի այդ ամբողջը վերլուծենք, ուսումնասիրենք ու կարողանանք հանրությանը պատասխանել։ Ուստի, եթե հիմա ես Ձեր հարցին պատասխանեմ, կա՛մ կիսատ կլինի, կա՛մ թերի, ինչը չեմ ցանկանում անել՝ ավելորդ աժիոտաժից խուսափելու համար։

– Բայց տեսնելով Հայաստանում տիրող իրավիճակը, երբ ժողովուրդն ապրում է ծայրահեղ ծանր սոցիալական պայմաններում, Դուք ինչպիսի՞ դիրքորոշում ունեք։ Ի վերջո, Դուք նախ եւ առաջ հանրության, սպառողների տեսակետն ու շահը պետք է պաշտպանեք, չէ՞։

– Մենք ունենք օրենքով վերապահված գործառույթների որոշակի շրջանակ, որը ենթադրում է առաջին հերթին լիցենզավորված ընկերությունների ֆինանսական կայունության ապահովում, երկրորդը՝ մեր սպառողների շահերի պաշտպանություն, ու մենք էլ պետք է այդ երկուսը համադրելով՝ կարողանանք հավասարակշռված որոշում կայացնել։

Թե ինչպիսին կլինի այդ որոշումը, ես այսօր որեւէ բան ասել դժվարանում եմ, որովհետեւ, այո՛, կան խնդիրներ, որոնք կարող են, դոլար-դրամի փոխարժեքի այս կտրուկ տատանումը խնդիրներ է առաջացրել համակարգում, ու նախորդ տարվա նոյեմբերից մեծ վնասներով են աշխատում ընկերությունները, ոչ միայն ՀԷՑ-ը, այլ նաեւ ջերմային կայանները, ատոմակայանը, որոնք ունեն դոլարային պայմանագրեր՝ մեկը միջուկային վառելիքի մասով, մյուսը գազի ներկրման մասով։ Սրանք խնդիրներ են, որոնք պետք է վերլուծել, գնահատել ու հասկանալ։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930