Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորները գործուղումների են. արտահերթն ուշանում է

Ապրիլ 17,2015 15:30

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հայտարարության տեքստին ՎՍԴՀԿ-ն ու Ժողովրդական կուսակցությունը «կողմ» կքվեարկեն

Անցած քառօրյայում քննարկվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ԱԺ հայտարարության նախագիծը, որը պատգամավորները չհասցրեցին քվեարկել: Կանոնակարգով այն քվեարկության պետք է դրվի հաջորդ քառօրյայում: Բայց քանի որ հաջորդ քառօրյան լինելու է ապրիլի 24-ից հետո, ենթադրվում էր, որ հայտարարության տեքստը ԱԺ խորհրդարանը կընդունի արտահերթ նիստով: Դեռ մի քանի օր առաջ «Ժառանգություն» խմբակցությունը նամակով դիմել էր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ մինչեւ ապրիլի 24-ն արտահերթ նիստ հրավիրելու եւ հայտարարության տեքստն ընդունելու համար: «Առավոտի» հետ զրույցում «Ժառանգության» պատգամավոր Թեւան Պողոսյանն ասաց, որ իրենք չեն գնացել պատգամավորների 1/3-ով արտահերթ նիստ հրավիրելու ճանապարհով, քանի որ դա այս պարագայում երկար ու ձեւական ընթացակարգ ենթադրող քայլ է: Այդ դեպքում պետք է նախագիծ ներկայացվեր, բայց հայտարարության տեքստն արդեն իսկ քննարկվել է եւ այլն: Ուստի, ապավինելով քաղաքական մեծամասնության բանականությանը, դիմել են ԱԺ նախագահին. «Դա նաեւ քաղաքական մեծամասնության գիտակցության մեջ պետք է լինի, որ մինչեւ 24-ը հայտարարության տեքստը քվեարկվեր, ոչ թե 27-ից հետո»:

Գալուստ Սահակյանից դեռ արձագանք չկա: Այսօր էլ ԱԺ նախագահը մեկնում է Սանկտ Պետերբուրգ: Թեւան Պողոսյանը հույս ունի, որ Սանկտ Պետերբուրգից վերադառնալուց հետո ԱԺ նախագահը կնախաձեռնի արտահերթը: Թե ինչո՞վ է պայմանավորված քաղաքական մեծամասնության այս դանդաղկոտությունը, մանավանդ, որ հայտարարության տեքստի քննարկումների ժամանակ ՀՀԿ-ական պատգամավորներն իրենք էին խոսում այն մասին, որ այլ երկրների խորհրդարանների կողմից Ցեղասպանության ճանաչման, դատապարտման, Ցեղասպանության մերժումը քրեականացնելու ֆոնին Հայաստանի խորհրդարանը պարտավոր է դիրքորոշում հայտնել՝ «Առավոտի» հարցին «Ժառանգության» պատգամավորը պատասխանեց, որ այս օրերին, կապված 100-ամյակի տարելիցի միջոցառումներով, հանդիպումների ու գործուղումների հագեցած օրակարգ է, ու, հավանաբար, դա է պատճառը: Բայց համաձայնեց մեր դիտարկմանը, որ Վատիկանում մատուցված պատարագից ու Հռոմի պապի հայտարարություններից հետո հայոց խորհրդարանի կողմից նման հապաղումը, մեղմ ասած, ամոթալի է:

«Առավոտը» ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից փորձեց ճշտել «արտահերթի ճակատագիրը»: Արսեն Բաբայանն ասաց, որ ԱԺ նախագահը ստացել է «Ժառանգության» գրությունը: Բայց պատգամավորների ստորագրությունների 1/3-ն այս պահին դեռ չի ապահովվել, քանի որ պատգամավորների մեծամասնությունը տարբեր գործուղումների են: Արտահերթ հրավիրելու այլ ընթացակարգ էլ չկա: Նա նաեւ հավելեց՝ սա այն հարցն է, որ ցանկալի է միաձայն ընդունվի, ուստի ԱԺ նախագահն այս պահին նպատակահարմար չի գտնում արտահերթ անցկացնել:
Ի դեպ, հարցի խորհրդարանական քննարկումներում ՀԱԿ խմբակցության ղեկավարը «դեմ» արտահայտվեց Հայաստանի խորհրդարանի կողմից նման հայտարարության ընդունմանը: ՀԱԿ-ում, սակայն, այս հարցում տեսակետները տարբեր են: Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունը եւ Ժողովրդական կուսակցությունը «կողմ» են քվեարկելու հայտարարության տեքստին: «Առավոտի» հետ զրույցում ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն իր կուսակցության որոշումն այսպես բացատրեց. «Հնչակյան կուսակցության գաղափարախոսության հիմքում պահանջատիրությունն ու Ցեղասպանության ճանաչումն է. ես չեմ կարող «դեմ» քվեարկել այդ հայտարարությանը եւ, բնականաբար, միանալու եմ այն բոլոր պատգամավորներին, ովքեր «կողմ» են քվեարկելու: Ավելին՝ իշխանության օրակարգում կարծես ինչ-որ ծրագրային ցանկ կա, որով առաջ են գնում: Միգուցե Հռչակագիրը մեզ համար սկզբնական շրջանում անընդունելի էր, հատկապես, որ վտանգները ես տեսնում եմ եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի մտահոգությունները կիսում եմ: Այնուհանդերձ, Վատիկանում մատուցված պատարագը ինձ հանգեցրեց նրան, որ մշակված ծրագիր, քայլերի հաջորդականություն կա, որն իշխանությունը փորձում է կյանքի կոչել: Փառք Աստծո, որ գոնե այս հարցում ինչ-որ հետեւողականություն փորձում են դրսեւորել»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Զրույցի այլ մանրամասները՝
վաղվա «Առավոտում»:

«Առավոտ» օրաթերթ
16.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930